Գարուն-ամառ 2022․ ֆեյքերի նոր խմբաքանակ՝ համացանցի հայկական տիրույթում

Վերջին տարիներին սոցցանցերը հաճախ դառնում են քաղաքական կյանքում օրակարգ թելադրող գործոն՝ նաև այն պատճառով, որ տարբեր քաղաքական միավորներ փորձում են սոցցանցերի ակտիվ կիրառման միջոցով հասնել իրենց առջև դրված խնդիրներին։

Հայաստանում սոցցանցերից առավել մեծ տարածում ունի Ֆեյսբուքը, և շատ հաճախ հենց դրա միջոցով է փորձ արվում «օրակարգ» ձևավորել։ Եվ որպեսզի տպավորություն ստեղծվի, թե այս կամ այն քաղաքական ուժը կամ գործիչը կամ նրա առաջարկած օրակարգը ունի մեծ պահանջարկ, ստեղծվում են կեղծ օգտահաշիվներ (ֆեյքեր), որոնք համակարգված գործողություններով փորձ են անում ձևավորել այդ հասարակական վստահության իմիտացիան։

Որպես կանոն՝ ֆեյքերի բանակներն ակտիվանում են քաղաքական բուռն իրադարձությունների ժամանակ, ինչպիսին են, օրինակ, ընտրությունները, զանգվածային բողոքի ցույցերը, այլ ակտիվ քաղաքական իրադարձությունները։

«Փաստերի ստուգման հարթակը» բազմիցս ցույց է տվել, թե ինչպես են աշխատում ֆեյքերը Ֆեյսբուքում, ում և ինչ գործիքակազմով են սպասարկում այս կամ այն ուժին կամ գործչին (հղում 1, հղում 2, հղում 3, հղում 4, հղում 5):

Այս անգամ մենք բացահայտել ենք ֆեյքերի մոտ 70 հոգանոց բանակ, որն ակտիվորեն աշխատում է այս օրերին Երևանում տեղի ունեցող «Դիմադրություն» շարժման, իսկ առավել մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում՝ հիմնականում Հանրապետական կուսակցության օգտին։

Ուշագրավ է, որ թեև նկատելի է ֆեյքերի նոր «խմբաքանակի» գործունեության մեջ ՀՀԿ օգտին քարոզը, սակայն հիմքեր կան նաև ենթադրելու, որ այս ֆեյքերն ավելի սերտ կապ ունեն «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար, ԲՀԿ-ից ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանի հետ։

Ինչպես և մյուս բացահայտումների դեպքում, այստեղ ևս ֆեյքերի գործելաոճը գրեթե նույնն է․ միաժամանակ տարածում են միևնույն գրառումը կամ լուսանկարը, իսկ իրենց արած գրառումների բովանդակությունը նույնն է։

Այսպիսի օրինակները բազմաթիվ են, և հատկանշական է, որ նման լուսանկարները տարածելիս ֆեյքերը չեն կիսվում ինչ-որ մեկի էջից, այլ միևնույն լուսանկարը մի քանի րոպեի տարբերությամբ վերբեռնում են իրենց անհատական օգտահաշիվներում։

Եթե նախորդ բացահայտումներում հստակ նկատելի էր կեղծ օգտահաշիվների բացման օրերի միջև որոշակի համաչափությունը, ապա այս դեպքում դրանց ենթադրյալ ստեղծման օրերը ավելի հազվադեպ են նույնական։ Սակայն ակնհայտ է, որ դրանց մեծ մասը ստեղծվել է 2021-2022 թվականներին և հատկապես՝ նախորդ տարվա մայիս և նոյեմբեր ամիսներին։

Եվ եթե նախորդ տարվա մայիսին ստեղծված ֆեյք օգտահաշիվները կարող ենք կապել սպասվելիք արտահերթ ընտրությունների հետ, ապա նոյեմբերին բացվածների դեպքում բացատրություն գտնելը ավելի դժվար է։

Ինչ վերաբերում է այս տարվա ընթացքում ստեղծված ֆեյքերին, ապա դրանք մեծամասամբ ստեղծվել են հունվարի վերջին և փետրվարին։

Այս ամենից զատ՝ հետաքրքիր «զուգադիպությամբ», ֆեյքերի մեծ մասն իրենց գլխավոր նկարը թարմացրել է այս տարվա ապրիլի 4-ին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նախկին կեղծ օգտահաշիվները հենց ապրիլի 4-ին են ակտիվացվել։

Ոչ միայն օգտահաշիվներ, այլ նաև էջեր
Սակայն այս անգամ ֆեյքերի արարիչները որոշել են փոքր-ինչ ստեղծագործաբար մոտենալ այս ամենին և հասարակ ֆեյք օգտահաշիվներից բացի, ստեղծել են նաև ֆեյք էջեր։

Եվս մեկ հետաքրքիր զուգադիպությամբ, մեր բացահայտած բոլոր ֆեյք էջերը ստեղծվել են նույն օրը՝ այս տարվա փետրվարի 16-ին։

Այս էջերը նշվել են որպես տարատեսակ ժամանցային էջեր (երաժշտություն, առողջապահություն, գեղեցկություն և այլն), սակայն կան նաև բավական արտասովոր ուղղվածության էջեր։ Օրինակ՝ «Լեյլա Մեսրոպյան» անունով ֆեյք էջը նշվել է որպես նպարեղենի խանութ, «Մանուել Գասպարյան» անունով էջը գլխավոր լուսանկարում տեղադրել է կնոջ լուսանկար, իսկ «ուղղվածություն» դաշտում նշվել է «միջնակարգ դպրոց»։ Մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել Մանուել Գասպարյան անունով որևէ դպրոց։

Հատկանշական է նաև, որ վերը նշված էջերից միայն երկուսն ունեն մեկական հետևորդ, մյուսների դեպքում դրանց թիվը զրո է։ Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ դրանք ֆեյք էջեր են, և դատելով միևնույն օրը ստեղծված լինելու փաստից, ամենայն հավանականությամբ, ղեկավարվում են նույն կենտրոնից։

Իսկ ի՞նչ կապ ունեն այս էջերը քաղաքականության հետ
Վերը նշված էջերն իրենց բովանդակությամբ ոչնչով չեն տարբերվում մյուս ֆեյք օգտահաշիվներից։ Սրանք ևս կիսվում են բացառապես քաղաքական բնույթի հղումներով, գրեթե չունեն սեփական գրառումներ։ Իսկ կիսված հղումներն ու գրառումները վերաբերում են ՀՀԿ գործունեությանը, քաղաքական գործիչների գրառումներին, այս օրերին Երևանում տեղի ունեցող բողոքի ցույցերին և այլն։ Եվ հատկանշական է, որ դա արվում է գործնականում միաժամանակ՝ միևնույն նյութը տարածում են նույն պահին և նույն հերթականությամբ։

 

Այլ նմանություններ
Այս ֆեյքերի գործունեությունն ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, թե դրանց միջև արված է աշխատանքի բաժանում։ Այսինքն, ֆեյքերի մի մասը զբաղված է բացառապես տարատեսակ խմբերում նյութերը տարածելով, զերծ մնալով անձնական էջում որևէ քաղաքական բովանդակություն ունեցող նյութով կիսվելուց։ Իսկ մյուս՝ ավելի մեծ մասը մեծ ակտիվությամբ կիսվում է տարատեսակ քաղաքական նյութերով՝ հենց սեփական էջերում։

Սակայն եթե նախորդ տարիների ֆեյքային բանակների դեպքում բոլորը խստագույնս պահպանում էին «կարգուկանոնը» և կիսվում էին բացառապես միևնույն նյութերով հստակ հաջորդականությամբ, ապա այստեղ փոքր-ինչ այլ է։ Ֆեյքերին «տրված է» գործունեության որոշակի ազատություն, և հազվադեպ կարող ենք հանդիպել մի քանի տասնյակ ֆեյքերի, որոնք ինչ-որ ժամանակահատվածում ճշգրիտ նույն հերթականությամբ կտարածեն նյութերը։

Այստեղ թեև կիսված նյութերի բովանդակությունը նույնն է և գրեթե չի տարբերվում մյուսների էջերի բովանդակությունից, սակայն կա հերթականության և աղբյուրների տարբերություն։

Սակայն առավել ուշադիր ուսումնասիրության դեպքում բոլոր էջերի մոտ նկատվում են կարմիր թելի պես անցնող՝ Վահան Բաբայանի գրառումները, հարցազրույցները, կոչերը և այլն։ Եվ եթե Սերժ Սարգսյանի գրասենյակի կամ հանրապետական նախկին պատգամավորների գրառումների տարածումը կարող ենք կապել կուսակցության ղեկավարի և անդամների գործունեությունը հնարավորինս լուսաբանելու մղումով, ապա ակտիվ քաղաքականությունից դուրս գտնվող Վահան Բաբայանի գրառումների, լուսանկարների, հարցազրույցների ակտիվ տարածումը թույլ է տալիս պնդել, որ ֆեյքերին մեծ հավանականությամբ «աշխատեցնում է» հենց Վահան Բաբայանը։

Ինչպես նշեցինք, նախորդ ֆեյքային բանակների դեպքում տարածվող նյութերի համար գործում էր հստակ հերթականություն, իսկ այս անգամ, թեև ֆեյքերից մի քանիսի դեպքում կիսված նյութերը նույնն են, սակայն ընդհանուր առմամբ՝ ֆեյքերին տրված է որոշակի «ազատություն»։ Այսինքն յուրաքանչյուր ֆեյք ինքն է որոշում, թե երբ և ինչ նյութով կիսվի։

Եվ չնայած այդ ազատությանը՝ կրկին նկատելի են միևնույն աղբյուրից համաժամանակյա կիսումները։

Եվ կրկին ուրիշի լուսանկարները
Անշուշտ, որպեսզի օգտահաշիվն առավել «վստահելի» ու իրական թվա, անհրաժեշտ են անձնական լուսանկարներ։ Որպես կանոն՝ ֆեյքերն այդպիսի (մեծամասամբ՝ կանանց) լուսանկարներ հայթայթում են սոցցանցերի ռուսական սեգմենտի տարբեր օգտատերերի անձնական էջերից։ Եվ չնայած մարդու անձնական լուսանկարների որոնումը բավական դժվար գործընթաց է և ոչ միշտ է հնարավոր գտնել լուսանկարի սկզբնաղբյուրը, սակայն մեզ հաջողվեց գտնել ապացույցներ, որոնցով ակնհայտ է դառնում, որ վերջիններս իրենց «անձնական լուսանկարները գողացել են» իրական օգտատերերից։

Օրինակ՝ Sofi Manvelyan անունով ֆեյքն օգտագործում է ռուսական Vkontakte սոցիալական ցանցում գրանցված վրացի երաժիշտ Սոֆի Չելիձեի լուսանկարները (Սոֆի Չելիձեի VK անձնական էջի հղումը՝ https://vk.com/sofiachka)։

Սակայն Սոֆիի դեպքը միակը չէ։ Մի քանի տասնյակ ֆեյքեր իրենց լուսանկարներում օգտագործել են տարբեր սոցիալական ցանցերից վերցված իրական օգտատերերի անձնական լուսանկարներ։ Կան նաև մոդելների, դերասանների, անգամ պոռնո-կայքերի դերասանուհիների լուսանկարներ։

Մի քանի այլ դիտարկումներ
Գործնականում բոլոր ֆելքերը Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջի հետևորդներ են։

Ֆեյքերը երբեմն մեկնաբանում են միմյանց լուսանկարները, գրառումները` տպավորություն ստեղծելով, թե իրական օգտատերեր են։

Ուսումնասիրված ֆեյքերի մեծ մասը հավանել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի կնոջ՝ Նոնա Վանեցյանի էջը։ Թե որքանո՞վ Նոնա Վանեցյանը կապ ունի այս ֆեյքերի հետ՝ դժվար է ասել։

Սակայն Նոնա Վանեցյանի էջից բացի, ֆեյքերի ճնշող մեծամասնության հավանած էջերի ցանկում էին նաև Армения С Путиным և Освобождение 2022 ֆեյսբուքյան էջերը։

Որոշ ֆեյքեր ժամանակին ունեցել են այլ անուններ, բայց ինչ-որ պահից փոխել են դրանք։ Սակայն այս օգտահաշիվների հղումներում նախկին անվանումը մնացել է։ Օրինակ՝ Մարինա Փաշինյան անունով ֆեյքը վերանվանվել է Նարինե Սահակյան, կամ Սիլվի Արտյոմը՝ Արևիկ Հովսեփյան։

 

Եվս մեկ հետաքրքիր փաստ։ Գրեթե բոլոր ֆեյքերն իրենց վերաբերյալ տեղեկությունները համեմել են ծննդյան օրվա ու տարեթվի վերաբերյալ տեղեկություններով՝ հավանաբար, առավել արժանահավատ թվալու համար, սակայն ընտրողների ռեգիստրում այս անձանցից և ոչ մեկի դեպքում հնարավոր չեղավ գտնել նման անուն-ազգանունով և ծննդյան օրով որևէ ընտրող, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ նման մարդ պարզապես գոյություն չունի։

Ֆեյք օգտահաշիվների ու էջերի ցանկին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այս հղումը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.