Լոզանի պայմանագիրը կվերանայվի՞. Իսրայելը սլաքներն ուղղում է Թուրքիայի վրա...

Իսրայելը, ըստ երեւույթին, դուրս է եկել իր սահմանների հաստատման եզրագիծ, Մերձավոր Արեւելքում նոր իրավիճակի համատեքստում: Դոնալդ Թրամփը «հեղափոխական» լուծումներ է խոստացել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում:

Տեւական հակամարտությունների վերջնական լուծման համար որպես կանոն երկու բան է պետք՝ էսկալացիա, որի ժամանակ կարելի է «հրով» գծել վերջնական սահմանները, եւ միջազգային կոնսենսուս, որը վավերացնում է նոր սահմանները: Իսրայելի նոր սահմանների հաստատման համար, ինչպես նշում են փորձագետները, հարկ է լինելու վերանայել Լոզանի պայմանագիրը, որը ստորագրվել է 100 տարի առաջ:

Էսկալացիան արդեն սկսվել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմամբ: Իր հերթին, Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի անգամ տագնապով հայտարարել է Լոզանի պայմանագրի վերանայման մասին: Մնում է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ պայմանավորվի, որը «կերաշխավորի», որ գործընթացն առանց բարդությունների ու անջատ պայմանագրերի լինի:

Հատկանշական է, որ Իսրայելը սլաքները հենց Թուրքիայի դեմ է ուղղում: Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը կիրակի օրը կոչ է արել վերանայել Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները: Մասնավորապես, Լիբերմանը նշել է, որ դեմ է Իսրայելից Թուրքիայով դեպի Եվրոպա գազամուղի շինարարությանը:

Նա նաեւ զգուշացրել է, որ իրավիճակը, երբ Իսրայելի բանակը գրեթե ամեն օր ստիպված է կետային պատասխան հարվածներ հասցնել Գազայի հատվածից հրթիռների արձակմանը, այլեւս չի շարունակվելու:

«Պինգ-պոնգ խաղն այլեւս չի լինելու: Հաջորդ շաբաթը ցույց կտա, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Ինչ վերաբերում է Համաս ահաբեկչական կազմակերպությանը, որին ակտիվորեն աջակցում է Թուրքիան, պետք է ուշադիր հետեւել, թե ինչ կլինի հաջորդ շաբաթ», գրել է Լիբերմանը՝ նշելով, որ Իսրայելը պատրաստ է ցանկացած սցենարի:

Ի՞նչ տեղի կունենա այս շաբաթ, ի՞նչ իրադարձությունների է սպասում Լիբերմանը: Ի՞նչ դեր է խաղում Ռուսաստանը, որին ԱՄՆ-ն օգնել է կանխել Սանկտ Պետերբուրգում ծրագրված ահաբեկչությունը:Շատ քաղաքագետներ, վերլուծելով Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում, ենթադրում են, որ Ռուսաստանը ցանկանում է մասնակցել «նոր Յալթային», սակայն «Յալթան» որոշել է Եվրոպայի սահմանները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այդ սահմանները եւ դասավորությունը փոխվել են ԽՍՀՄ փլուզումից հետո, եւ այն սահմանվել է ոչ թե «Յալթայով», այլ ուրիշ պայմանագրերով:

Ինչ վերաբերում է Մերձավոր Արեւելքին, Թուրքիայի սահմանները նախկին օսմանյան գաղութների հետ որոշվել են 1923 թվականի Լոզանի պայմանագրով: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն ստորագրել Լոզանի պայմանագիրը եւ այժմ երեւում է Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ փորձում է «նոր Լոզանի» մասնակից դառնալ: Ի դեպ, Լոզանի պայմանագիրը որոշում է Թուրքիայի սահմանները բոլոր հարեւանների հետ, բացառությամբ ԽՍՀՄ-ի: Այդ սահմանները Թուրքիան ու Ռուսաստանն առանձին պայմանագրով են որոշել:

Նոր «Լոզանը» վերաբերելու է ոչ թե Եվրոպային, այլ Մերձավոր Արեւելքին, այդ թվում՝ Թուրքիային: Գործող պայմանագրով Թուրքիան կարողացել է հասնել նրան, որ Թուրքիայի տարածքում «հայկական ազգային օջախ» չստեղծվի: Նոր Լոզանի շրջանակում կվերանայվե՞ն Թուրքիայի եւ Հայաստանի սահմանները:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am