ՌԴ պաշտոնյան ցնցեց հայկական համացանցը. խորհրդավոր ճեպազրույց.

Lragir.am - ը Գրում է.

Նախօրեին Հայաստանի սոցցանցում բավական մեծ արձագանք եւ աղմուկ առաջացրեց ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արտյոմ Կոժինը: Կոժինը, որ հայտնի Մարիա Զախարովայի տեղակալն է, հունիսի 1-ին ճեպազրույց էր ունեցել, որի ընթացքում ի թիվս շատ հարցերի, նրան ուղղվել էր նաեւ հարց Արցախի բանակցային կողմ լինելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ: Ավելորդ է ասել թերեւս, որ հարցն ուղղել էր ադրբեջանական լրատվամիջոցի ներկայացուցիչը:

 

Կոժինը հայտարարել էր, թե ընդհանրապես բարձրագոչ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում ԵԱՀԿ գցած հունի մեջ, ապակառուցողական են:

Փաստացի ստացվում է, որ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի ղեկավարը իրեն իրավունք է վերապահում Հայաստանի Առաջին դեմքի դիրքորոշմանը տալ որակում եւ գնահատել ապակառուցողական:

Հայաստանում այդ հայտարարությունը սակայն դիտարկվեց ոչ թե ռուսաստանցի պաշտոնյայի անընդունելի վարքագծի եւ դիվանագիտական ու միջպետական էթիկայի խախտման, այլ Հայաստանի հանդեպ ՌԴ վերաբերմունքի հետ կապված լուրջ խնդիրների մասին ազդարարման համատեքստում, դիտարկելով դա իբրեւ թավշյա հեղափոխության եւ նոր կառավարության գործունեության հետեւանք:

Զուտ ներքաղաքական տրամաբանության տեսանկյունից դա միանգամայն հասկանալի դիրքորոշում է: Ի վերջո, ներկայիս կառավարությունը, որ նախկինում ընդդիմություն էր, նույնպես բաց չէր թողնում մեծ ու փոքր ցանկացած առիթ նույն կերպ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին քննադատելու համար: Առավել եւս, որ առիթները մեղմ ասած քիչ չէին, ու զգալիորեն շատ ավելի լուրջ էին եւ պաշտոնեական մակարդակի առումով՝ ավելի բարձր:

ՀՀԿ-ն այդ ժամանակ հակադարձում էր, թե չկա որեւէ խնդիր, թե պաշտոնյայի դիրքորոշումը, կամ գերատեսչական որեւէ լրատվամիջոցի դիրքորոշումը դա Մոսկվայի դիրքորոշում չէ եւ հայ-ռուսական հարաբերության խնդրի վկայություն չէ: Օրինակ, ՀՀԿ-ն քիչ էր մնում Գարեգին Նժդեհին ներկայացներ իբրեւ Խորհրդային ականավոր գործիչ, երբ Մարիա Զախարովան դիտողություն էր արել նրա արձանի տեղադրման կապակցությամբ:

 

 

Այժմ խոսել է Զախարովայի տեղակալը: Ի դեպ, հետաքրքիր է, թե ինչու՞ է հենց նա տվել ճեպազրույցը, ոչ թե Զախարովան: Արդյոք այստեղ դեր ուներ հունիսի 1-ը, որը երեխաների պաշտպանության օրն էր: Բանն այն է, որ Ճեպազրույցի տեսագրությունը դիտելիս նկատելի է դառնում, որ պաշտոնյայի պատասխաններում ընդհանուր առմամբ ավելի շատ մանկություն կա, քան քաղաքականություն եւ դիվանագիտություն: Ու խոսքը միայն Հայաստանին առնչվող մասին չէ, որ վերաբերում է: Գործնականում հարցերի վերաբերյալ նրա պատասխաններից ակնհայտ էր, որ այդ պաշտոնյան չի տիրապետում թեմաներին եւ պարզապես չգիտե ինչ ասել:

Ավելի ուշ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում խմբագրվել է նրա խոսքի տեքստային հատվածը, եւ «ընդհանրապես բարձրագոչ հայտարարություններ»  արտահայտությունը փոխարինվել է «Ձեր բարձրագոչ հայտարարություններ» արտահայտությամբ: Տեսագրության մեջ սակայն հստակ է, որ պաշտոնյան հարց տվող ադրբեջանցի լրագրողին չի ասում ձեր, այլ ասում է ընդհանրապես: Բայց, խմբագրումը վկայում է, որ ՌԴ ԱԳՆ-ն հասկացել է սխալը, խնդիրը, եւ փորձել ուղղել այն:

Մյուս կողմից, հայտարարությունը, ըստ այդմ Հայաստանի հանդեպ էթիկայի կոպիտ խախտումը տեղի է ունեցել հրապարակավ, ըստ այդմ հերքումը եւ ներողությունը պետք է լինի հրապարակավ:

Այդ մասով սակայն չկա թե պաշտոնական Երեւանի, թե ՌԴ արձագանքը: Հայաստանում խնդրին անդրադարձել է միայն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, բայց նա էլ հայ-ռուսական հարաբերության մեջ խնդիրների մասին ահազանգի համատեքստում:

Իսկ արդյոք հարցը այդ դաշտում է, այսինքն Երեւանին պաշտոնական Մոսկվայի նպատակային ապտակի կամ մեսիջի դաշտում: Դա իհարկե շատ դժվար է ասել, քանի որ այստեղ անհրաժեշտ է ներքին տեղեկատվության պաշար, որ չկա:

Մյուս կողմից, Հայաստանի հանդեպ ռուսական տարբեր պետական-պաշտոնական խողովակներում կամ գերատեսչական հարթություններում այդօրինակ անբռնազբոս եւ անպատասխանատու պահվածքը բոլորովին նոր չէ եւ արտահայտվել է ամենատարբեր հարցերում, օրինակ երբ Երեւանը պատրաստվում էր ԵՄ հետ ստորագրել համաձայնագիր:

Ռուսաստանն իր դիրքերից՝ հայտնի դիրքերից, իրեն թույլ է տվել ու փաստորեն թույլ է տալիս Հայաստանի հանդեպ ունենալ այդ անպատասխանատու անբռնազբոսությունը, երբ տարբեր կարգի պաշտոնյաներ կարող են իրենց թույլ տալ անել հայկական պետականության արժանապատվությունը ոտնահարող անպատիժ հայտարարություններ:

 

Խնդիրը թերեւս հենց այդ, ոչ թե առանցքային, այդ թվում արցախյան խնդրում Հայաստանի հանդեպ կոշտ վերաբերմունքի եւ հայ-ռուսական լրջագույն խնդիրների դաշտում է: Այդ խնդիրը չի կարողացել լուծել նախորդ իշխանությունը, եւ նույնիսկ ինչ որ առումով էլ մակաբուծել է դրա վրա, լռությամբ բոնուսներ հավաքելով այլ հարցերի մասով եւ փորձելով Ռուսաստանի այդօրինակ հայտարարությունների հանդեպ իր հիմնականում լռությունը ՌԴ բարձրագույն իշխանության համար դարձնել ծուղակ եւ օգտագործել դա:

Ստացվում էր, թե ոչ՝ երբեմն գուցե այո, երբեմն՝ ոչ:

 

 

Ինչպե՞ս է պատրաստվում խնդրին մոտենալ Հայաստանի նոր իշխանությունը: Շարունակե՞լ այդ մարտավարությունը, որ կիրառում էր հինը, թե՞ փոխել այն եւ հանուն մեծ ու կարեւոր հարցերում գործակցության, չլռել այդպիսի դեպքերում:

Առաջիկայում սպասվում է Հայաստանի արտգործնախարարի այց Մոսկվա: Չի բացառվում, որ Երեւանը փորձում է մինչ Մոսկվա մեկնելը, որտեղ լինելու է արտաքին գործերի նախարարի փաստորեն առաջին հանդիպումը, մի ինչ որ պաշտոնյայի պատճառով չլարել մթնոլորտը, այլ կողմնորոշվել տեղում: Իհարկե կասկած չկա, որ եղել է չբարձրաձայնված արձագանք, ինչի արդյունքում է փոխվել եւ խմբագրվել գոնե տեքստը:

Բայց, ինչքա՞ն ռեսուրս ունի հայ-ռուսական միջպետական հարաբերության այդօրինակ շերտավորումը, այդ բնույթը: Միեւնույն ժամանակ, միթե Հայաստանում իշխանության բնույթի փոփոխությունը աստիճանաբար չի բերելու փոփոխության նաեւ Հայաստանի համար արտաքին քաղաքական կարեւորագույն հարցերում, թե Արցախի խնդրում, թե նաեւ հայ-ռուսական տիրույթում:

Հարկ է թերեւս արձանագրել մի կարեւոր պահ, որ մտահոգության առարկա է Հայաստանում: Արցախի եւ ռեգիոնալ քաղաքականության հարցում Կրեմլի դիրքորոշումն ու քաղաքականությունը պայմանավորված չի կարող լինել Հայաստանի իշխանության հետ հարաբերությամբ: Դա մասամբ այդպես էր մինչեւ 2016 թվականի ապրիլ, Սերժ Սարգսյանի հանդեպ Պուտինի մեծ անվստահության բերումով: Բայց ապրիլյան քառօրյան եւ հայաստանյան այդ օրերի հանրային դիրքորոշումները Կրեմլի համար նոր իրողություն էին, որ ստիպեցին հայ-ռուսական հարաբերությունն ու Հայաստանի, Արցախի ու ռեգիոնալ անվտանգության հարցերում ՌԴ քաղաքականությունը դիտարկել Հայաստանի իշխանության հանդեպ վերաբերմունքից դուրս, որովհետեւ հակառակ դեպքում խնդիրներ ունենում է ոչ միայն, ու գուցե ոչ այնքան այդ իշխանությունը, այլ հենց Ռուսաստանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.