«2008թ. փետրվարի 19-ին ՀՀ նախագահի ընտրություններից հետո Երևան քաղաքում սկսվեցին դժգոհության ալիքներ, տեղի էին ունենում հանրահավաքներ, ցույցեր, որոնք անցկացվում էին Ազատության հրապարակում: Այդ նույն ժամանակահատվածում, իմ հիշելով, Ադրբեջանի Հանրապետությունում, շփման գծում իրականացվում էին ԶՈւ ուժեղացված միջոցառումներ, որին մենք հետևում էինք: 2008թ․ փետրվարի 25-ից 26-ից հետո հանրահավաքները սկսեցին անկում ապրել: 2008թ․ մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին ոստիկանության ուժերը ցրեցին, ուժային գործողություններ են կիրառել, որն իմ և իմ կոլեգաների մոտ զարմանք առաջացրեց, քանի որ ցուցարարները քիչ էին, խաղաղ հանրահավաք, նստացույց էին անում, – գրել է Արշակ Կարապետյանը.
-Դրանից հետո, ինչքան հիշում եմ, բազմահազար մարդիկ սկսեցին կուտակվել Մյասնիկյանի արձանի մոտ: Իմ կարծիքով, ուժային միջոցառումները գրգռեցին մարդկանց, ստիպեցին բազմահազարանոց կուտակումներով հավաքվել: Այդ օրը նաև բախումներ եղան ժողովրդի և ոստիկանների միջև: Այդ օրերի ընթացքում, ինչպես նշեցի, ադրբեջանական զինված ուժերը քիչ-քիչ կուտակվում էին սահմանային տարբեր հատվածներում, հատկապես Արցախի պաշտպանության շրջաններում: Հետևանքը եղավ այն, որ առ ժամանակ անց հակառակորդի դիվերսիոն խումբը գրավեց պաշտպանական մի հենակետ: Իհարկե, մեր զինված ուժերը կարճ ժամանակ անց հետ գրավեցին մարտական հենակետը՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ՝ մի քանի զոհ էին տվել, դիակները թողել էին մեր հենակետում»։
«Ինձ և հրամանատարական կազմի շատերի համար զարմանալի էր, որ տարածաշրջանում տիրող վտանգավոր իրավիճակն անտեսելով Երևան քաղաք էին բերվել նաև սահմանային կորպուսների զորամիավորումներ: Խոսքը չի վերաբերում սահմանային դիրքերին կամ հենակետերին: Դա ինձ համար անընդունելի էր, քանի որ սահմանում իրավիճակը բավականին լարված էր և ցանկացած պահին կարող էր պրովոկացիա լիներ և դրանով պայմանավորված՝ լրացուցիչ ուժերի անհրաժեշտություն առաջանար: Ի՞նչ կարիք կար սահմանային կորպուսներից զորքը հանել, բերել Երևան, երբ Երևանում տեղի ունեցող իրադարձությունները կարող էին վերահսկվել այլ զորքերի, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում Երևանի կայազորում տեղակայված զորամասերի ուժերով: Անհասկանալի էր, թե ինչու է 3-րդ բանակային կորպուսից տեխնիկա բերվել՝ ԲՄՊ տեսակի զրահամեքենաներով: Այդ զրահամեքենաներն ի՞նչ պետք է անեին: Կարծում եմ, դրանց անհրաժեշտությունը չկար»:
«Ավելին նշեմ, ինչո՞ւ էին Արցախի պաշտպանության բանակից զորամիավորումներ բերվել, երբ դրանք ավելի շատ պետք էին հենց Արցախի պաշտպանական հատվածներում, որտեղ, ինչպես նշեցի, այդ օրերին դիվերսիոն հարձակում է տեղի ունեցել»:
Մանրամասները Տեսանյութում