Ռուսաստանի մոտ բանալի այլևս չկա... կա պատասխանատվության բեռը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ մեկնում է Մոսկվա Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման: Նա հայտարարել է նաև, որ Ադրբեջանը բանակցությունից պահանջում է արդյունքներ: Նոյեմբերի 14-ին Մոսկվայում համանախագահների հետ հանդիպել է նաև Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը:

Այսօր Մոսկվայում է Սերժ Սարգսյանը, իսկ նոյեմբերի 13-ին Պուտինի հետ հանդիպում էր Թուրքիայի նախագահ Էրդողանը: Հաջորդ շաբաթ էլ ՌԴ արտգործնախարար Լավրովն է պատրաստվում այցելել Երևան ու Բաքու: Ակնառու է, որ Մոսկվան դարձել է տարածաշրջանային որոշակի զարգացումների, ղարաբաղյան կարգավորման գործընթացի որոշակի հանգրվանային առանցք: Արդյո՞ք դա նշանակում է, որ կարգավորման այսպես ասած բանալին կրկին Մոսկվայի ձեռքում է, ինչպես հաճախ հիշատակվում է այդ առիթով:

Առերևույթ իհարկե ամեն ինչ թողնում է հենց այդ տպավորությունը, սակայն երբ փորձում ենք խորքային դիտարկման ենթարկել ոչ միայն բուն գործընթացի ֆորմալ զարգացումները, այլ նաև իրական քաղաքականության ռեժիմում տարածաշրջանային իրողությունները,

ապա ակնհայտ է դառնում, որ կարգավորումը պարզապես չունի բանալի: Այդ իրավիճակում Մոսկվայի ձեռքին ոչ թե բանալին է, այլ Մոսկվայի ուսերին պատասխանատվությունն է՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության պատասխանատվությունը:Այդ հարցում Ռուսաստանի կովկասյան դերակատարումը դիտարկվել է հենց իբրև ղարաբաղյան կարգավորման բանալի, սակայն իրադարձությունների զարգացումը ցույց է տվել, որ դա ամենևին այդպես չէ և Մոսկվան անկարող է իր տարածաշրջանային ռազմական կամ ռազմա-քաղաքական գերակայությունը օգտագործել իբրև բանալի: Եթե անգամ երբևէ եղել է բանալի, ապա ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ է, որ Մոսկվան գործնականում հայտնվել է պատասխանատվության ծանր բեռի տակ:

Մոսկվան իր դերակատարումը կարող է օգտագործել իբրև կայունության և անվտանգության որոշակի պարեկ, կամ այլ կերպ ասած երաշխավոր, կամ Մոսկվան պարզապես կկորցնի տարածաշրջանում իր որևէ դերակատարում, դառնալով ըստ էության ավելորդ: Դա է իրավիճակը և այդ պարագայում ռազմական մենեջմենտի կամ առավել ևս ռազմական շանտաժի քաղաքականությունը Ռուսաստանի համար դառնում է ոչ միայն անհեռանկար,

այլ նույնիսկ խիստ վտանգավոր: Այստեղ է խնդիրների առանցքը՝ Ռուսաստանը շարունակո՞ւմ է առերևույթ ներկայանալով ռեգիոնալ անվտանգության այսպես ասած հսկիչ իրականում խաղալ անվտանգության սպառնալիքների վրա, թե՞ այդ առումով հրապարակային և սվերային քաղաքականությունը ներդաշնակվում է մեկ ամբողջությամբ մեջ և Կրեմլը քայլեր է կատարում անվտանգության գոնե խոշոր սպառնալիքները հնարավորինս զսպելու, չեզոքացնելու համար:

Այդ տեսանկյունից, Մամեդյարովի հայտարարության տոնայնությունը վկայում է, որ Ադրբեջանի արտգործնախարարն այդքան էլ լավատեսությամբ չի մեկնում Մոսկվա, ինչն ընդհանուր առմամբ կարող է այսպես ասած զգուշավոր լավատեսության հիմք տալ

տարածաշրջանային անվտանգության հարցում Ռուսաստանի քաղաքականության հարցում: Ընդ որում հատկանշական է նաև, որ Մամեդյարովը բանակցությունից արդյունք է պահանջում սոչիում Պուտին-Էրդողան հանդիպումից հետո, ինչը նշանակում է, որ այդ հանդիպումը Բաքվի համար եղել է անարդյունավետ, հակառակ դեպքում Մամեդյարովը արդյունք պահանջելու փոխարեն պարզապես լռելյայն կգնար Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքի հետևից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am