Ադրբեջանը գերիներին վերադարձրեց Հաագայի դատարան Հայաստանի ներկայացրած հայցի շնորհիվ

Ինչպես հայտնի է, երեկ ուշ երեկոյան պարզ դարձավ, որ Հայաստան են վերադարձել 5 ռազմագերի։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ նրանք դատապարտվել էին ոչ ծանր հանցանքների համար։ 5 գերիների վերադարձը որակվում է  որպես Ադրբեջանի բարի կամքի դրսևորում։ 

Նկատենք, սակայն, որ երեկվանից համացանցում, լրատվամիջոցներում հիմնականում այն տեղեկատվությունն է շրջանառվում, որ գերիները վերադարձվել են ռուսական կողմի միջնորդությամբ, ռուսական ինքնաթիռով, անգամ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն էր գնացել  «Էրեբունի» օդանավակայանում դիմավորելու վայրէջք կատարած ռուսական օդանավը, որը հայրենիք է հասցրել 5 գերիներին: Դիվանագիտական առաքելության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված հաղորդագրության մեջ հենց այդ ձևակերպումն էր։ «Հայաստանում Ռուսաստանի դեսպան Ս. Պ. Կոպիրկինը «Էրեբունի» օդանավակայանում դիմավորել է Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի (ՌՏՈՒ) ինքնաթիռը, որը ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանից վերադարձել է Հայաստանի հինգ քաղաքացիներով»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ գերիները Հայաստան վերադարձվել են Հաագայի միջազգային դատարան Հայաստանի ներկայացրած հայցի շնորհիվ, և Ադրբեջանի դեմ, որպես հրատապ միջոց, պահանջ է դրվել ազատ արձակել գերիներին։ «Այդ զարգացումն է, որ Ռուսաստանին այնուամենայնիվ ստիպեց միջնորդել, իսկ Ադրբեջանին ստիպեց ազատել այդ 5 ռազմագերիներին։ Սա է իրողությունը»,- ասաց Մեհրաբյանը՝ հավելելով. «Հիմա սկսվել է այս դրական պրոցեսի վրա քավոր կանգնելու պրոցես։ Նման մարմաջ կարող են ունենալ շատ ու շատ սուբյեկտներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Ադրբեջանը։ Բայց փաստ է, որ դրանք ընդամենը ուղեկցող զարգացումներ են։ Հիմնական գործոնը Հաագայի դատարանն է, որտեղ ներկայացված հայցը և գործընթացը Ադրբեջանի վրա ուղղակի ճնշում են։ Այն Ադրբեջանին առհասարակ դուրս է դնում մարդու իրավունքներից, միջազգային իրավունքից, և Ադրբեջանը չէր կարող հաշվի չնստել դրա հետ, ինչպես որ հավաքեց այդ մանեկենները իրենց հայտնի ու զզվելի պուրակից»։ 

Մեհրաբյանը ցավալի է համարում այն փաստը, որ Ռուսաստանը փորձում է իլյուզիա ստեղծել կամ իրենց ծառայությունները թանկ գնով վաճառել Հայաստանի վրա՝ մանավանդ, որ երեկ երեկոյան հայրենիք վերադարձված գերիները հիմնականում նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո՝ դեկտեմբերին, Խծաբերդում գերեվարված 64-հոգանոց խմբից են։ Հայրենիք վերադարձած տղաներից 5-ն էլ Շիրակի մարզից են, հենց այն խմբից, որը գերեվարվել էր ռուս խաղաղապահների հսկողության գոտուց։ 

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ 5 գերիների վերադարձը համարում է մի քիչ Ռուսաստանի միջնորդության հետևանք, մի քիչ էլ՝ Ադրբեջանի բարի կամքի դրսևորում, սակայն Ադրբեջանի բարի կամքի դրսևորման վրա ազդեցություն է ունեցել Հաագայի միջազգային դատարանում Հայաստանի ներկայացրած հայցը. «Ես ոնց հասկացա,  գերիներին բերեց Մուրադովը, ուրեմն Ռուսաստանի միջնորդությունը կար։ Նրանց դիմավորեց դեսպանը։ Բայց կար նաև Ադրբեջանի, այսպես կոչված, բարի կամքը, որը գալիս է նրանից, որ Հայաստանը դիմեց Հաագայի միջազգային դատարան, և բացառված չէ, որ այդ վճիռը կլինի հօգուտ Հայաստանի։ Ադրբեջանը, կանխելու համար  շատ վատ որոշումը, վերադարձրեց 5 գերիների։ Այնպես որ, Ադրբեջանի բարի կամքը չակերտավոր է»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ Հայաստանը հաջողությունների կհասնի տարբեր հարցերում, եթե այսպես ակտիվ աշխատի միջազգային կառույցների հետ՝ դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ-ի ինստիտուտներին, միջազգային դատարանների: «Մեզ անպայման պետք է Կովկասի փակ շղթայից դուրս գալ»,- եզրափակեց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ այսպիսով Ադրբեջանից վերադարձած գերիների թիվը հասավ 114-ի՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Գերիների խնդիրներով զբաղվող Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ անհերքելի ապացույցներ կան, որ Բաքվում պահվող գերիների թիվը շատ ավելին է, քան պաշտոնական թիվը։ 
 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.