«Սասունցի Դավիթ» կայարանի հարակից շուկայում անօրինականություններ են տեղի ունենում: Այս մասին Politik.am-ի խմբագրությանը տեղեկացրեցին շուկայում իրենց բերքը իրացնող գյուղացիները: Պարզվում է՝ շուկայի և նրա հարակից տարածքներում կանգնելու համար գյուղացիներից գումար են պահանջում, սակայն դրա դիմաց կտրոն չեն տալիս:
Ի դեպ պետք է նկատել, որ «Սասունցի Դավթի» հրապարակը հանրային տարածք է ու չկա այդ տարածքում առևտրային գործունեությամբ զբաղվելու իրավունք։
«Աղջիկ ջան առավոտ 7-ին գալիս ենք ստեղ, որ միրգը, բանջարեղենը ծախենք: Մեզ ա մոտենում էն հաստ գլխով տղան ու գումար ապահանջում: Գոռալով, զոռով 1000 դրամ գումար են պոկում, իսկ երբ ժամը 9-ն ա գալիս ստիպում են գնանք շուկա ու էս անգամ վճարենք շուկայի համար»,-ասաց Politik.am-ի հետ զրույցում գյուղացիներից մեկը: Գյուղացիները վախվորած էին և չէին ցանկանում անուն կամ բնակության վայր ասել: Նրանք համոզված են, որ դրանից հետո իրենց չեն թողնի ընդհանրապես շուկա մտնել:
Գյուղացիների կարծիքով վատ չէ, որ իրենք կարողանում են այդ տարածքում բերք վաճառել, բայց անհասկանալի է, թե ինչու են հանրային տարածքի համար վճարում անհայտ անձանց, որոնք որևէ պետական կառույց կամ մասնավոր հիմնարկի փաստաթուղթ չեն ներկայացնում։
Հետաքրքիր է, որ այս անօրինականությունը կատարվում է ոստիկանության տարածքային բաժանմունքից ոչ հեռու ու որևէ դեպք չի եղել, որ ոստիկանները փորձեն կանգնեցնել գյուղացիներից գումար հավաքող երիտասարդներին։
Լուսանկարները 2018 թվականի
Ի դեպ այս խնդրի վերաբերյալ Politik.am-ը հրապարակում էր պատրաստել նաև 2013 թվականին, սակայն օրվա իշխանությունները չլուծեցին այս խնդիրը։
Հիմա գյուղացիները հույս ունեն, որ անօրինական գանձումներ իրականացնողներին կհեռացնեն տարածքից, իսկ իրեցն հնարվորություն կտան առևտուր իրակնացնել, իսկ եթե անհրաժեշտ է իրեն պատրաստ են վճարել նաև պետության կողմից պահանջվող հարկերը։
Հ․Գ․ Գյուղացիների շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ երիտասարդները ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի աշխատակիցներն են ու ինքն է վերահսկում այս բիզնեսը։ Փաստորեն Մհեր Սեդրակյանը դեռևս չի զգացել երկրում տեղի ունեցած փոփոխությունները։
Տեսանյութը նկարահանվել է 2013 թվականին