Ամենահարուստ հայը ձեռնոց է նետում Ադրբեջանին...

 

Ալաշկերտ ֆուտբոլային ակումբը հայտարարել է այն մասին, որ դեկտեմբերից ակումբի հովանավորությունը ստանձնում է Տաշիր գրուպը, որի սեփականատերն է ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Ըստ տեղեկության, հնարավոր է նաեւ ակումբի վերանվանում՝ Ալաշկերտը կարող է կոչվել Ալաշկերտ-Տաշիր:Սամվել Կարապետյանը Հայաստանում ստանձնում է ավելի ու ավելի լայն դերակատարում, առավել լայն ներկայացվածությամբ: Այժմ Կարապետյանը փաստորեն մուտք է գործում ֆուտբոլ: Ալաշկերտ ակումբը Հայաստանի վերջին երկու տարիների չեմպիոնն է, որը նաեւ երկու տարի անընդմեջ հաղթահարում է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը: Սակայն ավելին հայկական ակումբը անել չի կարողանում: Բայց դրանից ավելին չի

կարողացել ու կարողանում անել որեւէ այլ հայկական ակումբ: Ընդհանրապես, հայկական ակումբային ֆուտբոլի վիճակը բավական տխուր է:Ակումբային ֆուտբոլի այդ տխուր վիճակն էլ ավելի դժգույն դարձավ ադրբեջանական ակումբային ֆուտբոլի ներկայացուցիչներից մեկի հաջողության ֆոնին, որին ադրբեջանցիներն ակնհայտորեն քաղաքական նկատառումով անվանակոչել են Ղարաբաղ, եւ որը հանդես է գալիս արդեն Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարում: Ավելին, ադրբեջանական ակումբը թեեւ խմբում վերջինն է, բայց ունի արդեն երկու միավոր: Իհարկե, հետաքրքիր է, որ երկու միավորն էլ ձեռք է բերել Մադրիդի Ատլետիկոյի հետ խաղում՝ ոչ ոքի Բաքվում եւ Մադրիդում:Այդ հանգամանքում ուշագրավ է այն, որ Մադրիդի Ատլետիկոյի հետ հովանավորչական պայմանագիր ուներ Ադրբեջանը՝ 2013 թվականից մինչեւ 2015 թվականը, որի ընթացքում տարեկան 6 միլիոն եվրոյի դիմաց մադրիդյան ակումբը իր համազգեստի վրա գովազդում էր Ադրբեջանը: Թեեւ

2015 թվականից հետո պայմանագիրն այլեւս ուժի մեջ չէ, այդուհանդերձ գուցե առաջացել է այնպիսի հոգեբանական կապ, երբ այսպես ասած մադրիդյան ակումբի «ոտքն առաջ չէր գնում» ադրբեջանական ակումբի հետ ամբողջ ուժով խաղալու համար:Բոլոր դեպքերում, ադրբեջանական ակումբի հաջողությունը Հայաստանում տվեց հայկական ակումբների եվրոպական խաղերի դժգույն պատկերի մասին մտորումների նոր առիթ: Միեւնույն ժամանակ հասկանալի է, որ ֆուտբոլային առավել հաջող մենեջմենտը չէ այդ հաջողության պատճառը, այլ առավելապես ֆինանսական կարողությունը: Մասնավորապես, ադրբեջանական ակումբում գերակշռող մեծամասնությունը լեգեոներներ են:Այդ իմաստով, երբ Ալաշկերտի հովանավորությունը ստանձնում է ըստ Ֆորբսի ամենահարուստ հայը, ինչ որ առումով ստացվում է, որ նա ուղղակի թե անուղղակի ձեռնոց է նետում ադրբեջանական

ֆուտբոլային «երազանքին»: Համենայն դեպս, ստացվում է իսկապես պատվախնդիր իրավիճակ. Ամենահարուստ հայի հովանավորած ակումբը թերեւս պետք է լինի գոնե այնպիսին, որ եթե անգամ չնվաճի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր, ապա գոնե մոտենա այդ հնարավորությանը, կարողանալով հաղթահարել որակավորման փուլերը:Ինչ խոսք, առանցքայինն իհարկե չպետք է լինի ադրբեջանցիների «ինադու» ինչ որ բանի հասնելը, այլ պետք է հաջողության ձգտումն ունենա այլ, առավել խորքային շարժառիթներ, ընդհանրապես չլինելով որեւէ մեկի կամ որեւէ բանի «ինադու»:

Միեւնույն ժամանակ, անհերքելի է, որ ֆուտբոլը ներկայում ունի բավական մեծ քաղաքական նշանակություն: Հայկական ֆուտբոլում ներառված են թե մարզական, թե քաղաքական ուշագրավ շերտեր: Դրանց հանդեպ ուշադրությունն առավել մեծացավ վերջին ամիսներին,

երբ Հայաստանի հավաքականն ունեցավ անհաջող ելույթ աշխարհի առաջնության ընտրական մրցափուլում: Դա ավելացրեց առանց այդ էլ առկա դժգոհությունը ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանից, որը նաեւ ՀՀԿ առանցքային դեմքերից է:

Սամվել Կարապետյանն էլ ներկայում առանցքային դեմք է, նա Հայաստանի ներդրողների ակումբի առաջնորդն է, իսկ այդ ակումբն էլ դիտարկվում է որպես վարչապետ Կարեն Կարապետյանի հենարան: Օրերս էլ հայտարարվեց, որ ակումբը առաջիկայում՝ նոյեմբերի 13-ին կհայտարարի 1 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրերի կամ մտադրությունների մասին: Ընդ որում, այդ մասին հայտարարեցին թե Սերժ Սարգսյանը, թե Կարեն Կարապետյանը, թողնելով տպավորություն, որ այդուհանդերձ առկա է իշխանական համակարգի ստատուս-քվոյի հարցում սահուն տրանսֆորմացիայի որոշակի ներքին պայմանավորվածություն:Հետաքրքիր է, արդյոք պայմանավորվածության եւ ներդրումային

փաթեթի մեջ մտնում է նաեւ ֆուտբոլը, որը Հայաստանի իշխող համակարգի տնտեսա-քաղաքական քվտավորման ենթակա ոլորտներից է, ինչպես սպորտը ամբողջությամբ, որ բաժանված է համակարգի ներկայացուցիչների միջեւ:Ի դեպ, այդ տեսանկյունից ուշագրավ է նաեւ, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն էր, սակայն մի քանի ամիս առաջ թողեց այդ պաշտոնը: Հետաքրքիր է նաեւ, որ մի քանի շաբաթ առաջ այդ կապակցությամբ աղմկոտ հայտարարություն էր արել սպորտի ծառուկյանական նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ասելով, որ թողնելով ֆեդերացիան, Սամվել Կարապետյանը մարզաձեւը դրեց բավական ծանր վիճակում, եւ միայն Գագիկ Ծառուկյանի

միջամտությունն օգնեց խուսափել լուրջ խնդիրներից:Նույն հայտարարության մեջ Ռոստոմյանը նշել էր նաեւ, թե հայկական ֆուտբոլն էլ զարգացում կունենա միայն այն դեպքում, երբ այնտեղ մուտք գործի Գագիկ Ծառուկյանը: Այդ հայտարարությունը Ծառուկյան-Հայրապետյան վաղեմի հակադրության տիրույթում էր, բայց փաստորեն ֆուտբոլ է մուտք գործում Սամվել Կարապետյանը, այսպես ասած «երրորդ ուժի» սկզբունքով:Նա կհավակնի՞ ֆեդերացիան գլխավորելուն, թե՞ հայկական ֆուտբոլն էլ այսպես ասած կանցնի արդեն խորհրդարանական կառավարման մոդելի, այսինքն կախված չի լինի մեկ մարդուց:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am