Ի՞նչ է տեղի ունեցել.Էրդողանը հանձնվեց. Հաջորդ «ալիքը» Հայաստա՞նն է

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցն առաջին զրույցն էր, որի ժամանակ 2 երկրների առաջնորդները եղել են «միեւնույն ալիքի վրա», հայտնում է Fox News-ը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեկ, քննարկվել է Սիրիայի խնդիրը: Անկարան ԱՄՆ-ի հանդեպ երկու հիմնական պահանջ ունի՝ Սիրիայի քրդերին զինելն ու Գյուլենի հարցը: ԱՄՆ-ն այս հարցերում կարծես թե զիջումների չի գնում եւ մտադիր էլ չէ:

Էրդողանի այս հայտարարությանը նախորդել էին մի շարք զարգացումներ, որոնք Թուրքիային դրել էին խաղից դուրս վիճակում: Գլխավորն իհարկե Սիրիայի վերաբերյալ ռուս-ամերիկյան համաձայնությունն էր, որը սակայն չէր սահմանափակվում միայն Սիրիայի խնդիրներով:Էրդողանը նախ քննադատեց այդ համաձայնությունը, հետո Պուտինի հետ երկու հանդիպումներից հետո հասկացավ, որ Ռուսաստանը ԱՄՆ-ից ստացել է որոշակի դեր եւ մտադիր չէ նահանջել դրանից: Դրանից հետո նա ունեցավ այս հեռախոսազրույցը «միեւնույն ալիքի վրա», ինչը նշանակում է, որ Թուրքիան համակերպվեց ռուս-ամերիկյան համաձայնությունների հետ:

Ռուս-ամերիկյան համաձայնություն տեղի ունեցավ նաեւ մեկ այլ՝ Ղարաբաղյան խնդրում, որով փաստացի ճանաչվեց Ղարաբաղում ներկայիս ստատուս-քվոն: Էրդողանը Պուտինի հետ առաջին հանդիպումից հետո հայտարարեց, որ բարձրացրել է Ղարաբաղի 5 շրջանների հանձնման հարցը, սակայն Պուտինը հույս չուներ: Սակայն երկրորդ հանդիպման նախօրեին նա հայտարարեց, թե կրկին Պուտինին հիշեցնելու է այդ մասին: Դրանից հետո սակայն չկա տեղեկատվություն՝ արդյոք նա բարձրացրել է այդ հարցը եւ ինչ է ասել Պուտինը:Ղարաբաղի խնդրում Անկարան ու Բաքուն տեւական ժամանակ փորձում են «սեպարատ» համաձայնությունների հասնել Ռուսաստանի հետ, եւ Մոսկվան ինչ որ պահից ցուցաբերում էր նման հրապարակային պատրաստակամություն:

Սակայն նոր իրավիճակում, ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելուց հետո Ռուսաստանն արդեն չունի դրա կարիքը, համենայնդեպս ներկա փուլում:Հանձնվե՞լ է արդյոք Էրդողանը նաեւ Ղարաբաղի խնդրում, թե՞ որոշել է սպասել քաղաքական ավելի բարենպաստ իրավիճակների: Մյուս կողմից, Ադրբեջանն ակնհայտորեն ավելորդ բեռ է դարձել Թուրքիայի համար ներկայիս բարդ իրավիճակում: Որքան էլ տարօրինակ թվա, սակայն այս խնդիրը Թուրքիան կարող է լուծել Հայաստանի օգնությամբ, Երեւանի հետ հարաբերություններ հաստատելով առանց նախապայմանների:

 

Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բարձրացրել էր այս հարցը, Թուրքիային «ժամանակ տալով» մինչեւ ապրիլ, որից հետո Հայաստանը կարող է հետ կանչել իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից: Ապրիլին Հայաստանն անցնելու է կառավարման խորհրդարանական կարգի, որը կարող է հանգեցնել նաեւ հարաբերությունների ու դիրքորոշումների «ռեսթարթի»: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am