Կարող եք վճարել եւ անցնել Գորիս-Կապան ճանապարհով․ Արմեն Գրիգորյանի խորհուրդը ՀՀ քաղաքացիներին

Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածը, որտեղ ադրբեջանական մաքսակետ է տեղադրվում, ՀՀ քաղաքացիները վճարում կատարելով՝ կարող են անցնել։ Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի։ Եվ այդ յուրահատուկ կարգավիճակի պատճառով սահմանակետերը, որոնք հնարավոր է տեղադրվեն, հնարավոր վճարի դեպքում քաղաքացիները կանցնեն։ Այս պահին Ադրբեջանն ամբողջովին չի տեղեկացրել ամբողջական ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները վճարելով դա՝ կարող են անցնել։ Բայց քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ՝ Կապան-Տաթև ճանապարհն ամբողջովին վերանորոգված է, ապա քաղաքացիների համար ամբողջովին հարմար է, որպեսզի օգտագործեն այդ ճանապարհը»,- ասաց նա։

 

Արմեն Գրիգորյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիներն այդ ճանապարհն օգտագործում էին Գորսիից Կապան գնալու համար, և այդ ճանապարհի օգտագործումը Ադրբեջանի կողմից շահարկվում էր, որ իրենք էլ ցանկանում են նույն տրամաբանության շրջանակներում ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան, որը նաև միջանցքի տրամաբանություն ունի։

«Մեզ համար սա անընդունելի է եղել, և մենք առաջանահերթություն ենք համարել չունենալ միջանցքային տրամաբանության մեջ որևէ գործարք»,- հավելեց նա։ Հայկական կողմը, նրա խոսքով, ճանապարհի այդ հատվածում ևս մաքսակետ կտեղադրի։ Ըստ Գրիգորյանի՝ այդ ճանապարհը Ադրբեջանի քաղաքացիների կողմից հնարավոր օգտագործելու դեպքում, հայկական կողմը նույնպես համապատասխան քաղաքականություն է իրականացնելու։

«Կա ողջամտություն և այդ ողջամտությունը խորհրդային ժամանակներում տեղի ունեցած սահմաններն են։ Եվ մենք ելնում ենք ընդհանուր առմամբ այդ տրամաբանությունից։ Այսինքն՝ հասկանալի է, որ սահմանագծման և սահմանազատման գործընթաց մենք չենք անցել, բայց մոտավոր մենք ունենք պատկերացում այդ սահմանի մասին, որի հիմքը 1920-ական թվականների քարտեզն է։ Եվ այդ քարտեզի հիման վրա մենք պատկերացնում ենք ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որը առավել հստակեցման համար առաջարկել ենք, որպեսզի սահմանագծման և սահմանազատման գործընթաց անցնենք»,- հավելեց նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.