Տարկետման իրավունքի չեղարկման դեմ ուսանողական բողոքը այսօր ունեցավ անսպասելի զարգացում՝ 5 ուսանողներ հացադուլ են հայտարարել պահանջով, որ օրենքի նախագիծը չեղարկվի: Դա թերևս այն անակնկալների շարքից էր, որ ուսանողները խոստացել էին նախօրեին: Զուգահեռ խորհրդարանում քննարկվում է օրենքը երկրորդ ընթերցմամբ և իշխանությունը գոնե առայժմ պնդում է իր տեսակետը: Ինչ կփոխվի հացադուլից հետո, ինչպիսի վերաբերմունք կունենա իշխանությունը, ինչպիսի զարգացում կստանա բողոքի ալիքը, հարցեր են, որոնք տեսականում ունեն բազմաթիվ պատասխաններ, սակայն գործնականում իրավիճակը կարող է դառնալ ավելի ու ավելի անկանխատեսելի, մեծ հաշվով բերելով արդեն ընդհանուր իրավիճակի ապակայունացման:
Այստեղ արդեն խնդիրը անկասկած կստանա շատ ավելի լայն համատեքստ, քան զուտ տարկետման խնդիրը և ընդհանրապես զինված ուժերի և պաշտպանական համակարգի բարեփոխումների շուրջ բանավեճը կամ քննարկումը, թեկուզ և այժմ այդպիսի բան
գործնականում չկա էլ: Խնդիրն այն է, որ իրավիճակի ապակայունացումը հանգեցնելու է այսպես ասած ջրերի պղտորման, որտեղ արդեն բազմապատկվելու են ձկնորսները, որոնք անկասկած արդեն այսօր էլ կան: Իսկ իրավիճակի այդօրինակ գեներացիան խիստ անցանկալի է մի իրադարձության ֆոնին, որ սպասվում է ընդամենը տասը օր անց՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրում, որը Հայաստանի և տարածաշրջանի համար չափազանց կարևոր իրադարձություն է, չափազանց կարևոր քաղաքական ակտ, այդ թվում անվտանգության և պաշտպանության հարցերի ներառումով:
Այդ իրադարձությանն ընդառաջ Հայաստանի ներքին իրավիճակի շատ թե քիչ որևէ ապակայունացում հղի է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը սպառնացող տարատեսակ, անկառավարելի, ներկայումս գուցե նույնիսկ անթաքույց ռիսկերով: Այն, որ համաձայնագրի տապալումով կամ ձգձգումով շահագրգռված
սուբյեկտների պակաս չկա թե Հայաստանի ներսում, ընդհուպ իշխող համակարգում, թե առավել ևս Հայաստանի սահմաններից դուրս, կարծես թե վեր է կասկածից: Նույնպես կասկածից վեր է և այն, որ այդ սուբյեկտների համար կարող է բավականին թանկ և պատեհ ռեսուրս լինել որևէ առիթով հայաստանյան իրավիճակի ապակայունացումը:
Գործնականում իրավիճակը կարող է զարգանալ այնպես, որ Հայաստանը նոյեմբերի 24-ին ընդառաջ կանգնի ընտրության առաջ՝ կամ զոհաբերել փոքր կամ կարճաժամկետ խնդիրը մեծը, երկարաժամկետը, ռազմավարական խնդիրը ռիսկի չենթարկելու համար, կամ ռիսկի
ենթարկել Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, դրանով իսկ նաև Հայաստանի անվտանգության և պաշտպանության համար ռազմավարական, հիմնարար նշանակություն ունեցող բաղադրիչի ամրագրումը հայկական պետականության հաշվեկշռում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am