Վարչապետ Փաշինյանն որ ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.
«Ահա եւ ավելի մանրամասն տեսանյութ Մարալիկի ֆաբրիկայի վերաբերյալ:
Առավոտյան աշխատող հոսքագիծը տեսա, չդիմացա, ուղիղ եթեր մտա: Հայաստան՝ արդյունաբերության երկիր»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզի Մարալիկ քաղաք։
Կառավարության ղեկավարը մասնակցել է Մարալիկի բամբակամանվածքային գործարանի վերագործարկման արարողությանը։ 13 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն իրականացնում է «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն։ 2018 թ. տարեվերջյան նիստերից մեկում ՀՀ կառավարությունը որոշել է արտոնություն տրամադրել նշված ընկերությանը՝ գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու նպատակով։ Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են բամբակի, թելի, կտորի թափվածքների արտադրության և վերամշակման մեջ։
Վարչապետ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական գործընթացին և հզորություններին, աշխատանքային պայմաններին և հնարավորություններին։ Վարչապետին արտադրական գործընթացը ներկայացնելու ընթացքում գործարանի ղեկավարներ Գևորգ Գասպարյանը և Վարդան Սրմաքեշը նշել են, որ Մարալիկի բամբակամանվածքային գործարանն արտադրելու է բամբակյա, կիսաբամբակյա թելեր, գործելու է կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ՝ նորագույն տեխնոլոգիաների համակցմամբ։ Արդեն այսօր գործարանի արտադրանքն օգտագործվում է բամբակյա պարանների, բրեզենտների, ձեռնոցների, գուլպաների և սրբիչների արտադրության մեջ։ Նախատեսվում է գործարկել նաև բժշկական բամբակյա իրերի արտադրություն։
Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայում «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ի կողմից մինչ օրս իրականացվել է 4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում։ Նախատեսվում է առաջիկա 1 տարում ավարտին հասցնել նաև ՀՀ կառավարության կողմից արտոնություն ստացած 13 մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծրագիրը։ Առաջին փուլով նախատեսվում է ունենալ մինչև 120 աշխատակից, ներկայում ընկերությունն ունի 41 վերապատրաստված աշխատակից, առկա են թափուր աշխատատեղեր։ Առաջին փուլով ամսական թողարկվելու է 380 տոննա թել, որը կիրառվում է տեքստիլ արտադրության մեջ։
Մանրամասները Տեսանյութում