Նոր կեղտոտ խաղ. Էրդողանը մատնեց Պուտինին.

Ղարաբաղյան խնդիրը միայն Ռուսաստանը կարող է լուծել, այդ պատճառով Սոչիում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նորից բարձրացնելու եմ այդ հարցը, երեկ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը:

«Ղարաբաղյան հակամարտության հարցն ավելի վաղ քննարկել եմ Պուտինի հետ, և նա ինձ ասել է, որ Ռուսաստանը հնարավոր ամեն բան անում է այդ խնդրի լուծման համար: Ես ՌԴ նախագահին ևս մեկ անգամ կոչ եմ արել ուշադիր լինել 5 շրջանների վերադարձի հարցին, քանի որ այդ հարցը միայն Ռուսաստանը կարող է լուծել», ասել է Էրդողանը:

Էրդողանը Սոչի էր մեկնել ՌԴ եւ Իրանի նախագահների հետ հանդիպմանը, որտեղ քննարկվել է Սիրիայի հետպատերազմյա խնդիրը եւ հռչակագիր ընդունվել: Այս երեք երկրներն ընդունել են ամերիկյան պլանը Սիրիայի հարցում Պուտին-Թրամփ համաձայնությունից հետո, որը սակայն ավելի լայն քաղաքական ընդգրկում ուներ, քան Սիրիան: Դա արտահայտվեց նաեւ Ղարաբաղի հարցում միջազգային կոնսենսուսին Ռուսաստանի մանալով: Լավրովի Երեւան եւ Բաքու այցերը նպատակ ունեին կողմերին տեղեկացնել, որ այս փուլում ցիկլը փակվել է:

Էրդողանը նման հայտարարություն էր արել նաեւ Պուտինի հետ նախորդ՝ նոյեմբերի 13-ի հանդիպման նախօրեին: Այն ժամանակ նա ասել էր, որ Պուտինը մեծ հույսեր չունի այդ հարցում: Ավելին, Էրդողանը 5 շրջանների խնդրի չլուծման մեջ մեղադրել էր նաեւ Ադրբեջանին:

Ինչո՞ւ է Էրդողանը որոշել նորից բարձրացնել 5 շրջանների հարցը, այն բանից հետո, երբ պարզ դարձավ միջազգային կոնսենսուսը Ղարաբաղում ստատուս-քվոն պահելու հարցում: Հնարավոր է Ադրբեջանն է ստիպում «նորից փորձել», առավել եւս, որ Բաքվում մեռելային լռություն է Ղարաբաղի խնդրի շուրջ միջազգային վերջին զարգացումների կապակցությամբ:

Հնարավոր է նաեւ այդպիսով Էրդողանը «վրեժ» է լուծում Պուտինից ԱՄՆ-ի հետ սեպարատ համաձայնության համար, նրան կրկին դնելով փաստի առաջ: Բանն այն է, որ նրա հայտարարությունը նշանակում է, որ Արեւմուտքն ամենեւին էլ չի պնդում, որ հայերը վերադարձնեն տարածքները, եւ դա կարող է անել միայն Ռուսաստանը: Այսինքն, Ռուսաստանը նման նպատակ ուներ, բայց ԱՄՆ-ն թույլ չի տվել:

Ռուսաստանն ուզո՞ւմ է, կամ ցանկանո՞ւմ է: Կամ իսկապես կարո՞ղ է սեպարատ լուծել այդ հարցը: Արդյոք 10 օր անց Պուտինի մոտ կարող էր հանկարծ նման հույս հայտնվել, որը չուներ Էրդողանի հետ նախորդ հանդիպմանը:

Լավրովն այս թեման փակեց Բաքվում, հայտարարելով, թե չնայած ԱՄՆ-ի հետ տարաձայնություններին՝ Ղարաբաղի հարցում Ռուսաստանը համագործակցում է ԱՄՆ-ի հետ: Դա նշանակում է, որ Ռուսաստանն ընդունել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Ղարաբաղի խնդրում, որը հանգում է Վիեննայի պայմանավորվածությունների իրականացմանը եւ Մինսկի խմբի ձեւաչափը փոխելու փորձերի անթույլատրելիությանը:

Դժվար թե Էրդողանը չի հասկանում այս ամենը: Այս պարագայում նրա հայտարարությունը կարող է նշանակել, որ Թուրքիան ու Ադրբեջանը Ռուսաստանին ասում են, որ չեն ընդունում ԱՄՆ-ի դիրքորոշումը եւ Ղարաբաղի հարցում միակ որոշող են ճանաչում Ռուսաստանին: Դա առաջարկ է Պուտինին՝ եթե ոչ հիմա, ապա ապագայում համատեղ դուրս գալ «ղարաբաղյան փակուղուց»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am