Պուտինի անսպասելի ուղերձը Ադրբեջանին

ՌԴ նախագահ Պուտինի եվրասիական ինտեգրացիայի հարցերով խորհրդական Սերգեյ Գլազեւը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն բաց է բոլոր ցանկացողների համար, ներառյալ նաեւ Ադրբեջանը, սակայն կոնկրետ Ադրբեջանի անդամակցության հարցը կախված է Հայաստանի կայացնելիք որոշումից: Հայաստանը կարող է օգտվել վետոյի իր իրավունքից եւ արգելք դնել Ադրբեջանի անդամակցության վրա:

Գլազեւի այս հայտարարությունը զարմանք է առաջացրել Ադրբեջանում: «Բարձրաստիճան ռուս պաշտոնյայի հայտարարությունն Ադրբեջանում զարմանք է առաջացրել, քանի որ պաշտոնական Բաքուն նույնիսկ միանշանակ և հստակ դիրքորոշում չի հայտնել ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Ավելին` Ադրբեջանում այդ հարցը քննարկողներին ամենաքիչը

հետաքրքրում է հարցի մասին Հայաստանի կարծիքը, քանի որ խոսքը տարածաշրջանային ձևաչափով արտաքին քաղաքական ռազմավարական համակարգի ձևավորման մասին է», գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանն իսկապես պաշտոնական մակարդակում հստակ չի արտահայտվել անդամակցության վերաբերյալ, թեեւ տարբեր պաշտոնյաներ խոսել են այդ հնարավորության մասին: Ընդ որում, խոսել են հիմնականում Ղարաբաղի խնդրի «լուծման» համատեքստում: Ռուս փորձագետների ու պաշտոնյաների շրջանում էլ կա տարածված կարծիք, որ ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը կարող է նպաստել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը:

ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության խնդիրը Մոսկվայի ու Բաքվի միջեւ յուրահատուկ խաղ է միմյանց այսպես ասած «գայթակղելու» հարցում, սեղանին ունենալով Ղարաբաղի խնդիրը: Ընդ որում, ի տարբերություն Բաքվի, Մոսկվան ինչ որ առումով կաշկանդված է այս խաղում, նկատի ունենալով Հայաստանի վետոյի իրավունքը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Ադրբեջանում այդ հարցը քննարկողներին ամենաքիչը հետաքրքրում է հարցի մասին Հայաստանի կարծիքը, այդպիսով փաստացի

ակնարկելով, որ եթե Ադրբեջանը ցանկանա անդամակցել՝ Հայաստանը արգելք չէ, թերեւս նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մոսկվան հանգիստ կարող է հանել այդ արգելքը:

Բայց Պուտինի խորհրդականն ասում է, որ Ադրբեջանի անդամակցության հարցը որոշում է Հայաստանը, որը կարող է օգտվել վետոյի իրավունքից: Այսինքն, գոնե հրապարակային ռեժիմում ասվում է, որ Մոսկվան Հայաստանի վրա այդ հարցում ճնշում չի գործադրի, կամ մեծացնում է «ճնշման գինը»:

Արդյոք Մոսկվան դադարում է Ղարաբաղով «գայթակղել» Ադրբեջանին, քանի որ Հայաստանի վետոյի հիմնական պատճառը հենց Ղարաբաղն է լինելու: Հատկապես ԱՄՆ Պետքարտուղարի օրերս արված հայտարարության ֆոնին, որով փաստացի Արցախի խնդիրն այս փուլում «փակվում» է:

Իր հերթին, Ադրբեջանը ներկայում հայտնվել է միջազգային իզգոյի իրավիճակում. ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը պատրաստում են պատժամիջոցներ եւ հանում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, կոռուպցիոն բացահայտումներ են արվում, որոնք

սահմանափակում են ադրբեջանական լոբբինգի հնարավորությունները միջազգային ասպարեզում, Թուրքիան խրված է բարդ խնդիրների մեջ, Իրանը «հոգեւոր էքսպանսիա» է սկսել, եւ այլն:

Այս իրավիճակում Ադրբեջանը «գնալու տեղ» չունի, եւ հնարավոր է այս հանգամանքն է ակնարկում Մոսկվան, ասելով, որ առեւտրի պատճառ չունի, կամ էլ անդամակցությունը փաստացի լինելու է Հայաստանի պայմաններով:

Ի դեպ, հետաքրքիր է, որ նման մի իրավիճակ էլ առաջացավ Թուրքիայի պարագայում, երբ այդ երկրի էկոնոմիկայի նախարարն ակնարկեց ԵՏՄ-ի հետ համաձայնագիր կնքելու հնարավորության մասին: Դրան հետեւեց Սերժ Սարգսյանի «առաջարկ-վերջնագիրը» ՄԱԿ-ի ամբիոնից:

ԵՏՄ-ն այն միակ հարթակն է մնացել, որտեղ Ադրբեջանը կարող է լուծել Ղարաբաղի խնդիրն իրեն շահավետ ձեւով: Զուր չէ, որ ադրբեջանական ԶԼՄ-ները ցնծություն էին ապրում այն

բանից հետո, երբ Հայաստանի ԱԺ-ն մերժեց ԵՏՄ-ից դուրս գալու հարցով հանձնաժողով ստեղծելու հարցը:

Այս պայմաններում չի բացառվում նաեւ տարբերակը, որ Ադրբեջանի հետ խաղն ավելի է բարդացվում, իր մեջ ներառելով տարածաշրջանային այլ խնդիրներ եւս:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am