ՀՀ ԱԳ փոխնախարարի կոշտ հայտարարությունները

Լragir.am-ը գրում է.  «Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է սկսել խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատանքները։ Մենք ուզում ենք խոսել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մասին։ Մենք առաջարկել ենք սկսել սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Բայց, ցավոք, պատասխան չկա», ասել է Ալիևը։ «Մենք ցանկանում ենք շրջել այս էջը և որոշել սահմանները: Բայց, ինչպես տեսնում եք, Հայաստանից պատասխան չկա, լռում են», ասել է նա։

Նոյեմբերի 9-ին մնացել է 4 օր, և Բաքուն ասում է, որ Երևանը չի արձագանքել իր առաջարկին։ Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում արտահոսքի համաձայն՝ Բաքուն և Մոսկվան Երևանին առաջարկել են նոյեմբերի 9-ին ստորագրել երկու համաձայնագիր՝ սահմանազատման և ապաշրջափակման մասին, ինչը հիմք կհանդիսանա «խաղաղության պայմանագրի» համար։

Տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և կենսական շահերի հաշվին, այսօր խորհրդարանում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը։ Փոխնախարարն այսօր խորհրդարանում արել է մի շարք կոշտ հայտարարություններ, որոնք արմատապես տարբերվում են Արարատ Միրզոյան-Արմեն Գրիգորյան դուետի «բանջարեղենային ռագու» հիշեցնող դիրքորոշումից և Նիկոլ Փաշինյանի «խաղաղ օրակարգից»։

Փոխնախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում իրավիճակը փոխվում է, ստեղծվում են փոխգործակցության եռաստիճան ձևաչափեր։ Երևանը տարբեր հարթակներում, այդ թվում՝ 3+3 ձևաչափով տարածաշրջանային խնդիրների քննարկումներին մասնակցելու առաջարկներ է ստացել։ Բայց Երևանը կարծում է, որ դեռ վաղ է խոսել նման ձևաչափերի մասին։

«Մեզ համար առաջնային է, որ որևիցե կրկնօրինակում չլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ: Այս բոլոր առաջարկները դիտարկվում են, և այժմ դեռևս որևիցե առաջընթացի կամ որևիցե որոշման մասին դեռ վաղ է խոսել»,- ընդգծել է փոխնախարարը։

Այսպիսով, փոխարտգործնախարարը հայտարարել է, որ ապաշրջափակումը տեղի չի ունենա Հայաստանի ինքնիշխանության և ամբողջականության հաշվին, և առաջարկվող 3+3 հարթակը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան «եռակողմ» ձևաչափը չեն կարող փոխարինել Մինսկի խմբին։

Ինչ վերաբերում է սահմանազատմանը, ապա, ըստ նրա, դեռ վաղ է խոսել այն քարտեզների մասին, որոնց հիման վրա կիրականացվի սահմանազատում։

Վահե Գևորգյանը նաև նշել է, որ արցախահայությունը չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ։ «Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում արդեն բազմիցս արտահայտվել է, այսինքն՝ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգային մանդատի ձևաչափով է հնարավոր հասնել ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորմանը, հայտնի սկզբունքների հիման վրա, որոնք ենթադրում են Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցում՝ հաշվի առնելով արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացումը», ասել է Վահե Գևորգյանը։

Նա այս փուլում առաջնահերթ խնդիր է համարել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի շրջանակներում։ «Հայաստանը հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցում, կներդնի բոլոր ջանքերը՝ երաշխավորելու ապահով և արժանապատիվ կյանքի իրավունքը», ասել է փոխնախարարը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.