ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ բանակցություններն անցան ջերմ, դաշնակցային եւ գործընկերային մթնոլորտում, ինչպիսին Մոսկվայի եւ Երեւանի հարաբերություններն են: «Արմենիապրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 7-ին նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սերգեյ Լավրովը:
Նա ընդգծեց՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ Ռուսաստանը կնպաստի գերիների փոխանակման գործընթացի իրականացմանը:
«Կարեւորագույն հարցը գերիների փոխանակումն է: Մեր խաղաղապահների միջոցով փորձելու ենք միջնորդել այդ հարցի հնարավորինս արագ ավարտին հասցնելուն: Գիտենք, թե դա ինչ սուր հարց է գերիների հարազատների, մտերիմների, ընկերների համար»,- ասաց Լավրովը՝ շուտափույթ լուծում պահանջող հարցերի թվում հավելելով նաեւ զոհվածների մարմինների փոխանակման հարցը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն էլ, անդրադառնալով թեմային, նկատեց, որ գերիների փոխանակման հարցն առավել արդիական է, եթե հաշվի առնենք, որ կան նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք վկայող փաստեր:
Խոսելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մասին՝ Այվազյանն ընդգծեց. «Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված եւ ավելի քան վեց շաբաթ տեւած թուրք-ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում: Նոյեմբերի 9-ին նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջնորդությամբ հնարավոր դարձավ համատեղ եռակողմ հայտարարության համաձայնեցումն ու ընդունումը, որն ամրագրեց տեղում զինադադարի հաստատումը եւ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը»:
Ասուլիսի ընթացքում Լավրովն անդրադարձավ նաեւ նոյեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Երեւան, ապա նաեւ Բաքու ՌԴ միջգերատեսչական պատվիրակության այցին: Խոսելով նայեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության ստորագրման եւ դրա արդյունքների մասին՝ ասաց. «Մենք համամիտ ենք այն հարցում, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը տալիս է բոլոր հնարավորությունները Ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար՝ արդարության հիմքի վրա՝ հօգուտ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների շահերի, Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու նպատակով։ Հրադադարն արդեն պահպանվում է գրեթե մեկ ամիս, շարունակվում է փախստականների վերադարձը, կա առաջընթաց զոհերի մարմինների, գերիների փոխանակման հարցում, զոհվածների մարմինների, անհետ կորածների որոնողական աշխատանքներում»:
Նա հավելեց, որ զուգահեռաբար առաջնահերթ են նաեւ ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման, բնականոն կյանքի վերադարձի, առողջապահության, տրանսպորտային հաղորդակցության եւ տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցերը:
«Քննարկել ենք նաեւ հումանիտար արձագանքման կենտրոնի հարցերը: Դա նախագահ Պուտինի նախաձեռնությունն էր: Մենք առաջարկել են այն դարձնել միջազգային՝ Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ: Այժմ քննարկվում են այդ նախաձեռնության գործնական հարցերը: Կենտրոնի գործունեության մեջ ներգրավված են լինելու ՌԴ բազմաթիվ նախարարություններ եւ գերատեսչություններ»,- շեշտեց Լավրովը: