Տարասովը՝ ռուսական ալիքների հակահայկական հիստերիային խորհուրդ է տալիս «գրագետ մոտենալ». Ինչ խելքներին փչում է՝ խոսում են...

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կովկասի հարցերով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

– Պարոն Տարասով, պաշտոնական Մոսկվան այս օրերին որևէ առարկություն չի հայտնել Հայաստան-ԵՄ Շրջանակային համաձայնագրի ստորագրման հետ կապված, բայց մյուս կողմից էլ՝ ռուսական հեռուստաալիքներով հակահայկական հիստերիա է սկսվել։ Սա ինչո՞վ կբացատրեք։

– Ռուսաստանում այսպիսի ասացվածք կա. «մինչև ճաշը թերթ մի կարդացեք»։ Մենք այդ հաղորդումները չենք նայում, որովհետև այնտեղ ոչ ոք պրոֆեսիոնալ չէ, խոսում են այն՝ ինչ խելքներին փչում է։

Երկրորդ՝ պաշտոնական մակարդակով այդ իմաստով Հայաստանն ու Ռուսաստանը ոչ մի խնդիր չունեն։ Կնքված պայմանագիրը ոչ մի կերպ չի հակասում այն պարտավորություններին, որ Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ-ի առջև։ Հասկանալի է՝

Հայաստանն ուզում է զարգանալ և Եվրոպական միությունը տալիս է հնարավորություններ մշակութային, սոցիալական և այլ հարցերի շուրջ, ուստի ինչո՞ւ պետք է Հայաստանը հրաժարվի։

Հայաստանը քրիստոնեական երկիր է, Եվրոպան նույնպես՝ չնայած մուսուլմանական երկրներն էլ են ուզում այնտեղ խցկվել, առայժմ չի ստացվում՝ նկատի ունեմ Թուրքիան, Ադրբեջանն էլ է ուզում իրեն այդպիսին ներկայացնել, չնայած, իմ կարծիքով, այդպես չէ։

Բացի այդ՝ շատ կարևոր մի հանգամանք կա։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Եվրոպայում առկա տեսակետն ամբողջությամբ բավարարում է Հայաստանին։ Կա Մինսկի խումբ՝ Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան։ Եթե վերջին երկու պետությունները ցանկանային Ռուսաստանին մի կողմ դնել ու հակամարտությունը կարգավորել Բաքվի սցենարով՝ վաղուց դա արած կլինեին, կարհամարհեին նաև Ռուսաստանի դիրքորոշումը։ Բայց դա տեղի չի ունենում, հակառակը՝ Բաքուն փորձում է

Հայաստանի հետ հարաբերություններում օգտագործել ռուսական խաղաքարտը։ Բաքուն բղավում է, որ Հայաստանի հանդեպ պետք է պատժամիջոցներ կիրառվեն, Հայաստանը պետք է մեկուսացվի, որովհետև Հայաստանն ագրեսոր է, բայց կներեք, այդ ո՞ր ագրեսորի հետ Եվրամիությունը համաձայնագիր կստորագրեր։

Վերադառնալով հարցին, նշեմ, որ եթե Մոսկվայի և Երևանի միջև խնդիրներ լինեին՝ դրանք վաղուց ի հայտ եկած կլինեին։ Դուք հավանաբար հիշում եք՝ 2014 թվականին ընդառաջ, երբ Հայաստանն ուզում էր Ասոցացման համաձայնագիր ստորագրեր, Ուկրաինան ուզեց ստորագրել՝ Մայդան ստացավ, և ես կարծում եմ՝ այն մի փաստաթղթով՝ Ասոցացման համաձայնագրով, Հայաստանը կկորցներ իր ինքնիշխանության մի զգալի մասը։ Բայց այս համաձայնագրով ընդամենը համագործակցում է և դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Ռուսաստանը չի թելադրում՝ աշխատե՞լ Եվրոպայի հետ, թե՞ ոչ, դա անհրաժեշտություն է Հայաստանի համար, և ոչ միայն Եվրոպայի, այլ Մերձավոր Արևելքի և տարբեր այլ պետությունների հետ։ Կան ընդհանուր հետաքրքրություններ, որոնք չպետք է արհամարհվեն։ Բայց մի կարևոր հանգամանք կա․ Հայաստանն աշխարհաքաղաքական շատ վատ դիրքում է, եթե հանկարծ Թուրքիան կամ Ադրբեջանը պատերազմական

գործողություններ սկսեն՝ ոչ միԵվրոպա ու ԱՄՆ Հայաստանին չի օգնի, տեսեք՝ որտեղ, ո՞ւմ են օգնել։ Եվ եթե որևէ մեկը կարող է օգնել Հայաստանին՝ դա Ռուսաստանն է։ Այդ պատճառով ես կարծում եմ՝ նորմալ ու պաշտոնական գործիչները շատ ադեկվատ են արձագանքում իրավիճակին ու քար չեն նետում Հայաստանի ուղղությամբ։

– Այսինքն, կարծում եք՝ այդ հաղորդումները պաշտոնական տեսակետ չե՞ն արտացոլում։

– Մենք ինքներս նայում ենք այդ հաղորդումներն ու զարմանում։ Այնտեղ շատ բարդ իրավիճակ է, կան մարդիկ էլ, որոնք անընդհատ Բաքվի դեմ են խոսում։ Մեզ մոտ դա արգելված չէ, ժողովրդավարություն է՝ խոսում են, ինչ ուզում են։ Այո՛, մենք հասկանում ենք, որ դա ազդում է հայերի մի մասի վրա, բայց պետք է ավելի գրագետ նայել իրավիճակին ու հետևել պաշտոնական տեսակետներին։

– Հայաստանում կան գնահատականներ, որ Հայաստանն այս համաձայնագիրը ստորագրելով կամուրջ է դառնում ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, կիսո՞ւմ եք այդ գնահատականը։ Իսկ առհասարակ դրա անհրաժեշտությունը կա՞։

– Իհարկե, ինչու ոչ, ի միջի այլոց հենց այդպես էլ կա։ Նայեք քարտեզին՝ Թուրքիան Եվրամիության ասոցացված անդամ է, Հայաստանը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, Ադրբեջանը հիմա բանակցում է։ Հիմա ասում են՝ Ռուսաստանն ուզում է

ապաշրջափակել Հայաստանը՝ միջանցք ստեղծել՝ գուցե Վրաստանի միջոցով, երկաթգիծ ստեղծել և այլն։ Դրանով հետաքրքրված է նաև Եվրոպան։ Այս ուղղությամբ, որքան էլ տարօիրինակ է, Ռուսաստանն ու Եվրոպան նույն կարծիքն ունեն։ Այդ մասին նաև Բրյուսելում են խոսում։ Այո՛, Մոսկվան հիմա խնդիրներ ունի Վրաստանի հետ, բայց Վրաստանն ու Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունեն Բրյուսելի հետ, ուրեմն թող իրականացնեն այդ նախագիծը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am