Այսօր հետմահու Հայաստանի ազգային հերոսի կոչմանն արժանացած ԶՈւ գնդապետ Վահագն Աստարյանի ծննդյան օրն է։ Փորձառու, զինվորների կողմից սիրված զինվորականը կդառնար 44 տարեկան։
Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանի ծննդյան օրը ևս մեկ առիթ է՝ խոսելու գնդապետի զինվորական ուղու, սխրանքի մասին:
Գևորգ Մկրտչյան, ՀՀ ԶՈՒ ավագ սերժանտ — Համագյուղացի ենք, հերոս է, որպես ընկեր, որպես հրամանատար, որպես զինակից ընկեր:
Անսպասելի ու մեծ է կորուստը նաև զինակից ընկերոջ համար: Վահագն Ասատրյանի համար բանակն ու հայրենիքն առաջին տեղում էին:
Հրայր Աթոյան, Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանի զինակից ընկերը — Խիստ էր, բարի, բոլորի համար ընկեր: Ամեն խնդրով ապրում էր:
Գնդապետ Ասատրյանը ռազմական հինգ բուհ է ավարտել, ղեկավարել ստորաբաժանումներ: Սովորել է նաև Մոնթե Մելքոնյան ռազմական ուսումնարանում: Գնդապետի համար Մոնթեն զինվորական հրամանատարի բացարձակ կերպար էր: Նորօրյա հերոսը հանգչում է Զորավար Անդրանիկի, Մոնթեի ու Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմների մոտ:
Հրայր Աթոյան — Վազգեն Սարգսյանի հետ մոտ է եղել: Երբ գալիս էր, առաջինը Մոնթեին, հետո Վազգեն Սարգսյանին էր այցելում: Միշտ եղել է առաջնագծում, երբ գնում էինք մարտական հենակետ, խրամատի աշխատանքներն ինքն էր հսկում:
Վահագն Ասատրյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը 44-օրյա պատերազմում մասնակցել է մի շարք մարտական գործողությունների: Նախ Օմարում, ապա Մեխակավանում ու Հադրութում գնդապետ Ասատրյանն անզիջում պայքարել է թշնամու դեմ:
Զինվորական ծնողի մասին որդին դժվարանում է խոսել: Շարունակում է զարմիկը, որ մշտապես եղել է մորեղբոր ուշադրության կենտրոնում: