Ռուսական շանտաժն ու խայծերը.Մի կողմից մտրակ, մյուս կողմից բլիթ...

Ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն` անդրադառնալով ԼՂ խնդրով ՀԱՊԿ հայտարարությանն, ասել է, թե դա Հայաստանի նախագահության ջանքերի հաղթանակն է: Տարասովի կարծիքն, ինչքան էլ այն արժևորի հայկական դիվանագիտությունն, որևէ աղերս չունի իրականության հետ: Նախ` սկզբունքորեն ՀԱՊԿ-ն ընդամենը աջակցել է կարգավորման գործընթացին, սկզբունքներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում, որը կվկայեր, թե Հայաստանի դե յուրե դաշնակից երկրները Երևանին աջակցում են բովանդակային հարթության վրա կամ դատապարտում են Ադրբեջանի ագրեսիվ, ռազմատենչ քաղաքականությունը:

Նման փաստաթուղթ ՀԱՊԿ-ը չի ընդունի, եթե նույնիսկ Ռուսաստանն ուզենա, որովհետև Ղազախստանն ու Բելառուսն ունեն այնքան սուբյեկտություն, որպեսզի ընդդիմանան դրան: Հարկ չկա ՀԱՊԿ «հայամետությունը» «վաճառել» Հայաստանի վրա, երբ ընդունված փաստաթղթում ամենևին էլ արտահայտված չեն դաշնակցային զորակցություն կամ մտահոգություններ:

Ավելին` Ռուսաստանը, հավանաբար, պնդել է և ՀԱՊԿ մյուս երկրների ղեկավարները համաձայնել են ընդունել Հայաստանի նախաձեռնած հայտարարությունը, որովհետև Երևանը հայտնվել էր միջազգային բարենպաստ համատեքստում և օբյեկտիվորեն կարող էր պահանջել ավելին: Սակայն այստեղ Հայաստանի նախագահությունն որևէ առնչություն չունի, համենայն դեպս` ոչինչ է ռուսական վախերի, տագնապների համեմատությամբ: Իսկ դրանք հետևանք են Հայաստանի սուբյեկտության մեծացման, ինչն իր հերթին, պայմանավորված է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրման հանգամանքով: Ինչքան ինքնուրույն ու դիվերսիֆիկացված լինի Հայաստանի արտաքին քաղաքականությունն, բարձրանա մեր երկրի եվրաինտեգրման մակարդակը, այնքան կմեծանան Հայաստանը կորցնելու Ռուսաստանի մտավախություններն ու հայ-ռուսական հարաբերությունները կվերադառնան գործընկերային, ռացիոնալ հարթություն: Սա քաղաքագիտական աքսիոմ, ճշմարտություն է, որ պիտի յուրացվի մեր իշխանությունների, քաղաքականության մյուս սուբյեկտների կողմից:

Պաշտոնական Մոսկվայի լռության ֆոնին ռուսական քարոզչությունն ու փորձագիտական միտքը, որոնք գրեթե ամբողջությամբ վերահսկվում են Կրեմլի կամ իշխանամերձ կապիտալի կողմից, վարում են «մտրակի և քաղցրաբլիթի» քաղաքականություն, որի կոնտրաստային դրսևորումներն, ըստ էության, ծառայում են նույն նպատակին, որովհետև շանտաժի կամ սիրաշահելու միջոցով փորձ է արվում «խմբագրել» Հայաստանի եվրոպական քաղաքականությունը:

Հայ-ռուսական հարաբերություններն անհրաժեշտություն են ու նույնիսկ այլընտրանք չունեն մի շարք ուղղություններում, սակայն կարևոր, կենսական է դրանց գործընկերային բնույթի, ոգու վերականգնումը: Դա հնարավոր չէ անել քծնանքով, դրան անկարելի է հասնել ռուսական հարթակներում, դրա բանալին Հայաստանի ինքնություն քաղաքականությունն է, դրա դիվերսիֆիկացիան, երկրի սուբյեկտության մեծացումը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am