Ի՞նչ է Կատարվում . Ինչո՞ւ է աղմկում Թուրքիան...

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին, որտեղ հավաստում է Ֆրանսիայի բարեկամությունը Հայաստանին ու հայերին, նաև խոսում Լիբանանի մասին՝ ընդգծելով Լիբանանի կարևոր դերը տարածաշրջանում, որպես բազմազգ պետություն, որտեղ իր կարևոր դերն ունի նաև հայությունը: Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան իր դաշնակիցների հետ շարունակելու է աշխատել Մերձավոր Արևելքի խաղաղության ապահովման համար՝ պահպանելով ցեղային ու կրոնական տարբերություններն ու ինքնությունը, ինչն այդ տարածաշրջանի յուրահատուկ հատկանիշներից է:

Ֆրանսիայի նախագահի նամակը Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին ինքնին, իհարկե, հետաքրքիր է, սակայն առավել հետաքրքրանում է այդ հարթության վրա տեղի ունեցող մի քանի այլ իրադարձությունների ֆոնին, դրանց ուղեկցությամբ կամ ուղեկցելով դրանց: Որն է մեկնակետը, թերևս, բավական դժվար է ասել, որովհետև Մերձավոր Արևելքում իրադարձությունները թեժ և ողբերգական ընթացք են ստացել արդեն տարիներ շարունակ, և մեկնակետ փնտրելը, թերևս, բացարձակապես ավելորդ է և իզուր: Ներկայումս պետք է փնտրել ողբերգության վերջակետ, թեև հենց դա է, որ չի ստացվում ոչ մի կերպ, թեև թվում է, որ կողմերը մոտենում են դրան, դրան մոտենում են աշխարհաքաղաքական ազդեցիկ դերակատարներն ու ուժային կենտրոնները, որոնք անմիջականորեն ներգրավված են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Վերջին շաբաթներին, սակայն, իրադարձությունները կարծես թե մտել են մի նոր փուլ, ապրում են մի նոր ու հետաքրքիր ալիք, որն արտահայտվեց կամ նախանշվեց տարածաշրջանի քրիստոնյա համայնքների համաժողովում ողջույնի ելույթ ունեցած ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հայտարարության մեջ: ԱՄՆ փոխնախագահը հայտարարեց, որ Նահանգները միշտ լինելու է տարածաշրջանի քրիստոնյաների կողքին և նրանց ցուցաբերելու է այլևս առանձին, այսպես ասած՝ ինքնուրույն օգնություն, առանց ՄԱԿ շրջանակի, քանի որ այդ շրջանակում բաժանվող օգնության պարագայում չի ապահովվում օգնություն ստացողների ֆիզիկական անվտանգությունը:

Դա բեկումնային հայտարարություն է, որովհետև, ըստ էության, խոսքը վերաբերում է մի բանի, որն անկասկած ենթադրում է համալիր միջոցառումներ, քան զուտ օգնություն բաժանելը: Դա էլ իր հերթին նշանակում է, որ խոսքը վերաբերում է տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության բավականին հիմնարար փոփոխության հեռանկարին, որ ազդարարել է Նահանգների փոխնախագահը: Ինչ իրավիճակի կհանգեցնի այդ փոփոխությունը, ինչ վերադասավորումների, քաղաքական կամ ընդհուպ ռազմական զորաշարժի կբերի, անկասկած չափազանց բարդ է կանխատեսել անգամ տարածաշրջանի զարգացումներին ակնդետ հետևող փորձագետների համար:

Ընդհանուր առմամբ, սակայն, տեղի են ունենում բավականին հետաքրքիր զուգահեռ զարգացումներ, և Թուրքիայի նախագահ Էրդողանն է հայտարարում Մոսկվա այցելելու մտադրության մասին, որտեղ Պուտինի հետ անկասկած քննարկելու է նաև Մերձավոր Արևելքի թեման, թեև մեզ հայերիս կամ հայաստանցիներիս ավելի գրավեց ղարաբաղյան խնդրի քննարկման մասին հայտարարությունը, երբ Էրդողանը հայտարարել էր, թե Պուտինը այդ խնդրի վրա կենտրոնանալու դեպքում կնպաստի արագ կարգավորմանը: Մինչդեռ չի բացառվում նաև, որ այդ խնդիրն Էրդողանի համար ավելի շուտ, այսպես ասած, Ռուսաստանի հետ «բարտերի» հարց է, քան Անկարան իսկապես շահագրգռված է արագ կարգավորմամբ կամ ընդհանրապես կարգավորմամբ: Բայց դա, իհարկե, այլ խոսակցության նյութ է:

Սիրիայի հարցում Անկարան, իհարկե, Մոսկվայի հետ ունի խոսելու շատ բան, եթե ԱՄՆ-ն անում է այդպիսի կարևոր հայտարարություն և գործնականում ազդարարում առավել անմիջական և ուղիղ ներգրավվածության քաղաքականության մասին: Եթե ԱՄՆ-ն հայտարարում է, որ անմիջականորեն է պատրաստվում բաժանել մարդասիրական օգնությունը, ապա դա կարող է նշանակել, որ ԱՄՆ-ն սկսում է նաև տարածաշրջանի, այսպես ասած, նոր բաժանման մի փուլ: Անկարան ու Մոսկվան, որ գործնականում վաղուց էին փորձում պայմանավորվել տարածաշրջանը բաժանելու հարցում, անկասկած քննարկելու բան ունեն ԱՄՆ միջամտությունից:

Չի բացառվում նաև, որ Թուրքիան Մոսկվային լրջորեն կասկածում է ԱՄՆ հետ, այսպես ասած, սեպարատ գործակցության համար: Եվ այստեղ խիստ հետաքրքրական է, օրինակ, այն, որ նոյեմբերի 6-ին Իսրայել է այցելում Հայաստանի արտգործնախարարը՝ այդ երկրի վարչապետ Նեթանյահուի հրավերով: Իսկ հաշվի առնելով հայ-ռուսական և իսրայելա-ամերիկյան հարաբերության հանգամանքը, հնարավոր է հայ-իսրայելական այդ շփման մեջ նկատել նաև որոշակի ռուս-ամերիկյան միջնորդավորված շփում:

Հետաքրքիր է նաև դրան զուգահեռ Ֆրանսիայի նախագահի նամակը Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին: Եթե դրան ավելացնենք նաև այն, որ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարն էր հերթական անգամ հայտարարել Սիրիա մարդասիրական ականազերծմանը մասնակցելու Հայաստանի պատրաստակամության

մասին, ապա այստեղ, իհարկե, ուրվագծում է նաև բավականին հետաքրքիր մի բան՝ Մերձավորարևելյան տարածաշրջանի հանդեպ ուշադրության գրեթե սինքրոն աճ, և մասնավորապես հայկական առանցքի շուրջ աշխուժություն է նկատվում Մինսկի խմբի համանախագահ եռյակում՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա:

Թերևս, հասկանալի է դառնում, թե ինչու է Էրդողանը Մոսկվա մեկնելուց առաջ դժգոհում ղարաբաղյան խնդրում Պուտինի ոչ բավարար ուշադրությունից: Իրականում այդ դժգոհության մեջ, թերևս, Թուրքիայի տագնապն է առ այն, որ Ռուսաստանը Մերձավորարևելյան գոտում կարող է ավելի շուտ գործել Մինսկի խմբի համանախագահության, քան ռուս-թուրքական ֆորմատով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am