Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանի Հանրապետության անկախացումն իր դրական նորամուծությունների հետ մեկտեղ առաջ բերեց արտերկրից կրկնօրինակած մի շարք արատներ, ինչպիսիք են մարմնավաճառության և թմրամոլության տարածումը:
Այս չարիքները ներխուժեցին հասարակության առօրյա, հետզհետե խեղաթյուրելով հասարակության բարոյական կերպարը և դառնալով սովորական երևույթներ: Փլուզմանը հաջորդած ՀՀ սահմանների բացումը և բարիդրացիական հարաբերությունների կերտումը արտասահմանյան երկրների հետ հնարավորություն տվեցին ՀՀ որոշ քաղաքացիների եկամտաբեր աշխատանք փնտրել արտերկրներում:
Վերջիններս արտերկիր էին մեկնում հիմնականում առևտրային գործունեություն ծավալելու նպատակով, սակայն գտնվեցին նաև այնպիսիք, ովքեր չկարողանալով արդյունավետ կազմակերպել իրենց գործունեությունը, կամ բարոյականությունից բարձր դասելով նյութական շահը, արտերկրում սկսեցին զբաղվել մարմնավաճառությամբ:
Այն ավելի հեշտ և անհամեմատ եկամտաբեր գործունեություն էր՝ ինչը դրդեց ոմանց, չբավարարվելով սեփական մարմնավաճառության եկամուտներով, շահադիտական նպատակով հավաքագրել և արտերկիր պոռնկության փոխադրել նաև իրենց հարևաններին, ծանոթներին` երբեմն նույնիսկ հարազատներին: Պատահական չէ, որ ՀՀ-ից թրաֆիքինգ իրականացնողները հիմնականում կանայք են, որոնք իրենց արտագնա գործունեությունը սկսել են որպես առևտրականներ, իսկ նպատակակետ երկրները Թուրքիան, ԱՄԷ-ն այն երկրներն են, որոնք բարենպաստ են առևտրային գործունեություն ծավալելու համար:
Փաստացի, մարդկանց թրաֆիքինգ իրականացնողների վերաբերյալ տեղեկությունները իրավապահ մարմիններում ստացվեցին 1994 թ.-ից ի վեր, սակայն այդ ժամանակ դեռ գործածման մեջ չէր թրաֆիքինգ հասկացությունը և ՀՀ իրավապահ մարմինները նմանեցնելով այդ արարքը կավատություն հանցատեսակին, պատասխանատվության էին ենթարկում թրաֆիքինգ իրականացնողներին ՀՀ քրեական օրենսգրքի կավատությամբ զբաղվելու համար նախատեսված հոդվածով, որը պատիժ էր սահմանում ազատազրկման ձևով առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Հոդվածի պատժաչափը բնականաբար չէր արտացոլում արարքի ծանրությունը, բացի այդ, դատարանում հաշվի էր առնվում այն հանգամանքը, որ հանցագործություն կատարողները կանայք էին, անչափահաս երեխայի խնամակալ, ինչը հնարավորություն էր տալիս ձերբակալված թրաֆիքինգ իրականացնողներին կարճ ժամանակ անց հայտնվել ազատության մեջ և շարունակել իրենց հանցավոր գործունեությունը՝ թեև իրավապահ մարմիններն ի սկզբանէ առանձին ուշադրության էին արժանացնում հենց այստեսակ կավատության դեպքերի բացահայտումը, որոնք հաշվետվություններում տարանջատվում էին որպես արտագնա կավատության դեպքեր: