Թուրքիայի նախագահ Էրդողանը օրերս լրագրողներին ներկայացրել է Ռուսաստան կատարած այցի արդյունքները: Թուրքիայի նախագահը պատմել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկվել է նաև ղարաբաղյան կարգավորման թեման:
«Մենք պարոն Պուտինի հետ քննարկել ենք ղարաբաղյան հակամարտությունը: Ռուսաստանն ազդեցություն ունի Հայաստանի վրա: Կա որոշում 7-ից 5 օկուպացված շրջանների մասին (նկատի ունի ՄԱԿ ԱԽ բանաձևերը): Մենք նշել ենք այդ որոշումների կատարման անհրաժեշտությունը: Պարոն Պուտինը դա հնարավոր է համարում, սակայն որքանով հասկացա, նա առանձնապես հույսեր չի կապում», ասել է Էրդողանը:
Նախքան Պուտինի հետ հանդիպումը Էրդողանը հայտարարել էր, որ նրա հետ քննարկելու է Ղարաբաղի խնդիրը եւ ակնարկել, որ կա ինչ որ համաձայնեցված պլան: Իր հերթին, ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվել էր մի «արտահոսք» Պուտինի առաջարկի վերաբերյալ, ըստ որի Ադրբեջանը Ղարաբաղի տարածքների դիմաց պետք է համաձայնվի մտնել ԵՏՄ ու ՀԱՊԿ, ինչպես նաեւ ռուսական զորքի մուտքին Ղարաբաղ:
Նախքան Էրդողանի հետ հանդիպումը հրապարակվեց Պուտին-Թրամփ «պատմական համաձայնությունը» Սիրիայի շուրջ, որը խաղից դուրս վիճակում թողեց Թուրքիային, ինչով էլ պայմանավորված էր Էրդողանի նյարդային արձագանքը:
Բացի այդ, ամերիկյան կողմը հստակ հայտարարեց Ղարաբաղի խնդրում իր մոտեցումը՝ ստատուս-քվոյի հաստատումը դիտարկման մեխանիզմների միջոցով, ինչին առաջին անգամ հրապարակային համաձայնություն տվեց Ռուսաստանը:
Ահա այս ֆոնին էլ տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հանդիպումը, որտեղ Ռուսաստանն արդեն խոսելու եւ առավել եւս զիջումների որեւէ պատճառ չուներ Թուրքիային, հարցերի ամենալայն շրջանակով:
Հանդիպումից հետո Էրդողանի զրույցը լրագրողների հետ լիովին արտահայտում է այս իրավիճակը: Էրդողանը փաստացի ասում է Ադրբեջանին, որ ինքն ամեն ինչ արել է Ղարաբաղի խնդրում Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար, բայց Պուտինն ասել է, որ հույսեր չկան: Էրդողանի հայտարարության մեջ սակայն կար մի շատ էական հանգամանք: Խոսելով ՄԱԿ ԱԽ հայտնի բանաձեւերի մասին, նա հայտարարել է, թե դրանք իրականություն չեն դարձել «կողմերի դիրքորոշումների պատճառով»:
Փաստացի, Էրդողանը ոչ թե մեղադրում է հայկական կողմին ՄԱԿ ԱԽ բանաձեւերը չկատարելու համար, այլ այդ պատասխանատվությունը հավասարապես գցում է նաեւ Ադրբեջանի վրա: Սա Էրդողանի զրույցի առանցքային պահն էր: Դրանով նա ոչ միայն արդարանում է Բաքվի առաջ, այլեւ մեղադրում ստեղծված իրավիճակի համար:
Իսկ ընդհանրապես, ստեղծվել է մի իրավիճակ, երբ այս եռյակը՝ Ռուսաստան, Թուրքիա եւ Ադրբեջան, կանգնել է քաղաքական փակուղու առաջ: Նրանց հույսերը բոլոր ուղղություններով խորտակվել են, եւ Ռուսաստանն առաջինն է շտապել «գցել» մյուս երկուսին՝ իր խնդիրները լուծելու համար:
Այս ֆոնին, նկատելի աճել է Հայաստանի քաղաքական դերն ու նշանակությունը նոր գործընթացներում, որին սակայն անհամարժեք է Հայաստանի քաղաքական ղեկավարությունն իր վարած քաղաքականությամբ: Դա նկատվեց հատկապես վերջին ամիսներին, երբ Հայաստանի իշխանությունը փաստացի «լծվել» էր այս եռյակի կառքին:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am