Թե որքանով ծանր կլինի Հայաստանի համար, եթե ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների շրջանակում այդ երկիրն անջատվի համաշխարհային միջբանկային SWIFT համակարգից, այդ հարցին պատասխանելու համար ամենակոմպետենտ կառույցը Կենտրոնական բանկն է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել էր, որ SWIFT համակարգից Ռուսաստանի անջատումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության և բանկային համակարգի համար: Հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը այս հետևանքներից խուսափելու համար, Թունյանը պատասխանեց. «Հայաստանն այս դեպքում շատ մեծ հնարավորություններ չունի: Այսինքն Դա միջազգային համակարգ է, որին մենք անդամակցում ենք: Կան, իհարկե, վճարային համակարգերի այլընտրանքային տարբերակներ, որ մենք ԵԱՏՄ-ի հետ կարող ենք այդ տարբերակով աշխատել, նաև ինչքան ես տեղյակ եմ, նման դեպքերում, այն երկրները, որոնց դեպքում պատժամիջոցների անհրաժեշտություն չկա, տեխնիկական որոշակի բացառություններ արվում են, հնարավորություններ տրվում են»:
Նա դժվարացավ ասել, թե արդյոք Հայաստանին նման հնարավորություն կտրվի, թե ոչ. «Չեմ կարող ասել, որովհետև ինքը շատ սպեցիֆիկ ոլորտ է, շատ խիստ սահմանափակման մասին է խոսքը, հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի: Եթե հասնի դրան, կարծում եմ՝ ինչ-որ այլընտրանքային պահուստային քայլերի տարբերակներ մեր համապատասխան կառույցները կունենան»: Ինչ վերաբերում է նրան, որ 2021-ին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5,8 տոկոս, Բաբկեն Թունյանն ընդգծեց. «Ի սկզբանե ակնկալում էինք ավելի ցածր՝ 3 տոկոսի շրջակայքում, հետո տարվա ընթացքում այդ կանխատեսումը վերանայվեց 6-6,5 տոկոս, հիմա ունենք 5,8 տոկոս: Չնայած պետք է ասենք, որ սրանք տարբեր ցուցանիշներ են, կանխատեսումը վերաբերում էր տնտեսական աճի ցուցանիշին, իսկ սա տնտեսական ակտիվության ցուցանիշն է: Իրար շատ մոտ են, բայց ամեն դեպքում որոշակի շեղումներ կան»: