Վերջին շաբաթվա ընթացքում Արցախի հարցի շուրջ որոշ հետաքրքիր զարգացումների և կողմերի ու միջնորդների դիրքորոշումների հստակեցման խորապատկերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատրաստվում է հաջորդ շաբաթվա սկզբին այցելել Ադրբեջան և Հայաստան: Այս լուրը հաղորդել է ինքը Լավրովը՝ ասելով, որ այցելությունները նվիրված են Ռուսաստանի և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Հանդիպումների ընթացքում Լավրովը խոսելու է երկկողմ հարաբերությունների մասին թե՛ ադրբեջանցի և թե՛ հայ գործընկերների հետ, բայց առավել ուշագրավ է, որ նաև քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային խնդիրները՝ ներառյալ ղարաբաղյան հիմնախնդիրը: ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, թե «կփորձենք հասկանալ, թե որտեղ ենք գտնվում ղարաբաղյան կարգավորման իմաստով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո»:
Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Լավրովի այցելությունից ղարաբաղյան կարգավորման գործընթացում՝ նկատի ունենալով Ժնևի նախագահական հանդիպումից հետո հիմնախնդրի շուրջ ձևավորված իրադրությունը և բավական ակնհայտ դիվանագիտական առճակատումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև: Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման կարևորության մասին Սերժ Սարգսյանի նախորդ շաբաթվա հայտարարությունից հետո Իլհամ Ալիևը Բաքվում նոյեմբերի 14-ին հայտարարել է, թե «մենք կվերադարձնենք Ղարաբաղը ցանկացած գնով», և որ Ադրբեջանը որևէ փոփոխություն չի անելու ղարաբաղյան հարցում իր սկզբունքային դիրքորոշման մեջ:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:
– Պարոն Տրոֆիմչուկ, ի՞նչ նպատակով է Լավրովը գալիս տարածաշրջան, և որքանո՞վ է նրա այցը կապված ղարաբաղյան գործընթացի հետ:
– Ռուսաստանը, որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ, օգտագործում է ցանկացած՝ թեկուզ աննշան հնարավորություն, որպեսզի ցուցադրի իր ակտիվությունը առաջին հերթին Երևանին և Բաքվին: Առավել ևս, եթե խոսքը թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի համար այդքան կարևոր տարեդարձերի մասին է, ապա այդ դեպքում արդեն սխալ կլինի Լավրովի այցն անվանել սովորական այցելություն: Ուստի կարծում եմ, որ հենց այս իրադարձությունն է նրա այցելության գլխավոր պատճառը: Չկան ինչ-որ թաքնված նպատակներ, խորամանկություններ կամ ինչ-որ «ճկուն դիվանագիտություն»: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը շատ լուրջ առիթ է և արժանի է առանձին այցելությունների ինչպես Ադրբեջան, այնպես էլ Հայաստան:
Բնականաբար, այս միջոցառումների շրջանակներում կքննարկվեն նաև այն հարցերը, որոնք մեծ կարևորություն ունեն հաջորդ 25-ամյակի սահմանագծին, մեր հարաբերությունների զարգացման հաջորդ փուլի նախաշեմին: Առաջին հերթին, առավել ևս
Ադրբեջանի պարագայում, խոսքը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի մասին է: Այս թեման անպայման քննարկվելու է: Ոչինչ չի որոշվելու կամ լուծվելու: Ամեն ինչ մնալու է նույն վիճակում, ինչ կա:
Դուք մատնանշեցիք մի քանի տարբեր իրադարձություններ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, և իսկապես մենք նկատում ենք որոշ ակտիվություն այս հարցի շուրջ, առաջին հերթին բանակցային ակտիվություն: Եվ ինչպես միշտ, երբ ակտիվանում են բանակցությունները, սկսում են շրջանառվել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Տվյալ պարագայում, Սերգեյ Լավրովի այս այցելության նախօրեին կրկին տեղեկատվական դաշտում սկսեց ակտիվանալ այն հարցը, թե իբր քննարկվելու է ինչ-որ շրջաններ Ադրբեջանին հանձնելու հարցը: Բայց առաջին անգամ չէ, որ նման բան է լինում: Կարելի է իհարկե քննարկել նման հարցեր, բայց պաշտոնական անձինք չեն հաստատում այդ տեղեկությունները:
Շատ էին խոսակցությունները նաև այն մասին, թե իբր Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն են ինչ-որ «կուլիսային համաձայնություններ» ձեռք բերել նույն թեմայով,
բայց մենք ելնում ենք այն փաստից, որ Ռուսաստանը, որպես հիմնական խաղաղարար և միջնորդ այս հարցում, մշտապես արտահայտել է միևնույն դիրքորոշումը, որը երբեք չի փոխվել, և այդ դիրքորոշման շրջանակներում երբեք չեն հնչել հայտարարություններ, չեն հայտնվել նախագծեր այն մասին, որ ինչ-որ տարածքներ են Հայաստանից փոխանցվելու Ադրբեջանին: Թեև Ռուսաստանը հանձնառու է թե՛ Մադրիդյան սկզբունքներին և թե՛ կայացված այլ որոշումների, այնուամենայնիվ այս փուլում խոսակցությունները շրջանների ինչ-որ մասը Ադրբեջանին հանձնելու մասին մնում են պարզապես խոսակցություններ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ղեկավարության վերոնշյալ հայտարարությանը, որ Ադրբեջանը պատրաստ է լուծել խնդիրը ռադիկալ ճանապարհով՝ ձեռնարկելով ինչ-որ ռազմական միջոցներ, ապա այդ հայտարարությունը բնական է: 2016 թ. ապրիլին տեղի ունեցած իրադարձություններից հետո Ադրբեջանը շատ հաճախ է հանդես գալիս նման հայտարարություններով: Դրանք կարելի է հասկանալ, որովհետև Ապրիլյան պատերազմի սահմանագիծն արդեն հատվել է, ուստի հռետորաբանությունը, բնականաբար, կոշտացել է, և առավել ևս, Ադրբեջանը իր ընկալմամբ տեսնում է, որ հարցը մնացել է նույն վիճակում, ինչ մինչև 2016 թ. ապրիլն էր: Իսկապես, եթե չհաշվենք այն փաստը, որ Ապրիլյան պատերազմի հետևանքով շփման գծի մի շերտ անցավ ադրբեջանական բանակի վերահսկողության տակ,
ապա ընդհանուր առմամբ ամեն ինչ մնացել է նույն վիճակում, և դա ստիպում է Ադրբեջանի ղեկավարությանը շատ կտրուկ հայտարարություններ անել՝ փորձելով ինչ-որ կերպ շարժել գործընթացը իրեն ցանկալի ուղղությամբ:
– Իսկ չե՞ք կարծում, որ թե՛ Ալիևի այս հայտարարությունը, թե՛ Սերժ Սարգսյանի խոսքերը Վիեննայի պայմանավորվածությունների վերաբերյալ ոչ թե մտադրությունների կամ գործողությունների մասին են, այլ պարզապես արտահայտում են կողմերի դիվանագիտական դիրքորոշումները: Տպավորություն չունե՞ք, որ կողմերը, որոնք Ժնևի հանդիպման շրջանում որոշ չափով մեղմացրել էին իրենց մոտեցումները, այժմ կրկին վերադառնում են իրենց նախկին դիրքերին:
– Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կողմ են արտահայտվում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման օգտին, բայց հարցն այն է, որ կողմերը տարբեր կերպ են պատկերացնում որոշումների կատարումը: Ադրբեջանը կարծում է, թե որոշումների կատարումը կհանգեցնի տարածքների վերադարձին, իսկ Հայաստանը, ընդհակառակը, կարծում է, որ այդ որոշումները պետք է ամրապնդեն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունը, որպեսզի չլինեն հրաձգություններ և իրադրությունը խաղաղ լինի հայ-ադրբեջանական շփման գծում: Հարցն այս իմաստով հասցեագրված է ոչ թե Հայաստանին
կամ Ադրբեջանին, այլ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանաձևերի հեղինակներին: Եթե այդ համաձայնությունները ամրագրված չեն հստակ, պարզ ու միանշանակ իմաստով, առավել ևս թարգմանված չեն այլ լեզուներով, օրինակ՝ հայերեն և ադրբեջաներեն, կարող են լինել զանազան տարընթերցումներ: Բոլոր դեպքերում այս կետերը չեն իրականացվելու: Մենք երկու տարի անց էլ խոսելու ենք այն հարցի մասին, թե ինչու չեն կատարվել 2016 թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանաձևերը: Ուստի մենք արդեն հույս չունենք, որ դրանք կկատարվեն: Բայց հաշվի առնելով այս փորձը, որ բարձր մակարդակով անցկացված գագաթնաժողովների որոշումները չեն կատարվում, հետագա համաձայնությունների տեքստերը պետք է այլ կերպ գրվեն: Մեկ էջի սահմաններում մի քանի կետերով պետք է նշվի, թե կոնկրետ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն և ինչ ժամկետներում:
– Այսպիսով, Դուք չե՛ք կարծում, որ Լավրովը գալիս է Բաքու և Երևան կոնկրետ ինչ-որ նախաձեռնությամբ կամ առաջարկներով՝ կապված ղարաբաղյան հարցի հետ:
– Այո, ես այդպես չեմ կարծում, ես տարատեսակ խոսակցությունների ու ենթադրությունների կողմնակից չեմ: Կարծում եմ, որ գլխավոր նպատակը պաշտոնապես հայտարարված նպատակն է՝ տոնակատարությունները դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով: Չեն լինի ինչ-որ նախագծեր, որոնք կարող են տեղաշարժեր առաջացնել: Այլապես դրանց մասին վաղուց հայտարարած կլինեն: Մենք պիտի ուշադրություն դարձնենք այն փաստին, թե որքան ժամանակ է անցել 2016 թ. ապրիլից, հետևաբար բոլոր այդ առաջարկությունները ավելի շուտ ի հայտ կգային:
Կա ևս մի կարևոր, որոշիչ հանգամանք բոլոր այդ խոսակցությունների, կարգավորման ծրագրերի կամ այսպես կոչված՝ «Լավրովի պլանի» մասին: Ռուսաստանը կարող էր փորձել իրականացնել Ղարաբաղի հարակից տարածքների կամ դրանց մի մասի փոխանցումը Ադրբեջանին մինչև 2014 թ. աշխարհաքաղաքական շրջադարձը, որից հետո իրադրությունը կտրուկ փոխվեց, և եթե այսօր Ռուսաստանը փորձի գաղտնի բանակցությունների միջոցով կամ թեկուզ հրապարակայնորեն անել այն, ինչ կարելի էր անել մինչև 2014 թ., այդ դեպքում
Հայաստանում կարող են տեղի ունենալ շատ լուրջ ներքաղաքական իրադարձություններ, որոնք կփոխեն Հարավային Կովկասի տարածաշրջանային քարտեզն ընդհանրապես: Մենք պիտի նկատի ունենանք ոչ միայն ղարաբաղյան խնդիրը, այլև այն, թե ինչպիսի ռեժիմում են այժմ տարածաշրջանային քաղաքականությունը, եվրասիական քաղաքականությունը, և այն հանգամանքը, որ Հայաստանն այսօր աշխատում է Եվրամիության հետ գործընկերային հարաբերությունների խորացման ուղղությամբ և միաժամանակ հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Կարծում եմ՝ կգտնվեն ուժեր ոչ միայն Հայաստանի ներսում, այլև Հայաստանից դուրս, որոնք կփորձեն օգտվել այս իրավիճակից՝ Հայաստանի ներքին իրադրությունն ապակայունացնելու նպատակով: Կրկնում եմ՝ մինչև 2014 թ. կամ մինչև 2016 թ. ապրիլը Ռուսաստանը կարող էր դա անել՝ պայմանավորվելով Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց այսօր իրավիճակը փոխվել է: Հենց այդ պատճառով Հայաստանի ցանկացած կառավարություն նման փորձը կդիտարկի որպես սպառնալիք կամ
հարձակում Հայաստանի վրա: Այո, ես ոչ թե չեմ բացառում, այլ համոզված եմ, որ որոշ մարդիկ մտածում են այդ գաղափարի մասին, որոշ դիտորդներ ցանկանում են Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված նման տարբերակներով հիմնախնդրի լուծում, բայց գլխավոր հարցն այն է, թե ինչպես կարելի է դա իրականացնել: Իսկ դա կարելի է իրականացնել միայն ինչ-որ ռազմական ցնցումների միջոցով, որովհետև Հայաստանը դժվար թե համաձայնվի նման պայմաններով հենց այնպես ինչ-որ բան հանձնելուն: Հայաստանի մտավախությունների աստիճանը բարձրացել է Ապրիլյան պատերազմից հետո, որովհետև Հայաստանը չունի անվտանգության երաշխիքներ:
– Բայց թույլ տվեք նկատել, որ նման նախադեպեր արդեն եղել են վերջին երկու տարիների ընթացքում, երբ Լավրովի այցի նախօրեին տեղեկատվական արտահոսքեր էին լինում ռուսական մամուլում «Լավրովի պլանի» մասին:
– Այո, բնական է, որ մամուլը գրում է տարատեսակ սենսացիոն լուրերի մասին: Լրագրողներին միշտ էլ հետաքրքիր է քննարկել, մեկնաբանել նմանատիպ տեղեկությունները: Եվ մենք՝ փորձագետներս էլ գիտենք, որ գոյություն ունի նման բառակապացկություն՝ «Լավրովի պլան»: Բայց կա նման արտահայտություն նաև հետխորհրդային տարածության մեկ այլ հատվածում. Մոլդովայում էլ տարիներ շարունակ քննարկում են «Կոզակի պլանը»: Այս արտահայտությունների մեջ սարսափելի ոչինչ չկա, դրանք չեն հանգեցնում ինչ-որ գործողությունների: Ռուսաստանին ինչ-որ տեղ ձեռնտու է, որ այդ հարցերը քննարկվեն մամուլում, որովհետև եթե ոչինչ չի քննարկվում, կողքից տպավորություն է ստեղծվում, թե Մոսկվան ընդհանրապես առաջարկելու բան չունի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շրջանակներում: Ուստի եթե մամուլը գրում է
դրա մասին, շատ լավ: Մամուլը, այնուամենայնիվ, պաշտոնական մարմին չէ: Բայց կրկնում եմ՝ եթե այդ ամենը սկսի կյանքի կոչվել, և Լավրովը հայտարարի իր ծրագրի մասին, այդ ժամանակ իրադրությունը Հարավային Կովկասում կսկսի փոխվել, նախքան ինչ-որ շրջանների հանձնումը: Կուզեի ևս մի հանգամանք նշել, որ Ադրբեջանում ձևավորված է հարյուրտոկոսանոց, երկաթե, ես կասեի՝ երկաթբետոնե համոզմունք, որ Ռուսաստանն իր ձեռքում է պահում ղարաբաղյան կոնֆլիկտի կառավարման թելերը, և ղարաբաղյան հարցի բանալին գտնվում է Կրեմլում: Հենց այստեղից էլ գալիս է այն վստահությունը, թե գոյություն ունի «Լավրովի պլան»: Բայց Մոսկվան այդ աստիճանի ազդեցություն չունի կոնֆլիկտի վրա: Պարզապես հնարավոր չէ դրանում համոզել ադրբեջանական կողմին, գուցե պետք էլ չի համոզել: Թող որ Ռուսաստանը ընկալվի որպես շատ ուժեղ և ազդեցիկ պետություն, և եթե մարդիկ խոսում են «Լավրովի պլանի» մասին՝ թող խոսեն:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am