Ինչպե՞ս են մարդկանց «չիպավորում» կորոնավիրուսի ժամանակ: Պետք է ողջամիտ լինենք, պետք չէ ամեն վախենալու երևույթներին հավատալ: Այս մասին այսօր իր ուղիղ եթերում ասաց մեդիափոձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ խոսելով այս ընթացքում քննարկվող այն թեմայի մասին, թե կորոնավիրուսի թեստավորման հետ զուգահեռ՝ չիպեր են տեղադրվում մարդկանց օրգանիզմում:
Նա նշեց, որ խոսվում է նաև պատվաստման ընթացքում չիպավորման մասին: «Չիպավորման և կոդավորման մասին խոսակցությունները վաղուց կան, ինչպես օրինակ՝ երբ սոցքարտը ներմուծվեց Հայաստան, ասում էին, որ սա ևս չիպավորման համար է: Ամեն տարի չիպավորման խոսակցություններ են գնում, և բնականաբար, կորոնավիրուսի տարածումն ավելի գրգռեց նման խոսակցությունները»:
«Կան արդյո՞ք չիպավորելու հնարավորություններ, կամ հնարավոր է արդյոք մարդու մեջ մոնոռոբոտներ մտցնել, որ նա չիմանա: Այս խոսակցություներն արդեն տարօրինակ չեն, այլ զավեշտալի են, որովհետև ձեզ վերահսկելու համար արդեն վաղուց ավելի հեշտ և էժան գործիքներ կան: Դուք հեռախոս եք առնում՝ թանկով, վարկով»,-ասաց նա:
Ըստ նրա՝ հեռախոսը՝ փաստացի այդ չիպն է, որոցով մարդիկ անընդհատ հայտնում են օպերատորին, թե որտեղ են գտնվում, հայտնում են, թե ում են զանգել: «Հենց հիմա էլ այդ համակարգը գործում է, որպեսզի բացահայտեն վարակակիրներին և նրանց հետ շփում ունեցողներին, և հեչ պետք չէ մարդկանց տարբեր խոռոչներից չիպեր «ներմուծել»»:
Մասնագետը նշեց, որ նույնիսկ ֆեյսբուքյան էջ ունենալն արդեն բավարար է նրա համար, որպեսզի ասեն՝ ոչ մի չիպ պետք չէ, քանի որ այն ամբողջությամբ հսկողության տակ է վերցնում մարդու բոլոր քայլերը:
«Տեսախցիկները ևս, մեզ կարող են հսկել: Դեռ Հայաստանում այս ամենը բարվոք վիճակում է, մեր օրենսդրությունը մեզ պաշտպանում է, որովհետև մենք դեմոկրատական երկիր լինել ենք ուզում: Բայց կան երկրներ, որտեղ այս չիպավորում ասվածը պետք չէ և այն գործում է ավելի հստակ ու կոնկրետ»,- նշեց նա:
Մարտիրոսյանը նշեց, որ չիպերից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առկա համակարգերից, որոնք անվերահկելի են աշխատում:
Մանրամասները՝ տեսանյութում