Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում “РТР-Беларусь” հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Եվրամիության անդամ որոշ երկրներ ցանկանում են Արևելյան գործընկերությունը օգտագործել «հակառուսական նպատակներով»: Իհարկե, Լավրովը «մեծահոգաբար» ասել է, որ Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի հավատարմության հարցում կասկածներ չունի:
Սա այն դեպքն է, որ չգիտես` Լավրովի ասածի վրա ուրախանա՞ս, թե՞ տխրես: Եվրաինտեգրման համատեքստում նույնիսկ վիրավորական է Ադրբեջանի ու Բելառուսի հետ համեմատությունը, որովհետև այս երկրները գտնվում են ինտեգրացիոն գործընթացների լուսանցքում: Արդյո՞ք Մոսկվան Հայաստանի հավատարմության վրա չի կասկածում, որովհետև վստահ է, որ ԵՄ-ի հետ կնքված համաձայնագիրը մնալու է թղթի վրա, թե՞ Լավրովը փորձում է տպավորություն ստեղծել, թե իշխանությունները կապ չունեն ռուսական նաև պետական լրատվամիջոցների ագրեսիվ քարոզչության հետ:
Սակայն Լավրովի խոսքի մեջ ավելի սկզբունքայինն ու առանցքայինն այն է, որ նա Արևելյան գործընկերության ծրագրի շուրջ ստեղծում է հակառուսականության իմիջ ու դա բացարձակապես պատահական չէ: Գլոբալ հարթության վրա Լավրովը դիվանագիտորեն ձևակերպում է այն, ինչը ցինիզմի մակարդակում իրականացնում են ռուսական հեռուստաընկերությունները:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը թիրախավորում է Արևելյան գործընկերության ծրագիրը, որպեսզի ամիսներ անց ռուսական պրոպագանդան լեգենդ հյուսի այն մասին, թե ինչպես են «բարի» ռուսները մեզ փրկում «դավադիր» Եվրամիությունից: Եթե Մոսկվայում Հայաստանը համեմատում են ոչ թե Վրաստանի ու Ուկրաինայի, այլ` Ադրբեջանի ու Բելառուսի հետ, ապա կարծում են, թե դեռ կարող են «դարձի» բերել Հայաստանին: Ռուսական զինանոցում Հայաստանի վրա ազդելու գործիքների պակաս չկա. Լավրովը մերոնց գլուխը կշոյի, «Գազպրոմը» կսպառնա սակագնի
բարձրացմամբ, Պուտինը կժպտա Սերժ Սարգսյանին, Ռոգոզինը Բաքվում կկնքի սպառազինությունների նոր միլիարդանոց պայմանագիր:
«Մտրակի ու քաղցրաբլիթի» քաղաքականությունն առաջիկա ամիսներին ամենաբնութագրականն է լինելու Հայաստանի հանդեպ Մոսկվայի վարած քաղաքականության համար:
Հայաստանի իշխանության խնդիրն է` եվրոպական քաղաքականության ընձեռած հնարավորության շնորհիվ մեծացնել մեր երկրի սուբյեկտությունը Ռուսաստանի «հավատարիմների» նվաստացուցիչ ցուցակից դուրս գալու համար: Հայաստանին ու Ռուսաստանին պետք է կապեն ոչ թե սիրախաղը կամ ատելությունը, այլ` գործընկերային հարաբերությունները:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am