Մոսկվայի փորացավը․ Կրեմլի ու ԱԳՆ-ի զավեշտալի արձագանքները Էրդողանի հայտարարությանը

Lragir.am-ը գրում է. Մոսկվայից բուռն են արձագանքել Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, ըստ որի՝ «մարդկության ճակատագիրը չպետք է «թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած մի բուռ երկրների ողորմությանը», եւ որ կա ԱԽ մշտական անդամներին անկյուն քշելու ճանապարհային քարտեզ՝ ՄԱԿ այլ անդամների իրավունքներն ընդլայնելու համար:

Թվում է՝ Մոսկվայի արձագանքի պատճառը պուտինյան վարչակարգի՝ երկրորդ աշխարհամարտում հաղթանակի հիվանդագին պաշտամունքն է, ինչպես նաեւ Էրդողանի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը։

Կրեմլի խոսնակն, օրինակ, ասել է, որ Ռուսաստանը հավատարիմ է ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ Անվտանգության խորհրդին իր անդամակցությանը եւ ավելացրել, որ բնագրով ծանոթ չէ Էրդողանի հայտարարությանը։

ՌԴ ԱԳ նախարար Լավրովն, իր հերթին, համաձայնել է Էրդողանի հետ այն հարցում, որ ՄԱԿ ԱԽ մշտական հնգյակը իրավունք չունի թելադրել աշխարհի ճակատագիրը, բայց եւ դրա հավակնությունը չունի։ «Նախագահ Էրդողանի պերճախոսության մասին լավ հայտնի է։ նա ազատ արտահայտվում է տարբեր թեմաներով։ Հնգյակը հավակնում է այն լիազորություններին, որոնք գրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ», ասել է Լավրովը։

Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ զարգացող երկրները պնդում են, որ նրանց ներկայացվածությունը Անվտանգության խորհրդում մեծանա։ Նա նաեւ ասել է, որ Արեւմուտքի երկրներից ոչ մեկին պետք չէ մտցնել ԱԽ, բայց Ասիայի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի երկրներից պետք է անպայման ավելացնել։

Իր հերթին, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ համաշխարհային անվտանգության համակարգը վերանայելու Էրդողանի փորձերը վտանգավոր են, հատկապես խաղաղ ժամանակաշրջանում։ Առավել եւս, «Էրդողանի պարագայում վերջին տասնամյակներին չեմ տեսնում գործողություններ, որոնք ուղղված են խաղաղ ձեռքբերումներին», ասել է Ջաբարովը։

Զարմանալի է, որ Ջաբարովը չի տեսել այդ «գործողությունները» եւ իր երկրի ղեկավարների հայտարարություններն այդ կապակցությամբ` Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում եւ այլուր։ Պուտինը, Լավրովը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել են, որ Թուրքիայի հետ համատեղ գործողություններն ուղղված են խաղաղություն ու կայունություն հաստատելուն, ավելին՝ հենց ռուս-թուրքական համագործակցությունն է նպաստում խաղաղությանը եւ կայունությանը։

Սակայն Մոսկվայի «փորացավն» այլ է։ Տպավորություն է, որ տեղեկատվական այս առիթը նույնպես համատեղ գործողություն է եւ կապված է Թուրքիային ՄԱԿ ԱԽ անդամ դարձնելու Մոսկվայի մտադրությունների հետ։ Այդ մասին Լավրովը նախկինում արդեն խոսել է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.