Ի՞նչ էր արել Հովիկ Աբրահամյանը. Վիգեն Սարգսյանը դիպել է ցավոտ կետին...

«Եվ առհասարակ, ես շատ ցավոտ եմ տանում, երբ մարդիկ փորձում են միջանձնային հարաբերությունների մեջ խցկվել, կամ այդ դաշտում վերլուծել քաղաքական գործընթացները: Ցանկացած հարաբերություններում` լինի պաշտպանության նախարար-նախագահ, լինի շտաբի պետ-պաշտպանության նախարար, լինի պաշտպանության նախարար-վարչապետ: Օրինակ՝ տեսեք. հանրապետության վարչապետի հետ մենք վաղեմի ընկերներ ենք նաև ընտանիքներով, և ինձ շատ տհաճ է, երբ մամուլում, իրեն հարգող մամուլում, իրեն հեղինակավոր համարող մամուլում կարող եմ հսկայական վերլուծություն կարդալ այն մասին, թե ինչու ենք ես և վարչապետը հակառակ ճամբարներում: Դա առնվազն գնահատական է ինձ կամ վարչապետին, կամ մեզ երկուսիս՝ անբարոյականության ինչ-որ կտրվածքով: Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր անբարոյականություն են փնտրում

ցանկացած հարաբերություններում, այդ երևույթը պետք է իրենց մեջ փնտրեն: Իրենց աչքին է դա երևում, որ հնարավոր է մի կողմից էդպես մտածել, մյուս կողմից՝ միասին սեղան նստել, հաց կիսել», Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներիշխանական հարաբերությունների եւ հակադրությունների թեմայով հարցին պատասխանել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Պաշտպանության նախարարը շոշափում է Հայաստանի իրականության, ներիշխանական համակարգի եւ ընդհանրապես հանրային մտածողության համար շատ նուրբ թեմա, միաժամանակ նաեւ ցավոտ, նաեւ հասարակական էվոլյուցիայի արգելակ հանդիսացող թեմա:

Այն, որ քաղաքական երեւույթները եւ իրողությունները դիտարկելիս, վերլուծելիս եւ մեկնաբանելիս ելակետերը պետք է չլինեն անձերը եւ նրանց հարաբերությունը, թերեւս աներկբա է: Մյուս կողմից, Վիգեն Սարգսյանի խոսքում նշմարվում է տոնայնություն, որը վկայում է հակառակի մասին: Նա ասում է, որ վարչապետի հետ մտերիմ է անձնապես եւ ընտանիքներով, ու չեն կարող միմյանց հետ հաց կիսել, բայց լինել հակառակ ճամբարներում:

Իհարկե նախ հարց է առաջանում, թե ինչ ասել է հակառակ ճամբար: Եթե հակառակ ճամբարը միմյանց հայհոյելը, զրպարտելը, միմյանց թիկունքից հարվածելն է, ապա այստեղ անկասկած նախարարն իրավացի է՝ անբարո է հաց կիսել, սեղան նստել, անձնական մտերմություն անել, իսկ հետո զբաղվել միմյանց հանդեպ այդ ամենով:

Բայց միայն դա՞ է հակառակ ճամբարը կամ հենց դրանո՞վ է բնորոշվում ներքաղաքական կամ ներիշխանական շահերի բախման, հակադրությունների կամ տարակարծությունների իրողությունը: Եթե որեւէ երկու գործիչ կամ պաշտոնյա անձնապես մտերիմ են, մտերիմ են ընտանիքներով, միմյանց հետ ունեն ջերմ հարաբերություն, ապա դա արդյոք նշանակում է, որ նրանք «դատապարտված» են հավերժ նույն կերպ մտածել նաեւ պետական, քաղաքական գործերի, հեռանկարների, անհրաժեշտ քայլերի կամ որոշումների մասին:

Եվ արդյոք անբարոյություն է, եթե անձնական ջերմ հարաբերություն ունեցող մարդիկ այդուհանդերձ տարբեր կարծիքներ ունեն պետական, քաղաքական զարգացումների վերաբերյալ, ունեն հայեցակարգային, մարտավարական եւ ռազմավարական տարբեր պատկերացումներ պետության զարգացման, այս կամ այն խնդրի լուծման հարցում:

Կամ, այդ հարցերում տարբեր կարծիք ունեցող անձինք չե՞ն կարող անձնական մտերմություն եւ ընտանիքներով ջերմ հարաբերություն ունենալ:

Քաղաքական մշակույթի մեղմ ասած հետադիմության եւ ճահճացման վկայություն կարող է լինել այն, երբ անձնական հարաբերությունները բերվում են իբրեւ քաղաքական հարցերում տարբերությունների բացառման վկայություն կամ հիմք:

Օրերս էլ այդ «փաստարկային հիմքն» էր առաջ քաշել նաեւ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, երբ նրան հարցրել էին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ հարաբերության մասին: Կոստանյանը ասել էր, թե Հարությունյանի հետ ունեն քավոր-սանիկական հարաբերություն, կապ, էլ ի՞նչ անձնական հակադրության մասին կարող է լինել խոսքը:

Միայն անձնական հարաբերություններն ու կապե՞րն են Հայաստանի իշխանության ներսում բացառում տարբեր մոտեցումների եւ տարակարծությունների առկայությունը: Այսինքն, անձնական հարաբերություննե՞րն են որոշում Հայաստանի պաշտոնյաների գիտակցությունը, թե՞ գիտակցությունն է որոշում անձնական հարաբերությունների եւ կապերի աստիճանը: Այդ դեպքում գիտակցությունը հատկապես ի՞նչ շեշտադրումով՝ պետական եւ քաղաքական հարցերում միակարծությու՞նն է բերում անձնական հարաբերության ընտրության, թե՞ անձնական հարաբերությունն ընտրվում է գիտակցաբար՝ պաշտոնեական, քաղաքական հարաբերությունը ցեմենտելու համար:

Արդյոք հենց դա չէ պատճառը, որ Հայաստանի իշխող համակարգի տարբեր ներկայացուցիչների դուստրերն ու որդիները ամուսնանում են միմյանց հետ, նույն սկզբունքով ընտրվում է քավորությունը եւ այդպիսի քավոր-սանիկ-խնամիական շղթայով ամրացվում է իշխանությունը, կամ առկա է հենց այդ ակնկալիքը:

Մյուս կողմից, հանրության աչքի առաջ է եղել Աբրահամյան-Ծառուկյան խնամիական դրվագը, երբ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ գործկոմում հրապարակավ «բամփում» էր իր խնամուն: Եվ ինչ, Վիգեն Սարգսյանի կարծիքով, օրինակ, դա նախկին վարչապետի անբարո՞ պահվածք էր:

Վերջին հաշվով, ստեղծվել է մի վիճակ, երբ կամա թե ակամա, բայց ընկերական, բարեկամական, քավոր-սանիկ-խնամիական կապերով իշխող համակարգը կարծես թե զրահապատել է իրեն հանրային հայացքից եւ հարցադրումներից, դրանք անմիջապես դասելով «անձնական, միջանձնային հարաբերությունների դաշտ մտնելու» անթույլատրելի եւ «անբարո» քայլերի շարքն ու այդպիսով հմտորեն խուսանավելով շատ հարցերից: Ընդ որում, կան դեպքեր, երբ հանրությանն այդ ամենի համար մեղադրելով, պաշտոնյաները եւ իշխանության ներկայացուցիչները շատ անգամ փորձում են արդարանալ հենց իրենց «մտերիմ» սուբյեկտի առաջ:

Առհասարակ, «հաց կիսելը» ճակատագիր կիսելու աստիճանի ընկալման է հասցված ընդհանրապես հանրային մտածողության մեջ, ըստ այդմ դա էլ իր հերթին բարձրացնելով բարոյական այն կեղծ նշաձողերի շարքին, որոնք հանրությանն առավել պարկեշտ դարձնելու փոխարեն, դարձնում են առավել «շուստրի», միաժամանակ արգելակելով հանրային մտածողության էվոլյուցիան եւ օգտակար գործողության գործակիցը վերածում կեղծ գործողության գործակցի:

Քաղաքական էլիտայի խնդիրը պետք է լինի հանրությանն ազատել այդ մտածողությունից, ոչ թե հանրությունից պաշտպանվել այդ մտածողությունը հանրության դեմ խաղարկելով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am