Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Երևանի բնակելի շենքերից մեկում շրջում է բնակարաններով և գրքեր նվիրում բնակիչներին։ Նրա այցելած շենքում, սակայն, անսպասելի իրավիճակ եղավ։
Երբ վարչապետն ու նրա թիկնապահները մտան վերելակ՝ այլ հարկ բարձրանալու համար, վերելակի լույսն անջատվեց։ Հեռախոսների լույսերի ներքո վարչապետն ու ուղեկիցները կարողացան բարձրանալ այլ հարկ։
Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը նշել է, որ պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը: «Անդրկովկասում չկար գրողների միություն, սակայն Թումանյանը ստեղծել էր «Վերնատունը», որն ինքնին գրողների միություն էր…»,- նշել է Միլիտոնյանը:
Բանաստեղծը նշել է նաև, որ Խորհրդային տարիներին էլ կար ծայրահեղություն, երբ մարդիկ իրենց տներում գրադարաններ էին ստեղծում և հաճախ չէին կարդում ունեցած գրքերը: Անկախության տարիներին գրքի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվեց, սակայն այսօր այն վերականգնվում է: Նրա գնահատմամբ՝ թյուր է այն կարծիքը, թե հայ ժամանակակից գրողների շրջանում չկան արժանի ստեղծագործություններ:
ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի գրողների միությունը, ՀՀ կառավարության որոշման համաձայն, յուրաքանյուր տարի Գիրք նվիրելու օրը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված և չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային, ինչպես նաև Արցախի և Ջավախքի գրադարանների միջև:
Հայաստանում գիրք նվիրելու օրը Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ նշվել է 2008 թվականից: Այս օրը տարբեր երկրներում կատարվում են բազմաթիվ միջոցառումներ, գրքեր են նվիրաբերվում գրադարաններին, որբանոցներին, դպրոցներին՝ փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը:
Մանրամասները՝ Տեսանյութում