Էրդողանի հետ Պուտինի երրորդ հանդիպումը «աքլորականչից» հետո...

Ռուսաստանի նախագահ Պուտինը նախօրեին անսպասելի այցով ժամանելով Սիրիա և մեկնելով այնտեղ ռուսական ռազմակայան՝ հայտարարել է, որ Ռուսաստանը սկսում է զորքը Սիրիայից դուրս բերել: Այս մտադրությունը Պուտինն ավելի վաղ հայտնել էր մի քանի շաբաթ առաջ Սոչիում ընդունելով Սիրիայի նախագահ Ասադին: Ռուսաստանը հայտարարում է, որ փրկել է Սիրիան և ջախջախել «Իսլամական պետությանը»: Իհարկե, ինչքանով են այս հայտարարությունները համապատասխանում իրականությանն ամբողջապես, դժվար է ասել, բայց անկասկած է, որ Ռուսաստանը փրկեց Ասադի իշխանությանը:

Ընդ որում՝ միևնույն ժամանակ հնարավոր է արձանագրել, որ Արևմուտքն էլ իր հերթին, այսպես ասած, ընդունեց այդ իրողությունը: Սիրիայի հարցով շաբաթներ առաջ Թրամփ-Պուտին հայտարարությունը, ըստ էության, դրա վկայությունն է: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համաձայնության են գալիս Սիրիան, այսպես ասած, «կոնսերվացնելու» հարցում, քանի որ ակնհայտ է, որ այնտեղ, անշուշտ, իրավիճակը դեռ երկար կշարունակի ծխալ, ինչպես նաև դեռ կպահանջվի քաղաքական ձևաչափի մշակում, ինչը, անկասկած, զերծ չի լինի ազդեցության միջամտություններից, որոնք կարող են բորբոքել և ծուխը վերածել կրակի:

Բանն այն է, որ ամերիկա-ռուսական հնարավոր համաձայնությունից, անկասկած, դժգոհ են թե՛ Թուրքիան, թե՛ Իրանը: Ավելին՝ այդ երկու երկրները գուցե իրենց համարում են, այսպես ասած, «գցված», հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի հետ սկսել էին սիրիական հարցում գործակցության եռակողմ ձևաչափ՝ Աստանայի գործընթացը, որը, սակայն, Մոսկվայի համար կարծես թե կորցնում է հրատապությունը՝ ԱՄՆ հետ հնարավոր պայմանավորվածության ֆոնին: Ըստ որում՝ հետաքրքրական է, որ Պուտինն այս ընթացքում, Թրամփի հետ հայտարարությունից հետո երկու անգամ հանդիպել է Էրդողանի հետ Սոչիում, մեկ անգամ եռակողմ՝ նաև Իրանի նախագահի հետ ֆորմատով, և նաև տեղի է ունենալու երրորդ հանդիպումն Անկարայում:

Դժվար է ասել՝ Պուտինը ստացել է դիրքային առավելություն և որոշակիորեն փորձում է ճնշե՞լ Էրդողանին ու ինչ-որ բան կորզել, թե՞ փորձում է Թրամփի հետ համաձայնությունից հետո Էրդողանին համոզել, որ չնեղանա: Եթե առաջին դեպքն է, ապա այս պարագայում, իհարկե, իրավիճակը Հայաստանի համար նպաստավոր է, իսկ հակառակ դեպքում, իհարկե, կա վտանգ, որ համոզելու ռեսուրս կդիտվեն հայկական շահերը: Դատելով Սոչիում Պուտինի հետ հանդիպումից օրեր անց Էրդողանի հայտարարությունից, որ Պուտինը հույս չի տվել

Արցախի խնդրում տարածքների վերադարձի կապակցությամբ, գործ ունենք առաջին տարբերակի հետ՝ Պուտինը փորձում է օգտագործել ԱՄՆ հետ որոշակի համաձայնությունը Թուրքիային, այսպես ասած, ճնշելու համար: Այստեղ, սակայն, շատ կարևոր է, որ իրավիճակի, մթնոլորտի ընդհանուր նպաստավորությամբ հանդերձ, Հայաստանը չդառնա գործիք Թուրքիային ճնշելու հարցում: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում թե՛ մանրադրամ, թե՛ գործիք լինելը ռուս-թուրքական հարաբերություններում:

Անկասկած, այդ հարաբերություններում Ռուսաստանի առավելությունը համապատասխանում է Հայաստանի շահին, անվտանգության խնդիրներին: Սակայն այդ իրավիճակը կարևոր է օգտագործել Թուրքիայի հանդեպ նաև Հայաստանի առավելություն ձեռք բերելու համար՝ դա վերածելով նաև Ադրբեջանի նկատմամբ դիվանագիտական-քաղաքական առավելության: Իսկ դրա համար կարևոր է Ռուսաստանի ձեռքին Թուրքիային

ճնշելու գործիք չդառնալը: Իհարկե, կարևոր է ընդհանրապես որևէ ձեռքին Թուրքիայի գործիք չդառնալ, տվյալ պարագայում, սակայն, խոսքն այն մասին է, որ կարող են գործել Մոսկվայի ազդեցության, այսպես ասած, լծակներն ու հայկական հանրույթի միֆական, կարծրատիպային մոտեցումները:

Բանն այն է, որ այստեղ կա շատ նուրբ մի հանգամանք՝ Ապրիլյան պատերազմը Հայաստանի հանրությունում կոտրեց «միակ դաշնակցի» մասին մի շարք կարծրատիպեր և միֆեր՝ դրանից ազատելով Հայաստանի հասարակությանը և ինչ-որ իմաստով այդպիսով նաև

նպաստելով հենց հայ-ռուսական միջպետական հարաբերության առողջացման միտումներին: Պետք չէ թույլ տալ, որպեսզի ռուս-թուրքական հարաբերության որոշակի ռեժիմը դառնա հայկական հանրությանը վերստին միֆական ընկալումների դաշտ վերադարձնելու «խայծ»: Հատկապես, որ Ռուսաստանում, մեղմ ասած, առկա են դրանով խիստ շահագրգռված իշխանական, տնտեսական, քաղաքական մի շարք շրջանակներ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am