armtimes.com- ը գրում է. Թավշյա հեղափոխության արտաքին-քաղաքական հիմնական «ինտրիգներից» ու ստորջրյա խութերից մեկն, անկասկած, հայ-ռուսական հարաբերությունների ապագան էր։ Բայց Հայաստանի նոր իշխանություններին հաջողվեց առանց լուրջ ցնցումների հաղթահարել այդ խութը, որովհետեւ ի սկզբանե հայտարարվեց, որ Հայաստանն արտաքին-քաղաքական կտրուկ շրջադարձերի չի գնալու, թավշյա հեղափոխությունն էլ արտաքին «հովանավորներ» չունի։ Սա, իհարկե, չի նշանակում, թե հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ հարթ ընթացավ։ Որոշակի լարվածություն, իհարկե, առաջացավ։ Բայց լարվածության հիմնական պատճառն այն էր, որ Հայաստանը ցանկանում էր փոխել հայ-ռուսական հարաբերությունների որակը եւ հասնել նրան, որ այդ հարաբերությունները լինեն իրավահավասար ու հիմնված լինեն փոխադարձ հարգանքի ու արժանապատվության վրա։
Ու քանի որ այս հարցում որոշակի կարծրատիպեր կան ոչ միայն մեր հանրային գիտակցության մեջ, այլեւ Ռուսաստանում (ի՞նչ արժանապատիվ ու իրավահավասար հարաբերություններ կարող են լինել «կրտսեր եղբոր» հետ), նոր Հայաստանի այս ձգտումը շատ սառը ընդունվեց եւ՛ Ռուսաստանում, եւ՛ Հայաստանի քաղաքական այն շրջանակներում, որոնք տասնամյակներ շարունակ համակերպվել էին «կրտսեր եղբոր» կարգավիճակին՝ սեփական ինքնիշխանության ու արժանապատվության հաշվին։ Իրավիճակն ակնհայտորեն վերջնականապես հարթված չէ, եւ այդ մասին է վկայում նաեւ վարչապետ Փաշինյանի վերջին հարցազրույցներից մեկի այն հատվածը, որտեղ նա հայտարարում է, թե եթե Ռուսաստանը մեզ ինչ-որ հարցում կասկածելու իրավունք ունի, մենք էլ նրանց կարող ենք կասկածել։
Բայց ակնհայտ է նաեւ, որ սա ոչ թե «լեզվակռիվ» է, այլ դաշնակիցների միջեւ երկխոսություն՝ դաշնակցային հարաբերություններն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով։ Ընդ որում՝ այս հարցում առաջընթացն ակնհայտ է. ռուսական քաղաքական շրջանակներում մեր նկատմամբ մեկ-մեկուկես տարի առաջվա թեթեւ հեգնանքը փոխվել է ընդգծված հարգանքի։
Հիմա տեսեք, թե ինչ է տեղի ունենում։ Եթե Հայաստանի ու Արցախի քաղաքական-փորձագիտական շրջանակներում հարցում անցկացվի հայ-ռուսական հարաբերությունների ապագայի վերաբերյալ, եւ մի քանի տարբերակներ առաջարկվեն /ասենք՝ «խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ», «բավարարվել կրտսեր եղբոր կամ անգամ ՌԴ մարզի կարգավիճակով», «կառուցել ռազմավարական-դաշնակցային հարաբերություններ՝ հիմնված իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի վրա»/, ակնհայտորեն միաձայն կընտրվի երրորդ տարբերակը։ Այսինքն՝ այս հարցում Հայաստանի իշխանությունների վերջնանպատակն ակնհայտորեն ճիշտ է։ Եվ Հայաստանում չի գտնվի որեւէ քաղաքական ուժ կամ փորձագետ, որը կվիճարկի սա։ Այլ կերպ ասած՝ սա պետական խնդիր է, որի լուծմանը պիտի նպաստեն բոլորը (անկախ ներքաղաքական տարաձայնություններից)։ Բայց ամեն անգամ, երբ ինչ-ինչ առիթներով այս հարցը թեժանում է, Հայաստանում իսկույն հայտնվում են կրակի վրա յուղ լցնողներ, ու սկսվում է...
Մի թեւը «դանոսներ» է ուղարկում Մոսկվա, թե «տեսեք՝ սրանք հերթական անգամ հակառուսական դավեր են նյութում, Արեւմուտքի պատվերն են կատարում, իրենք այդ ո՞վ դարձան, որ ուզում են ձեզ հետ իրավահավասար հարաբերություններ ունենալ, բա մենք տենց էի՞նք», եւ այլն, մյուս թեւը անգլերեն տառերով հայհոյանքներ է գրում Ռուսաստանի նախագահի հասցեին, սպառնում է Հայաստան գալուն պես նրա ետեւից փակել բանտախցի դուռը... Այսինքն արվում են քայլեր, որոնք ուղղակիորեն վնասում են Հայաստանի իշխանությունների՝ Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերություններ կառուցելու նպատակին։ Այլ կերպ ասած՝ իբր գտնվելով խրամատի տարբեր կողմերում, կոնկրետ այս հարցում նույն գործն են անում։ Գործ, որը բխում է ում շահերից ասես, բացի Հայաստանից։ Մանրամասները սկզբնաղբյուրում :
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ armtimes.com