Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության համաժողովում անդրադարձել է Հայաստանի դեմ շրջափակմանը։ Էրդողանը հայտարարել է, թե հայկական սփյուռքի ճնշման տակ Երևանը համառորեն փակ է պահում Թուրքիայի հետ բարեկամության դռները, որի հետևանքով դուրս է մնացել էներգետիկ, առևտրային ու տրանսպորտային նախագծերից։ «Եվ շարունակելու է դուրս մնալ»,- ասել է Էրդողանը։
Անշուշտ, ճիշտ չի լինի պնդել, որ Հայաստանի և Սփյուռքի օրակարգերը նույնն են կամ, որ գոյություն ունի ձևակերպված համահայկական օրակարգ, որն ընդհանրական է Հայաստանի ու Սփյուռքի համար: Ինքը` Սփյուռքը, մեկ միասնական համակարգ չէ` ո՛չ քաղաքական դիրքորոշումների և ո՛չ էլ արժեքային կողմնորոշումների, մտածողության առումով: Ասել կուզենք, որ տեղին չէ խոսել նույնիսկ Սփյուռքի միասնական դիրքորոշման մասին, նույնիսկ` թուրքական հարցում: Փաստ է նաև, որ հայկական սփյուռքը հիմնականում բացասական է
արձագանքել հայ-թուրքական արձանագրություններին, որովհետև Սփյուռքը, դժբախտաբար, շատ դեպքերում կոնսոլիդացվում է հակաթուրքականության իռացիոնալ հիմքով: Ի դեպ, հենց այստեղ էլ դրսևորվում է Էրդողանի խոսքի սնանկությունը և Սերժ Սարգսյանի քաղաքական ռացիոնալությունը:
Սարգսյանը հստակ գիտակցում էր, որ հայ-թուրքական արձանագրությունները, մեղմ ասած, դրական չեն ընդունվում գաղթօջախներում, սակայն ոչ միայն անձամբ շրջագայեց համայնքներում` հաճախ քննադատությունների տարափի տակ ներկայացնելով իր դիրքորոշումը, այլ նաև հայ-թուրքական հարաբերություններում տուրք չտվեց էմոցիաներին, պատմության իներցիային, տասնամյակներով ձևավորված կարծրատիպերին: Սերժ Սարգսյանը կարողացավ հաղթահարել Սփյուռքի դիմադրությունը, հայ-թուրքական
հաշտեցման գործընթացում ընդգծել Հայաստանի սուբյեկտությունը: Մի բան, որ այդպես էլ չհաջողվեց Էրդողանին, որովհետև արձանագրությունների ոգուն հակադրվող Անկարայի նախապայմանները, նաև Հայաստանը մեկուսացնելու շանտաժը, ըստ էության, Բաքվի օրակարգն են:
Առնվազն ակնհայտ է, որ հայ-թուրքական հաշտեցումը կենսականորեն ձեռնտու էր Անկարային, որովհետև լեգիտիմացնում էր նրա տարածաշրջանային ազդեցությունը` հատկապես ռուս-վրացական հակադրության ֆոնին: Ժամանակը ցույց տվեց, որ Էրդողանը չի կարողանում ձերբազատվել ադրբեջանական գործոնից: Մյուս կողմից` հիմա իրավիճակն արմատապես փոխվում է, որովհետև, օրինակ, վերջերս Պուտինը դիվանագիտորեն Էրդողանին հասկացրել է, որ ադրբեջանական թեման չխցկի ռուս-թուրքական օրակարգ:
Ի դեպ, գուցե Էրդողանի երեկվա արտահայտությունը ոչ թե շանտաժ է, այլ յուրօրինակ մեսիջ Սերժ Սարգսյանին, որ եթե հայկական լոբբիստական կազմակերպությունները միջազգային հարթակներում «չշրջափակեն» Թուրքիային, ապա Անկարան պատրաստ է
մտածել Հայաստանի ապաշրջափակման մասին: Միայն այն հանգամանքը, որ հայկական հարցը շարունակում է մնալ Էրդողանի գերհագեցած օրակարգում` հուշում է, որ Անկարայում հայ-թուրքական հարաբերությունների էջը փակված չեն համարում և նման հայտարարություններով փորձում են հասկանալ Հայաստանի հնարավոր արձագանքը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am