Ալիևը կրակեց Սարգսյանի վրա . . .

Ադրբեջանական կողմի կրակոցից նախօրեին զոհվել է հայկական զինված ուժերի զինծառայող: Ադրբեջանի այդ հերթական սպանությունը տեղի է ունենում Ժնևի հանդիպումից ընդամենը երեք օր անց: Երեք օր անց այն հայտարարությունից, որ Սերժ Սարգսյանն արել էր շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը, Ալիևի հետ հանդիպումից անմիջապես հետո:

Սարգսյանը, ինչպես հայտնի է, հայտարարել էր, որ կոնկրետ որևէ տարբերակ չեն քննարկել, պայմանավորվել են քայլեր ձեռնարկել լարվածությունն էլ ավելի թուլացնելու համար, որ սահմանին զոհեր չլինեն: Սարգսյանը հայտարարել էր, որ դրանում շահագրգռված է թե՛ ինքը, թե՛ Ալիևը: Ընդ որում՝ նա շեշտել էր, թե տա Աստված, որ Ալիևը նաև հետագայում այդպես մտածի: Փաստորեն, «Աստված չտվեց», ինչպես արձանագրել էինք

հանդիպումից հետո, այստեղ խնդիրը Աստծո տալիքը չէ, այլ հայկական կողմի անելիքը: Աստված մարդուն բանականություն և ուժ է տալիս անելիքը անելու համար: Իսկ հայկական կողմի անելիքը ձևակերպման առումով պարզ է՝ զրկել Ադրբեջանին քաղաքական և ռազմական հարվածների հնարավորությունից, բերել մի իրավիճակի, երբ Ալիևի համար ոչ միայն ռազմական ծավալուն սադրանք անելը, այլ թեկուզ դիպուկահարի մեկ կրակոցը դառնա լուրջ խնդիր: Մյուս կողմից՝ այս խնդիրը ձևակերպելն, իհարկե, շատ հեշտ է, իսկ ահա դրան հասնելը, այսինքն՝ այդ իրավիճակը ստեղծելը բավական բարդ է:

Սրանով հանդերձ՝ առաջանում է հարց՝ իսկ արդյո՞ք հայկական կողմն անում է առավելագույնը այդ բարդ խնդրի լուծմանը հասնելու համար: Հասկանալի է, որ հասնելու համար պահանջվում է երկար ժամանակ, տքնաջան աշխատանք դիվանագիտական

տարբեր ուղղություններով, միաժամանակ նաև ներքին կառավարման էֆեկտիվության և տնտեսական զարգացման ուղղությամբ: Սակայն այդ ժամանակի անհրաժեշտությամբ հանդերձ՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունը ժամանակն օգտագործում է հնարավոր առավելագույն արդյունավետությամբ: Եվ այդ համատեքստում արդյո՞ք Ժնևի հանդիպումը, որը, փաստորեն, «սկսվեց» սահմանին Ադրբեջանի իրականացրած սպանությամբ և «ավարտվում» է դրանով, պաշտոնական Երևանի համար, մեղմ ասած, ժամանակի վատնում չէր:

Իհարկե, ողբերգական տեղեկությունները սահմանից ստացվել են նաև նախկինում, և այդ տեսանկյունից, մեղմ ասած, շատ բարդ է ասել, թե տեղի ունեցած ողբերգությունը կապ ունի Ժնևի հանդիպման հետ: Ի վերջո, երկու դեմ դիմաց կանգնած, խրամատային պատերազմի

մեջ գտնվող բանակների պարագայում վաղուց արդեն ամեն կրակոցը չէ, որ վերահսկվում է: Մյուս կողմից, սակայն, վերահսկվող, թե այսպես ասած՝ տարերային, բայց հայ զինվորին սպանած կրակոցը ուղղված էր նաև Սերժ Սարգսյանի դեմ: Կարո՞ղ է Սարգսյանն այդ կրակոցը շրջել Ալիևի դեմ՝ այդպիսով նաև ինչ-որ իմաստով կանխարգելելով նորանոր այդպիսի կրակոցներ: Սա է հարցը, որ առաջանում է ոչ թե նոր՝ տեղի ունեցած սպանությունից հետո, այլ եղել է միշտ, և ոչ միայն Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում:

Ի վերջո, պետք է արձանագրել, որ այդօրինակ ողբերգական միջադեպեր սահմանին եղել են միշտ, պարզապես տեղեկատվական միջավայրը չի եղել այնպիսին, որ դրանք ստանային լայն տիրաժավորում: Ինտենսիվությունն այստեղ էական չէ: Էականն այն է, որ հայկական կողմի համար կա, թերևս, արդեն երկրորդ տասնամյակն ընթացող խնդիր՝ անել այնպես, որ Ադրբեջանի կրակոցը դառնա ինքնասպանությանը հավասարազոր:

Պե՞տք է արդյոք եզրակացնել, որ դա նշանակում է չգնալ որևէ հանդիպման, մասնավորապես՝ պետք չէր գնալ Ժնև: Դա չափազանց բարդ հարց է՝ միարժեք, ոտքի վրա պատասխան ստանալու համար: Թեկուզ այն պարզ պատճառով, որ Ալիևը մարդասպանությունն իրականացրել է նաև Ժնև չլինելու պայմաններում, և այդ լինել-չլինելը չէ, որ պայմանավորելու է Ալիևի վարքը: Խնդիրն այն է, որ հայկական կողմում, ըստ էության, չկա խորքային պատասխանը, ռազմավարությունը, կոնցեպտը, թե ինչի համար է պետք գնալ Ժնև կամ ինչի համար պետք չէ գնալ Ժնև: Առավել ևս, որ, ի վերջո, Ժնևից հետո տեղի ունեցածն ամենևին ինքնաբերաբար չի խոսում Ադրբեջանի ինքնավստահության մասին, այլ գուցե՝ հակառակը:

Ամբողջ հարցն այն է, թե երբ է հայկական կողմը բերելու այն վիճակին, որ Ադրբեջանի համար հնարավոր չլինի մարսել ոչ միայն որևէ սպանություն, այլ նաև որևէ սպանության փորձ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am