Պուտինը խոսեց Արցախի մասին ու կրկին սպառնաց պատերազմով

Lragir.am-ը գրում է. ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հետ տեսակոնֆերանսում ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երաշխավորն է։ Մեկնաբանելով Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ելույթները Ղարաբաղում իրավիճակի և ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ՝ Պուտինը նշեց. «Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է մեր ռուսական իմաստությունը, որ նույնիսկ վատ խաղաղությունն ավելի լավ է, քան լավ պատերազմը»։

Ըստ ամենայնի, հենց Պուտինի ռուսական իմաստությունը հաստատելու համար էին նախօրեին Բաքվի զինվորականները հարձակվել Արցախի ՊԲ դիրքերի վրա, վիրավորելով 6 հայ զինծառայողի, ինչպես նաեւ կրակել այլ ուղղություններով։ Ռուս խաղաղապահների՝ «հրադադարի ռեժիմի երաշխավորությունը» վերաբերում է Մոսկվայի ծրագրերի իրականացմանը, Բաքվի համապատասխան դերակատարմամբ։ Դա նախեւառաջ Արցախի կարգավիճակի հարցի փակումն է, Արցախի «վերաինտեգրումն Ադրբեջանին», ինչպես նաեւ Հայաստանի հնարավոր նախաձեռնությունների զսպումը՝ պատերազմի սպառնալիքով։ Ռուսական զորախումբն Արցախում է կարգավիճակի վերացման եւ Շուշին ու Հադրութը Բաքվին հանձնելու դիմաց։

 

Նախօրեին Արցախի ՊԲ դիրքերի վրա հարձակումը ՌԴ ՊՆ ամենօրյա ամփոփագրում արձանագրված է ընդհանուր, չի նշվում հրադադարի խախտողի ու հայ վիրավորների մասին։ Հայերը պետք է բավարարվեն միայն «վատ խաղաղությամբ»՝ առանց քաղաքական իրավունքների ու երաշխիքների։ ՀՀ եւ Արցախի պաշտոնյաներն ու ընդդիմադիրները Բաքվի յուրաքանչյուր ահաբեկչությունից հետո կրկնում են բերանացի արված տեքստը՝ «դրանով Բաքուն փորձում է կասկածի տակ դնել, հեղինակազրկել ռուս խաղաղապահների առաքելությունը»։ Մեկ այլ իրավիճակում, օրինակ՝ պահանջատիրության պարագայում գուցե այս արտահայտությունն իմաստ ունենար, սակայն տվյալ դեպքում ակնհայտ է ռուսական զորախմբի վրայից պատասխանատվությունը հանելու հրահանգը։

Բաքվի «դժգոհությունները» ռուս խաղաղապահներից, ինչպես նաեւ հայ մամուլում խաղաղապահների շուրջ հյուսվող հեքիաթները քարոզչական նույն ժանրից են։ Նպատակը հայերին համոզելն է, որ ընտրություն չկա՝ պատերազմ, կամ սողացող պատերազմ՝ սա է առաջարկվում հայերին։

Ավելորդ է ասել, որ հետեւանքը նույնն է լինելու։ Ընտրություն կա, եւ այն սկսում է հստակ պահանջներից ու հրադադարի երաշխավորի պատասխանատվության շեշտադրումից։ ՀՀ եւ Արցախի ռուսահպատակ վարչակազմերն ու խորհրդարանական ընդդիմությունը չեն դնում նման պահանջներ, եւ ոչ միայն այդ հարցում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.