Նոր Տեղեկություններ՝ Ի՞նչ է կատարվում Պուտինի հետ. Հայաստանը պետք է պատրաստվի.

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է լրագրողներին, որ Պուտինը «մրսած» է, սակայն շարունակում է աշխատել: Վերջին օրերին Պուտինը չեղարկել է մի քանի միջոցառում, թեեւ Կրեմլի կայքում կան տեղեկություններ անցկացված որոշ միջոցառումների մասին: Ըստ երեւույթին, ՌԴ նախագահը անցկացնում է միջոցառումներ, որոնք չեն ենթադրում մասնակիցների մեծ թվաքանակ, որոնք «դուրս չեն» Կրեմլի պատերից: Ռուսաստանի լրատվամիջոցները հայտնում են նաեւ, որ վերջին օրերին Պուտինն իսկապես թողնում էր վատառող տպավորություն, նրա ձայնը խռպոտ էր, կտրտվող, ինքը՝ ցրված, օրինակ հանդիպումներից մեկում մի քանի անգամ տվել է հարց, որի պատասխանը ստացել էր դրանից առաջ:Ի՞նչ է կատարվում Պուտինի հետ: Նրա առողջության թեման լայնորեն շրջանառվում է արեւմտյան մամուլում, այն տոնայնությամբ, որ Պուտինը կորցրել է աշխատունակությունը:

 

Մի շարք փորձագետներ նշում են, որ Կրեմլը չի ուզում խոստովանել նրա առողջական խնդիրը, դա համարելով նախագահի մարտին կայանալիք ընտրության նախընտրական շրջանում PR տեսանկյունից ոչ այնքան նպաստավոր հանգամանք: Այդուհանդերձ, «մրսածության» փաստը Կրեմլը խոստովանել է, ինչը թերեւս պայմանավորված է նրանով, որ այլեւս հնարավոր չէ լռության մատնել Պուտինի պասիվացումը:

Արդյոք Ռուսաստանի առաջնորդը միայն «մրսած» է, թե՞ նա ունի առողջական ավելի լուրջ խնդիրներ: Պուտինը ինչպես հայտնի է մարզիկ է, զբաղվել է սամբոյով, որը բավական ծանր մարզաձեւ է, վնասվածքների վտանգով, ու նաեւ հետագա առողջության վրա այդ վնասվածքների հետեւանքի մեծ ռիսկով: Մի քանի տարի առաջ Պուտինը հենց այդ վնասվածքով էր մեկնել Թուրքիա, որտեղ Էրդողանի հետ հանդիպմանը մի կերպ էր նստում եւ վեր կենում:

Արդյոք երիտասարդ տարիների սամբոն իր վատ հետքն է թողնում արդեն 70-ին մոտեցող Պուտինի վրա, նրա առողջության, աշխատունակության վրա: Այդ ֆոնին հետաքրքիր է թերեւս երկու հանգամանք՝ մեկը իրական քաղաքականության, մյուսն իրական պատմության հիմքով գեղարվեստական ֆիլմարտադրության հարթության մեջ:

Հետաքրքիր է, որ 1996 թվականի նախընտրական շրջանում առողջական խնդիր ուներ նաեւ Ելցինը, որն այդ ընտրությունից երեք տարի անց էլ իշխանությունը ժամանակից շուտ հանձնեց Պուտինին: Ելցինն այդ նախընտրական շրջանում ինսուլտ, թե ինֆարկտ էր տարել, ինչպես տարիներ անց խոստովանել էր նրա անվտանգության ծառայության ղեկավարը: Սակայն նախընտրական շրջանում այն պահել էին գաղտնի, հասկանալի պատճառով:

Պուտինի ներկայիս ընտրությունը համեմատելի չէ 1996-ի Ելցինի ընտրության հետ, որտեղ նա ուներ իսկապես լուրջ մրցակից՝ կոմունիստ Զյուգանովը: Ռուսաստանն այն ժամանակ ավելի բաց էր, առավել ժողովրդավարական ռեժիմով, միաժամանակ Ելցինից, ազատականությունից եւ ժողովրդավարությունից ծայրահեղ դժգոհ հանրությամբ:

Բայց Պուտինի ներկայիս ընտրությունն էլ ունի իր առանձնահատկությունը: Նա չհամարձակվեց գրանցել բլոգեր Նավալնիին եւ նրան տալ դաշնային հեռուստաալիքների հասանելիություն: Նրա ամենալուրջ մրցակիցը Սոբչակն է, սակայն առավել լուրջ է իրավիճակը, որ թելադրված է ՌԴ հանդեպ միջազգային պատժամիջոցներով եւ մեկուսացման քաղաքականությամբ: Պուտինը ներկայում գուցե առավել ծանր վիճակում է խորքային առումով, քան Ելցինը 1996 թվականին: Եթե 1996-ին Ելցինից դժգոհ էր «ռուս մուժիկն ու բաբան», ապա այժմ Պուտինին թերեւս հարցեր ունեն ռուսաստանցի մի քանի հարյուր միլիարդատերերը:

Մյուս կողմից, այստեղ նրան օգնության եկավ Սպիտակ տունը, հրապարակելով Կրեմլի ցուցակը եւ թերեւս ստիպելով, որ միլիարդատերերը «դողան» Պուտինի վրա: Այդ ցուցակը ստեղծեց հակասական վիճակ: Մի կողմից Պուտինի քաղաքականության պատճառով նրանք հայտնվում են պատժամիջոցի ռիսկի տակ, մյուս կողմից իրական ռեժիմում դժվար է պատկերացնել, որ նրանք շտապում են Արեւմուտք «մեղա» գալու, եւ առնվազն կարճաժամկետ առումով նրանց պաշտպանական ռեակցիան թերեւս լինելու է Պուտինի շուրջ մոբիլիզացիան:Նախընտրական շրջանում Արեւմուտքին անհրաժեշտ է հենց դա, Ռուսաստանում անկառավարելի եւ անվերահսկելի իրողություն թույլ չտալու համար: Որովհետեւ, եթե չկա Պուտինը, ապա առաջանում է հարց, թե ով կա եւ ինչ է դառնում Ռուսաստանը: Իսկ Արեւմուտքում խնդիրը Ռուսաստանը ոչ թե փլուզելն է, այլ թուլացնելն ու խաղի սեփական կանոնների դաշտ բերելը: Այդ իմաստով ուշագրավ է Պուտինի առողջության «ջրի երես» ելած խնդիրն ու դրանից առաջ փաստորեն նրան Կրեմլի ցուցակի տեսքով Վաշինգտոնի ցուցաբերած շտապ օգնությունը:

Մյուս, գեղարվեստա-վավերական հանգամանքը Ռուսաստանում ցուցադրության համար արգելված «Ստալինի մահը» կատագերգությունն էր, որ նկարահանել է շոտլանդացի ռեժիսոր, վերլուծաբան Արմանդո Իանուչչին: Այդ ֆիլմի ցուցադրությունն արգելվեց պատճառաբանությամբ, թե այն վիրավորում է Ռուսաստանի արժանապատվությունը, առավել եւս, որ վերջին տարիներին այնտեղ վերականգնվում էր «Ստալինի պաշտամունքը»: Բուն խնդիրը սակայն թերեւս ոչ թե Ստալինի կամ Ռուսաստանի հեղինակությունը «փրկելն» էր, այլ վրա ֆիլմի թերեւս ամենաառանցքային ազդակներից մեկի հնարավոր հոգեբանական ու ենթագիտակցական հետեւանքի ռիսկ թույլ չտալը: Բանն այն է, որ ֆիլմի սյուժեում ամենազոր Ստալինը հանկարծ, ընդամենը մի քանի վարկյանում, ընդամենը իրեն ուղղված մի ատելության նամակ կարդալով վերածվում է կաթվածահար, անկենդան մարմնի: Սակայն դա ամբողջը չէ իհարկե: Հետո չափազանց ուշագրավ է Ստալինի մերձավոր շրջապատի՝ ԽՍՀՄ այդ տարիների բարձրաստիճան պաշտոնյաների պահվածքը, որոնք մի քանի ժամ առաջ Ստալինի առաջ ստորաքարշություն էին անում, եւ ընդամենը մի քանի ժամ անց նրանց վարքը փոխվում է 180 աստիճանով, եւ սկսվում է պայքարը իշխանության համար, որը փորձ է արվում կառուցել Ստալինի «սխալն ուղղելու» ռազմավարության վրա:

Թերեւս հենց այդ հանգամանքով է պայմանավորված ՌԴ պաշտոնական մակարդակում զգայունությունը այդ ֆիլմի հանդեպ, որովհետեւ այն գործնականում Ռուսաստանի իշխանության ներկայիս վերնախավում տիրող խիստ հավանական իրավիճակի ռենտգեն է: Պուտինի վերընտրությունը մարտին թերեւս չունի որեւէ կասկած: Բուն խնդիրն այն է, թե այդ ընտրությունն ինչ բաղադրություն է ունենալու նրա անմիջական շրջանակում եւ ինչ ընթացք են ունենալու հետագա ներիշխանական զարգացումները, ինչ պարբերականությամբ եւ ուժգնությամբ իրենց զգացնել կտան Պուտինի վաղեմի վնասվածքները: Զարգացումները կընթանան 1996-ի իրական քաղաքականության, թե գեղարվեստական ֆիլմի սցենարով:Հայաստանը չի կարող ազդել այդ ընթացքի վրա, բայց որեւէ ընթացք անխուսափելի ազդեցություն է ունենալու Հայաստանին առնչվող հարցերի վրա: Ըստ այդմ Հայաստանը պետք է պատրաստվի ամենատարբեր սցենարների:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am