Նեթանյահուն հնչեցրել է Արցախի ճանաչման մոդուսը. ե՞րբ է գալու պատմական պահը...

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ասել է, թե խաղաղությունը հիմնվում է իրականությունը ճանաչելու վրա: Դա այն է, որ Երուսաղեմն է Իսրայելի մայրաքաղաքը: «Դա հայտնի է բոլոր նրանց, ովքեր այցելում են Իսրայել, տեսնում են, թե որտեղ է խորհրդարանը, կառավարությունը, նախագահի և վարչապետի գրասենյակները»,- ասել է Իսրայելի վարչապետը:

Սկզբունքորեն Նաթանյահուն առաջինը չէ, ով նման տեսակետ է արտահայտել, սակայն Իսրայելի վարչապետը թերևս ամենահստակն է բանաձևել խաղաղության և «դե ֆակտոյի» հիմքով հակամարտության կարգավորման այսպես կոչված, փաստաթղթավորման կապը:

Սկզբունքորեն նույն փիլիսոփայությունն է դրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարության հիմքում: Թրամփն ինչ-որ տեղ օբյեկտիվ է, երբ զարմանում է, երբ իրեն քարկոծում են ակնհայտ իրականությունն

ամրագրելու համար: Երուսաղեմը Իսրայելի վերահսկողության տակ է արդեն հիսուն տարի. Սուրբ քաղաքի կարգավիճակի հարցն առանցքայինն է իրսյելա-պաղեստինյան բանակցություններում և թերևս անլուծելի, որովհետև գործնականում գրեթե անհնար է, որ այս խնդրում ներդաշնակվեն հակամարտության կողմերի տրամագծորեն տարբեր դիրքորոշումները:

Բանակցությունները մտել էին փակուղի և անհրաժեշտ էր ինչ-որ քայլ, իրավիճակի լեգիտիմացում` դրանք առաջ մղելու, սայլը տեղից շարժելու համար: Եթե բանակցություններն իրական հիմք չունեն և կառուցված են տեսական վարկածների շուրջ,

ապա դատապարտված են ձախողման` նոր պատերազմի ռիսկերով: Նույն պատկերն է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում:

Ռեալ պոլիտիկի հարթության վրա Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները Արցախի կարգավիճակի հարցում երբեք չեն կարող գալ փոխզիջումային կետի, եթե նույնիսկ բանակցությունները շարունակեն ևս երկու տասնամյակ կամ միջնորդների կողմից մշակվեն կարգավորման տասնյակ տարբերակներ:

Հայ-ադրբեջանական բանակցությունների առանցքային հարցը վերաբերում է ԼՂՀ կարգավիճակին և դրանք հայտնվելու են անխուսափելի փակուղում, եթե հակամարտության կողմերը կամ միջնորդներն` իրականությունը, փաստերը ճանաչելու փոխարեն, հիմնվեն դոգմատիկ կարծրատիպերի, իրենց կենսունակությունը կորցրած բանաձևերի վրա:

Խաղաղությունը հիմնվում է իրականությունը ճանաչելու վրա` միանգամայն դիպուկ և հստակ ձևակերպել է Նաթանյահուն և այդ բանաձևը վերաբերում է նաև ԼՂ խնդրի կարգավորմանը: Իսկ իրականությունն այն է, որ Արցախը անկախ պետություն է արդեն շուրջ երեք տասնամյակ, ընդ որում` ոչ միայն ֆասադային առումով :

Նաթանյահուն ձևակերպել է հակամարտությունների կարգավորման և խաղաղության հաստատման նոր բանաձև: Համաշխարհային նոր համատեքստն ավելի իրական է դարձնում Արցախի միջազգային ճանաչման հեռանկարը: Պատմական հայտարարությունը կհնչի, եթե մեր դիվանագիտության ջանքերը դառնան նպատակային` համահունչ համաշխարհային համատեքսին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am