Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի 210 մասունք, հնարավոր է, ընդհանրապես չնույնականացվի՝ շատ վնասված լինելու պատճառով:
Factor TV-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ անհնարին է դարձել այդ մասունքներից փորձանմուշ վերցնելը, ԴՆԹ անջատելն ու փորձաքննություն անցկացնելը:
Նախարարը նշեց, որ ունենք 180 ծնող, ովքեր ԴՆԹ փորձաքննություն են անցել և սպասում են պատասխանին: Մինչ այս պահը 2200-ից ավելի մարմին է ճանաչվել: Անահիտ Ավանեսյանը նաև հերքեց լուրերը, թե փորձանմուշների և մարմինների մեջ կարող են լինել նաև ադրբեջանցիների դիեր, և որ նրանք կարող են հուղարկավորվել եղբայրական գերեզմանում:
Վստահեցրեց՝ նման գաղափար Կառավարությունում չկա, իսկ դիերը պահվում են Մեծամորի դիահերձարանում: Անհետ կորած և գերության մեջ գտնվող զինծառայողների ծնողներն այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց ակցիա են իրականացրել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրելով քայլեր ձեռնարկել՝ իրենց որդիների գտնվելու վայրը հստակեցնելու և Հայաստան վերադարձնելու հարցում: Դեսպանատան որևէ ներկայացուցիչ, սակայն, ակցիա իրականացնող ծնողներին չի մոտեցել:
Անհետ կորածների ծնողները նշում են՝ Ռուսաստանի դեսպանատուն են եկել, քանի որ Պուտինը եռակողմ հայտարարության կետերի իրականացման երաշխավորն է, որը ենթադրում է նաև գերիների վերադարձն ու անհետ կորածների որոնողական աշխատանքների ապահովումը: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հանդիպում է ունեցել Մարտունու N զորամասի 73 հոգանոց վաշտի զինծառայողների ծնողների հետ, որոնք մարտական առաջադրանք կատարելու ընթացքում հայտնվել են ադրբեջանական տարածքում: Ժաննա Ալեքսանյանը նաև ուշագրավ տեղեկություն փոխանցեց:
Նրա խոսքով՝ այս 73 զինծառայողների ընտանիքներից շատերն իրենք են որոնել իրենց զավակներին՝ ադրբեջանական կողմի հետ բանակցությունների արդյունքում: 73-ից 6-ի դիերը, Ժաննա Ալեքսանյանի փոխանցմամբ, դեռ հայտնաբերված չեն: Հավելենք, որ զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1499 է։