Հադրութի հիմնադրման մասին հստակ տեղեկություններ հայտնի չեն։ Բնակավայրի տարածքում ու շրջակայքում հայտնաբերվել են տասնյակ հուշարձանները, որոնք թվագրվում են հեթանոսական, վաղ քրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններիով։
Տարբեր դարերում բնակավայրը բազմիցս ենթարկվել է պարսիկների, արաբների, սելջուկյան թուրքերի, թաթար-մոնղոլների, օսմանյան թուրքերի ավերածություններին։
Հին Հադրութն օղակված է եղել պաշտպանական մի շարք բերդ-ամրոցներով։ Հյուսիս-արևելքում պահպանվել են «Բերդի մուտք» անունով հին բերդապարսպի հետքերը, հարավում՝ «Ծծախաչ» անունով բերդի, հյուսիսում՝ «Վնեսաբերդի», հարավ-արևելքում՝ «Ցորաբերդի» պարիսպների և աշտարակների առանձին մասեր։
Պահպանվել և նորոգվել է հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցին, որը հիմնադրվել է 1621 թվականին։ Քաղաքի հին հատվածի որոշ մասեր նույնպես պահպանվել են ի դեմս 1-3 հարկանի պատշգամբներով տների։
Վերջին 100 տարում Հադրութը եղել է հայ-ադրբեջանական հակամարտության օջախներից։ 1918 թվականին Հադրութի բնակչությունը կատաղի դիմադրություն է ցույց տվել Զանգեզուրի վրա հարձակման գնացող թուրքական զորքերին։
Խորհրդայնացումից հետո, ընդգրկվելով Խորհրդային Ադրբեջանի կազմում, Հադրութը հայտնվել է ադրբեջանական տնտեսական շրջափակման մեջ․ փակվել են գրեթե բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, ոչնչացվել են հարյուրավոր հեկտար այգիներ։