Փաշինյանի խոսքով, երբ հեղափոխությունից հետո սկսեցին զբաղվել թաքնված ապրանքաշրջանառությունը ջրի երես հանելու հարցով, հանրայնորեն հնչել է քննադատություն, որ երբեմն մարդիկ ստիպված են ՀԴՄ կտրոն չտպել հացի փող աշխատելու համար, ինչից հետո տեղի են ունեցել փոփոխություններ Հարկային օրենսգրքում և տրվել են արտոնություններ միկրոբիզնեսին։
«Այդպես տարեկան մինչև 20 միլիոն շրջանառություն ունեցող ձեռնարկությունները ազատվում են հարկային պարտավորություններից, այսինքն՝ նրանք ազատվում են հարկերից։ Սա ինչո՞ւ մենք արեցինք, որ ՀԴՄ կտրոն թողարկելու և հացի փող աշխատելու ինստիտուտները իրար չհակադրվեն։ Հետևաբար ՀԴՄ չտպելու լեգիտիմությունը 2020 թվականի հունվարի 1-ից ուղղակի վերանում է։ Մարդկանց՝ հացի փող աշխատելու հանգամանքը նոր իրավիճակում հնարավոր է հաստատել միայն ՀԴՄ կտրոններ թողարկելու միջոցով, որովհետև պիտի թողարկեն ՀԴՄ-ներ, որի արդյունքում պիտի հաշվարկվի նրանց շրջանառությունը, ինչից հետո պետք է արձանագրվի, որ պետությունը նրանց հարկային պահանջներ չպիտի ներկայացնի», — ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2020 թվականի պետական բյուջեի եկամուտները ըստ բյուջեի մասին օրենքի պետք է 2019-ից 356 միլիարդ դրամով ավելի լինեն։
«Սա ուրախալի է, սակայն մեր ամբողջ պոտենցիալը չէ», — նշեց վարչապետը։ Ըստ Փաշինյանի, ՀԴՄ չթողարկող գործարարը գողանում է զինվորից, որովհետև 2019 թվականին նոր բյուջետային մուտքերի շնորհիվ բանակում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել։ «Ի՞նչ միջոցներով ենք արել այդ ամենը, արել ենք բյուջեի նոր եկամուտների շնորհիվ», — ասում է վարչապետը։
«Նոր տարվա զանգերից հետո Հայաստանում չի լինելու ՀԴՄ չթողարկելու որևէ պարագա, որը որևէ բարոյական, սոցիալական առումով ներման ենթակա է։ Երկար տարիներ միշտ ասվել է՝ համախմբվենք, մեր ազգային հարցերը լուծենք, սա համախմբվելու ձևերից մեկն է», — վստահ է վարչապետը։
Մանրամասները ArmLur TV-ի Տեսանյութում