Օրենքը երբեմն այնպես է գրվում, որ տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Այս մասին այսօր ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման մասին թեմայի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Նա ասաց, որ 2018 թվականից առաջ օրենսդիր մարմնում դա լայնորեն կիրառվող պրակտիկա էր։ «Երբ կառավարությունն ասաց, որ անսահման անգամ կարելի է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, մեկ սցենար պարզապես ներկայացնեմ․ պատկերացրեք՝ արտակարգ դրությունը հայտարարվում է ոչ թե համավարակի հիմքով, այլ՝ քաղաքացիական անհնազանդության, հեղափոխական շարժման հիմքով եւ իշխանությունը կարծում է, որ դրանք սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություններ են եւ հայտարարում է արտակարգ դրություն․ այդպիսի դեպք ունեցել ենք 12 տարի առաջ։
Եւ իշխանությունը, օգտագործելով այդ առիթը, 2-րդ, 4-րդ, 5-րդ անգամ երկարաձգում է արտակարգ դրության իրավական ռեժիմը»,- ասաց Սիմոնյանը՝ հարցելով, որ եթե դա անգամ օրինական է, արդյո՞ք իրավաչափ է։
«Պարոն Սիմոնյան, եթե ենթադրությունների դաշտ սկսենք մտնել, կարող ենք օրինակ ենթադրել, որ երկրագնդի վրա աստերոիդ կընկնի ու այդ դեպքում արդյո՞ք այն իրավական գործիքակազմը, որ մենք ունենք, բավարար չափով մեզ թույլ կտա այդ իրավիճակին արձագանքել»,- Սիմոնյանի դիտարկմանն արձագանքեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ Նրա կարծիքով՝ ամեն նման մասշտաբային ֆորս մաժորի դեպքում գործում են ուրույն իրավիճակից բխող կանոններ եւ համապատասխանաբար աշխարհը վերափոխվում է, ինչպես նաեւ՝ իրավական գործիքները։
«Ինչ վերաբերում է ձեր հարցին, խորհրդարանն ունի կոնկրետ գործիքակազմ, որով կա՛մ առաջարկում է արտակարգ դրության ռեժիմի վերաբերյալ որոշման մեջ սահմանափակող դրույթներ վերացնել, կա՛մ՝ առհասարակ արտակարգ դրության ռեժիմը վերացնել»,- ասաց Ավինյանը՝ շեշտելով, որ դա կարող է անել խորհրդարանը՝ լինի դա հեղափոխություն, համավարակ, թե՝ աստերոիդ։
Տարոն Սիմոնյանն արձագանքեց՝ հասկանում է, որ այսօրվա մեկնաբանությունը վերաբերում է համավարակին եւ ինչ-որ առումով կարելի է լեգիտիմ համարել։ «Բայց իմ խնդրանքն այն էր, որ հետագայում իրավունքի մեկնաբանման պարագայում ավելի պատասխանատու մոտեցում դրսեւորենք, որ հանկարծ մեր այսօրվա մեկնաբանությունը 10 տարի, 5 տարի հետո հանկարծ չօգտագործվի ի վնաս այդ նույն իրավական պետության»,- ասաց նա։
Ավինյանն էլ պատասխանեց, որ վերահսկողական մեխանիզմը փաստացի գործում է եւ ամբողջ հանրությունը տեղեկացված է լինում այդ պրոցեսներից։ «Նույնիսկ եթե ձեր ասած սցենարով ապագայում նման քննարկումներ լինեն, այս ամբիոնից այդ ժամանակվա պարետը գալու է եւ ինչ-որ հիմնավորումներով փորձելու է ապացուցել, որ արտակարգ դրության ռեժիմը պետք է երկարաձգել։
Մանրամասները՝ Տեսանյութում