Ադրբեջանը կարող է ինքնակամ դուրս գալ Եվրոպայի խորհրդից: Երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի նախագահ Իլհամ Ալիևը, որի իշխանությունն արդեն տևական ժամանակ կոշտ քննադատության է ենթարկվում Եվրախորհրդի կողմից՝ ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, անգամ քննարկվում է Եվրոպայի ամենահին ու ամենամեծ կազմակերպությունից Ադրբեջանի հեռացման հեռանկարը:
«Ավելի քան 15 տարի մենք Եվրոպայի խորհրդի ակտիվ անդամ ենք, սակայն վերջին շրջանում կառույցի գլխավոր քարտուղարի գործունեության արդյունքում Եվրոպայի խորհրդի և Ադրբեջանի միջև արհեստական ճգնաժամ է ստեղծվել»,- հայտարարել է Ալիևը՝ պնդելով, թե այդ ճգնաժամի նախաձեռնողը Բաքուն չէ: «Մենք պարզապես համարժեք քայլեր ենք ձեռնարկում մեր նկատմամբ իրականացվող անարդար և կեղծավոր քաղաքականության դեմ»,- ասել է Ադրբեջանի առաջնորդը: Իլհամ Ալիևը իր կուսակիցների
առջև ելույթի ժամանակ անգամ սպառնացել է Եվրախորհրդին: «Եթե այդ ճգնաժամը խորանա, այդ դեպքում Ադրբեջանը ազատ կլինի իր ընտրության հարցում: Մենք ինքնակամ ենք անդամակցում կազմակերպություններին և ինքնակամ էլ կարող ենք լքել դրանք»,- ասել է նա:
Հայաստանում քիչ չեն քաղաքական գործիչները, փորձագետները, ովքեր անգամ ոգևորված են այն հանգամանքից, որ եվրոպական կառույցները կարող են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, անգամ նրան հեռացնել Եվրախորհրդից: Նման հեռանկարն իրականում ոչ միայն ոգևորության առիթ չի ստեղծում, այլ նույնիսկ որոշակի մարտահրավերներ ու ռիսկեր է ծնում ԼՂ կարգավորման գործընթացում և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից: Նախ` Եվրախորհրդի անդամ Ադրբեջանը բոլոր դեպքերում ավելի կանխատեսելի քաղաքականություն է վարում` անկախ Իլհամ Ալիևի ու Ադրբեջանի իշխանության մյուս ներկայացուցիչների հռետորաբանությունից ու այն հանգամանքից, որ Եվրախորհրդի որոշումներն իմպերատիվ ուժ չունեն:
Մյուս կողմից` քաղաքակիրթ աշխարհից ու եվրոպական կառույցներից մեկուսացած, ըստ էության` իզգոյացած Ադրբեջանը նետվելու է Ռուսաստանի գիրկը, ինչն օբյեկտիվորեն մեծացնում է ԼՂ հարցում ռուս-ադրբեջանական հակահայկական գործարքի հնարավորությունը: Ընդ որում` ասվածը բացարձակապես չի ենթադրում, որ անպայման Բաքուն Մոսկվային պետք է ինչ-որ բան համոզի: Շատ հնարավոր է, որ Ադրբեջանը Ռուսաստանի ձեռքին մահակ դառնա Հայաստանի հետ հարաբերություններում կամ էլ` ԼՂ հակամարտության գոտում ռուսական զինուժ տեղակայելու համար:
Այսինքն՝ մենք գործ ենք ունենալու ավելի անկանխատեսելի կամ Ռուսաստանի կողմից վերահսկվող Ադրբեջանի հետ:
Պատահական չէ, որ Իլհամ Ալիևի հակաեվրոպական հռետորաբանության ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուղղությամբ այսօր հոխորտացել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, որը երեկոյան մեկնել է Մոսկվա, որտեղ վաղը
հանդիպելու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: «Հանդիպման օրակարգը հայտնի է: Մենք ցանկանում ենք, որ բանակցությունները չլինեն հանուն բանակցությունների: Նույնիսկ պահանջում ենք, որ կոնկրետ արդյունքներ լինեն: Նախագահների հանդիպմանը ևս նշվել է, որ բանակցությունները պետք է ակտիվ բնույթ կրեն: Ես Մոսկվա եմ մեկնում այս դիրքորոշմամբ»,- ասել է Մամեդյարովը: Նրա խոսքերով՝ ժամանակն է լուծելու Ղարաբաղյան հակամարտությունը:
Ադրբեջանը, ըստ էության, տոտալ գրոհի է անցել թե՛ եվրոպական և թե՛ ղարաբաղյան ճակատներով: Իհարկե, Բաքվի կոշտ դիրքորոշումը ԼՂ հարցում առայժմ ավելի շատ
դիվանագիտական շանտաժի, քարոզչական բնույթ ունի, որի նպատակը համանախագահների ու հատկապես` Մոսկվայի քաղաքականության վրա ազդելն է: Այս պահին ադրբեջանական շանտաժն որևէ պրակտիկ ազդեցություն չի ունենալու Մոսկվայի քաղաքականության վրա, սակայն Ռուսաստանի իշխանություններն առնվազն կօգնեն, որպեսզի Ադրբեջանը հնարավորինս արագ հայտնվի ռուսական «թակարդում», որպեսզի, ըստ անհրաժեշտության, որոգայթ հյուսվի Հայաստանի համար:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am