«ԱԽՔ-ը պատասխանատվության պետք է ենթարկվի...» . Արման Թաթոյան

Այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները։ Ո՞վ է նրան իրավունք տվել մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՄԻՊ-ի հայտարարությունները քաղաքական բնույթի են, և նրանք առաջադրելու են ՄԻՊ-ի իրենց թեկնածուին, տեղեկացնում է Փաստինֆոն։

Արման Թաթոյանը նկատեց՝ դա բացահայտ ոտնձգություն է ՄԻՊ անկախ հաստատության նկատմամբ, այն էլ գործադիր իշխանության բարձրադիր պաշտոնատար անձի կողմից։

«Քանի որ Հայաստանում կա մարմին, որը հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտումների համար հարուցում է վարույթներ, պաշտոնապես դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է պատասխանատվության ենթարկվի, որ ապահովվի Հայաստանի ՄԻՊ-ի անխափան, անկաշկանդ ու անկախ աշխատանքը հետագայում»,-ասաց Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը նաևա նշեց, որ այդ պաշտոնյան այն անձը չէ, որ ժամանակ հատկացներ ու մանրամասն անդրադառնար նրա հայտարարությանը, բայց քանի որ հետևողական աշխատանք է տարվում վարկաբեկելու ՄԻՊ-ի աշխատանքը, Արման Թաթոյանն անդրադարձավ մի քանի հարցի։

«Ի՞նչ է ասում այդ պաշտոնատար անձը, որ ես ընդհանրապես անաչառ չեմ, և քաղաքական հայտարարություններ եմ անում։ Ծիծաղելի է, որովհետև դրանից մեկ կամ երկու օր առաջ Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ ՄԻՊ-ն առանցքային դերակատար է երկրում՝ մարդու իրավունքների ժողովրդավարության զարգացման համար»,-նշեց մարդու իրավունքների պաշտպանը։
Վերջինս հիշեցրեց՝ դեռ 2018թ.-ին՝ հեղափոխության ամիսներին, անձամբ կապի մեջ էր այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաների հետո։ Նրանք նամակագրությամբ Արման Թաթոյանին էին ուղարկում բերման ենթարկվածների անուն-ազգանուններ, որ այցելեին նրանց. «Այդ ժամանակ ես անաչառ է՞ի, հիմա դադարել ե՞մ անաչառ լինել։ Երբ Արմեն Գրիգորյանին ձերբակալել էին, գիշերվա 3-ին այցելեցի այնտեղ։ Նշանակում է՝ այդ ժամանակ անաչառ էի, բայց հիմա երբ պաշտոնյա են դարձել, հիմա անաչառ չե՞մ»,-ասաց Արման Թաթոյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.