Մոսկվայի «կարմիր գիծը»․ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն արդեն Հարավային Կովկասում են

Եթե ​​Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, ապա Ռուսաստանը ստիպված կլինի ակտիվ միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովելու համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը France 5 հեռուստաալիքով թողարկված «Վլադիմիր Պուտին. խաղի տեր» ֆիլմում ընդգրկված հարցազրույցում: «Սա սցենար է, որը դուրս է գալիս Ռուսաստանի ազգային շահերի կարմիր գծերից», ասել է Պեսկովը:

Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՆԱՏՕ-ում ռուսական ներկայացուցչության աշխատանքի դադարեցման մասին:

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն այսօր Թբիլիսիում ընդունել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին և նրա հետ ստորագրել է միջպետական ​​համագործակցության հուշագիր, որը «Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները կտանի որակապես նոր փուլ»: «Այս նախաձեռնությունը բացում է անվտանգության հարցերում մեր երկկողմ համագործակցության նոր փուլը: Եվ սա ցույց է տալիս Վրաստանին աջակցելու ԱՄՆ հանձնառությունը», ասել է Օսթինը: Պատասխանելով 3+3 ձեւաչափի վերաբերյալ հարցին, նա նշել է, որ «նախքան որևէ նոր հարթակի մասին խոսելը, Ռուսաստանը, որը օկուպացրել է Վրաստանի տարածքի 20% -ը, պետք է կատարի 2008 թվականի հրադարաի մասին համաձայնագրի պայմանները»։

Նախատեսված են Լլոյդ Օսթինի այցերը Ուկրաինա եւ Ռումինիա: Ուկրաինայում նույնպես պատրաստվում է ռազմական համագործակցության փաստաթուղթ:

Տարածաշրջանում են նաև Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան և Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ովքեր կայցելեն Բաքու, Երևան և Թբիլիսի:

Մոսկվան, որը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային մտցրել է տարածաշրջան, Ուկրաինայի և Վրաստանի մուտքը ՆԱՏՕ համարում է «կարմիր գիծ»: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի կապերը Ռուսաստանի համար անընդունելի են։ Մինչդեռ, վերջերս Բաքվում բացվել է ՆԱՏՕ-ի գրասենյակը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.