ՌԴ նախագահ Պուտինը դեկտեմբերի 11-ին անսպասելի այց է կատարել Սիրիա, որտեղ այցելելով ռուսական ռազմակայան՝ տվել է ռուսական խմբավորումը Սիրիայից դուրս բերելու հրաման: Պուտինն այդ մտադրության մասին հայտնել էր շաբաթներ առաջ, երբ Սոչիում ընդունեց Սիրիայի նախագահ Ասադին եւ հայտարարեց ռազմական օպերացիան հաջողությամբ ավարտելու եւ Սիրիան այդպիսով փրկելու մասին:
Հետաքրքիր է երկու հանգամանք՝ Պուտինն Ասադին ընդունել էր նույն Սոչիում Թուրքիայի նախագահ Էրդողանին ընդունելուց մի քանի օր առաջ: Այժմ էլ Պուտինը Սիրիա է մեկնում Անկարա այցելելուց առաջ: Սոչիում նա փաստորեն վատ լուր էր հաղորդել Էրդողանին, ինչպես հետո խոստովանեց Թուրքիայի նախագահը, առնվազն Արցախի մասով: Պուտինը նրան հայտնել էր, թե պետք չէ ունենալ «շրջանների վերադարձի» հույս:
Ի՞նչ վատ լուր է ՌԴ նախագահը Էրդողանին հայտնելու այս անգամ, Սիրիայից մեկնելով Անկարա: Ընդ որում, Սոչիում Պուտինն Ասադին ընդունեց ԱՄՆ նախագահ Թրամփի հետ համատեղ հայտարարությունից հետո, որ եղավ Սիրիայի վերաբերյալ: Ըստ ամենայնի, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը առնվազն միջանկյալ համաձայնությամբ փակեցին Սիրիայի հարցը, այն էլ կարծես թե փաթեթով՝ ԱՄՆ ճանաչեց Սիրիայում Ռուսաստանի ռազմարշավի արդյունքը, Ռուսաստանն էլ դրա դիմաց ճանաչում է Երուսաղեմը ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի որոշումը:
Իհարկե, Մոսկվան հրապարակայնորեն դա չի արել, սակայն հատկանշական է, որ չափազանց զուսպ է «դժգոհել» Թրամփի որոշումից: Ընդ որում, կան նշաններ, որ խնդրի շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունը տեղի է ունեցել տեւական ժամանակ, ընդ որում նաեւ զուգահեռ՝ հայ-իսրայելական ֆորմատով, դեռեւս ամռանից, երբ Հայաստան այցելեց Իսրայելի տարածքային գործակցության նախարարը, հետո Սոչիում Պուտինը նույն օրը իրար հետեւից հանդիպեց Իսրայելի վարչապետի, հետո Սերժ Սարգսյանի հետ: Նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարարի այցն Իսրայել:
Վերջին հաշվով, Երուսաղեմի հայկական ներկայությունը պատմա-քաղաքական առանցքային տարր է, որը հնարավոր չէ հաշվի չառնել քաղաքի շուրջ աշխարհքաղաքական զարգացումներում: Իսկ խնդիրն անկասկած վերաբերում է ոչ միայն Իսրայելի նկատմամբ ԱՄՆ դաշնակցային դիրքորոշմանը, այլ մերձավորարեւելյան տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության նոր փուլին, որը Երուսաղեմի ճանաչումից դեռեւս մեկուկես ամիս առաջ ազդարարել էր ԱՄՆ փոխնախագահ Փենսը, հայտարարելով, որ ԱՄՆ տարածաշրջանի քրիստոնեական համայնքների պաշտպանն է եւ նրանց աջակցության հարցում կձեռնարկի ինքնուրույն քայլեր, որովհետեւ ՄԱԿ խողովակով օժանդակությունն արդյունավետ եւ անվտանգ չէ:
Իրավիճակը տարածաշրջանում գործնականում զարգանում է այնպիսի ակնառու տրամաբանությամբ եւ հաջորդականությամբ, որ դրա միայն տեսանելի մասն էլ ինքնին բավական է Թուրքիայի նախագահի համար որպես վատ լուր: Բայց իրադարձությունների ստորջրյա հատվածում ամեն ինչ անկասկած շատ ավելի բարդ ու բազմաշերտ է:
Բանն այն է, որ Սիրիայի ռուսական ռազմարշավը գլխավոր հարվածը հասցրեց Թուրքիային, գործնականում թույլ չտալով, որ Անկարան վերցնի Սիրիան՝ օգտվելով այնտեղ առկա իրավիճակից: Մեծ հաշվով, ԱՄՆ համար կարեւոր էր հենց այդ հանգամանքը, որպեսզի Թուրքիային սիրիական ուղղությամբ զսպի Ռուսաստանը:
Էրդողանը փորձում է մնալ արեւմտյան քաղաքականության ուղեծրից անկախ, սակայն Անկարան ի վիճակի չեղավ գծել սեփական ուղեծիրը, նրան հմտորեն զսպեցին Ռուսաստանով, եւ այլընտրանք մնացել է կամ արեւմտյան ուղեծիր վերադառնալը, կամ ռուսական ուղեծրում հայտնվելը:
Խոշոր հաշվով, Ռուսաստանն ինքն արեւմտյան ուղեծրում է, եւ չնայած կոշտ դիմակայության շարունակությանը, մի շարք քայլեր հուշում են, որ Մոսկվան անկասկած հասկանում է համադրության եւ պայմանավորվածության նվազագույն կետերի անհրաժեշտությունը, որոնցից մեկն էլ կարող է դիտարկվել Հայաստանն ու հայկական ներկայությունը Երուսաղեմում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am