Ադրբեջանում ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան կարգավորման ինչ-որ պլան, որը, իբր, քննարկվելու է Հայաստանում ու Ադրբեջանում ընտրություններից հետո: Բաքվում նշում են, որ պլանը համանախագահներն են առաջարկել Կրակովում, եւ Հայաստանն ու Ադրբեջանը, իբր, նախնական համաձայնություն են տվել:
Պլանի մանրամասներն Արմինֆոյին տված հարցազրույցում ներկայացրել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Ռասիմ Մուսաբեկովը: Ըստ այդ պլանի՝ Հայաստանն ու Ադրբեջանը շրջանակային համաձայնագիր, ավելի ճիշտ, ճանապարհային քարտեզ են ստորագրելու: Հայաստանն աստիճանաբար հանձնում է 7 շրջան Ադրբեջանի «զիջումների» դիմաց. 1-2 շրջան Թուրքիայով եւ Նախիջեւանով հաղորդակցությունների բացման համար, հետո եւս մի քանի շրջան, եւ Բաքուն Ղարաբաղին թույլ է տալիս օգտվել օդային տրանսպորտից եւ «ինքնավար» հարկային համակարգ ստեղծել: Բոլոր շրջանների հանձնումից հետո Ադրբեջանը կարող է քննարկել Ղարաբաղի «անջատման» հարցը, ասել է նա:
Ադրբեջանում, ըստ երեւույթին, պլանը ոգեւորությամբ են ընդունել: Դժգոհ է միայն նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը, ով կարծում է, որ պլանի հեղինակը Կազիմիրովն է, եւ նշում է, որ դա Ադրբեջանի պարտությունն է:
Հայաստանը չի արձագանքել Ադրբեջանի «արտահոսքին»: Համանախագահն երկրներն էլ չեն արձագանքել: Կամ նրանք կապ չունեն պլանի հետ, եւ դա հենց Ալիեւի առաջարկն է, կամ էլ բոլորը հասկանում են, թե հիմա որքան անլուրջ է խոսել պլանների մասին, երբ եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում դեռ իշխանություն չի ձեւավորվել, եւ քանի դեռ ԱՄՆ-ն նոր ռազմավարություն է ձեւավորում տարածաշրջանում:
Այդ «ճանապարհային քարտեզի» քննարկման հարցում Ադրբեջանի ակտիվությունը եւ նախագահական ընտրությունների տեղափոխությունը հոկտեմբերից ապրիլ կարող են վկայել, որ Բաքվում վախենում են այս տարվա ամռանը որոշ զարգացումներից: Այդ զարգացումները կարող են կապված լինել ոչ թե Ղարաբաղի, այլ տարածաշրջանում սեփական ներկայությունն ընդլայնելու ԱՄՆ մտադրության հետ:
Դա արմատապես կարող է փոխել իրավիճակը, եւ ԱՄՆ նոր քաղաքականությունը, եթե տարածվի Հարավային Կովկասի վրա, անպայման կազդի ղարաբաղյան կարգավորման վրա:
Տարածաշրջանում ԱՄՆ ակտիվացման առաջին «ծիծեռնակներից» մեկը կարող է դառնալ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ «նշանակալի գործարքներ» անող ընկերությունների ու կառավարությունների դեմ պատժամիջոցների մասին օրենքը: Հայտնի է դարձել, որ երկրների կառավարությունները, այդ թվում՝ Հայաստանի, զգուշացվել են հնարավոր պատժամիջոցների մասին:
Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը կարծում է, որ պատժամիջոցներն ուղղված են ոչ միայն Ռուսաստանին զսպելուն, այլ նաեւ տարածաշրջանում «վակուում» ստեղծելուն, որը կարող է լրացնել ԱՄՆ-ն: Ընդ որում, ինչպես նշում է փորձագետը, ԱՄՆ-ն պարտադիր չէ, որ վակուումը զենքի վաճառքով լցնի, դա կարող է լինել պարզապես քաղաքական ազդեցության ընդլայնում:
Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է լայնամասշտաբ ռազմական կոնֆլիկտի վերածվել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, որն էլ կարող է Ռուսաստանին ստիպել աջակցություն ցույց տալ իր տարածաշրջանային դաշնակցին: Այս մասին նշված է «Սպառնալիքների համաշխարհային գնահատական» զեկույցում, որը հրապարակել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը:
Ղարաբաղին նվիրված մասում, մասնավորապես, նշվում է, որ «կողմերի մոտ փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը, կողմնակի ճնշման ավելացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը եւ Հայաստանի կողմից նոր ռուսական զենքի գնումը 2018 թվականին կարող են լայնամասշտաբ ռազմական գործողությունների հանգեցնել»:
ԱՄՆ-ն փաստացի Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը կապում է ռուսական սպառազինության մատակարարման հետ:
Այս բոլոր հայտարարություններն այսբերգի գագաթն են միայն, իսկ «ջրի տակ» լուրջ գործընթացներ են տեղի ունենում, որոնք էլ Ալիեւին ստիպել են արագացնել ընտրությունները եւ ղարաբաղյան կարագավորման նոր «պլան» առաջարկել:
Եթե Հայաստանը համաձայնվի այդ պլանին, ԱՄՆ-ին կմնա միայն գրկել Ռուսաստանին ու հետեւել, թե ինչպես է Ադրբեջանը հաղթանակ տոնում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am