Հայաստանի կազմաքանդման նոր փուլը․ հայ ժողովուրդը համաձա՞յն է

Lragir.am-ը գրում է.  Երեւանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Վրաստանի վարչապետը հայտնել է, որ արդյունավետ զրույց են ունեցել «Հարավային Կովկասում նոր խաղաղ նախաձեռնության» վերաբերյալ։ Նոր խաղաղ նախաձեռնությունը ռուս-թուրքական 3+3 հարթակն է, որին Վրաստանը երկար ժամանակ տատանվելուց հետո համաձայնեց միանալ, ապա լղոզված պարզաբանում տվեց այդ կապակցությամբ ԱԳ նախարարի հայտարարությանը։

Ղարիբաշվիլիի Երեւան այցի օրը Զմյուռնիայում Բաքուն, Անկարան ու Թբիլիսին ստորագրել են մաքսային համաձայնություն, հայտարարվել է, քննարկվել են քննարկվել են «Թուրքիա-Նախիջեւան-Ադրբեջան-Վրաստան եւ Բաքու-Թբիլիսի-Կարս միջանցքների զարգացմանը» վերաբերող հարցեր։ Այսինքն, Մեղրիի միջանցքի մասին խոսվում է արդեն որպես կայացած իրողություն, Վրաստանին էլ երաշխիք է տրվում, որ նրա տրանզիտային շահերը կպաշտպանվեն։ Սակայն խնդիրը միայն տնտեսական-տրանզիտային խնդիրները չեն։

Ռուս-թուրքական 3+3 հարթակը Հայաստանն արտատարածքային միջանցքներով մասնատելու եւ ինքնիշխանությունը վերացնելու հերթական ակտն է։ Խոսքը միայն Սյունիքի մարզի մասին չէ, այլեւ՝ ՀՀ այլ տարածքների։ Թե մինչեւ ուր է պատրաստ գնալ Իրանը, որը Ռուսաստանից պահանջում էր դիրքորոշում հայտնել տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխության վերաբերյալ եւ հայտարարում էր, որ թույլ չի տա նման բան, դժվար է ասել։

«Կովկասում նոր խաղաղ նախաձեռնության» մոսկովյան նպատակներից մեկն էլ Իրան-Հայաստան եւ առավել եւս Իրան-Հայաստան-Վրաստան առանցքը թույլ չտալն է, քանի որ դա ուղիղ խոչընդոտ է ռուսական ծրագրերին եւ Ռուսաստանին դուրս է թողնում շրջանից։ Ռուսական քարոզչության ներկայիս թիրախը Հայաստան-Իրան առանցքն է՝ ավանդական սպառնալիքներով։ Փոխարենը, ռուս-թուրք-հրեա «առանցքը» ներկայացվում է որպես անայլընտրանք։ (Հետաքրքիր կլիներ այս կապակցությամբ ռուսանպաստ ուժերի ու զլմ-ների տեսակետը, որոնք տարիներ ի վեր իրենց քարոզչությունը կառուցում էին ինչ որ այլ դասավորության վրա)։

Հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 12-ին՝ Կարսի ռուս-թուրքական պայմանագրի ժամկետի ավարտի նախօրեին Մոսկվայում Պուտինը հանդիպելու է Փաշինյանի հետ։ Դժվար չէ ենթադրել, թե ինչի մասին է լինելու այն՝ Երեւանը պետք է ստորագրի եւ վավերացնի համապատասխան պայմանագրերը՝ «հետխորհրդային Հայաստանի» քաղաքական պատմության վերջին արարը։

Համաձա՞յն է հայ ժողովուրդը, որի՝ «խաղաղ դարաշրջանին տված պողպատե քվեին» հղում են անում ՀՀ կառավարությունը, ՌԴ առաջին դեմքերն ու քարոզչությունը, որպես հակահայ ծրագրերի լեգիտիմության աղբյուր։ Պողպատե քվեն՝ մոսկովյան քվոտաներով խորհրդարանի կազմավորումը հենց դրա համար էր, եւ դրա համար էինք մշտապես նշում, որ խորհրդարան անցած ուժերն ուղիղ ու հավասար պատասխանատվություն են կրում տեղի ունենալիքի համար։

Այս ամիսների ընթացքում խորհրդարանը չդրեց Արցախի ճանաչման, վերամիավորման որոշման իրագործման եւ այլ այնպիսի խնդիրներ, որոնք հնարավորություն կտային մանեւրել ու օգտագործել նոյեմբերի 9-ից հետո եղած եւ նոր առաջացած բավականաչափ հնարավորությունները։ Փոխարենը, խորհրդարանը հաջողությամբ արգելափակեց հայկական իրավունքների ու պահանջների խնդիրը, նոյեմբերի 9-ից հետո փողոցներում ու զլմներում ծավալված նողկալի «ռազբորկաները» տեղափոխելով խորհրդարանի ամբիոն։

Նկատենք՝ հակահայ այս ծրագրերը կարող են միջազգային լեգիտիմություն ստանալ միայն պաշտոնական Երեւանի ստորագրության ու վավերացման դեպքում։ Դա արդեն իսկ վկայում է Հայաստանի նշանակությունը «աշխարհքաղաքական շահերի խաչմերուկում»։ Դա անկման պայման է քաղաքական իրավունքներից հրաժարված երկրի ու ժողովրդի համար, միեւնույն ժամանակ՝ ճեղքման հզոր հնարավորություն։ Դրա համար գիտելիք, սեփական իրավունքների գիտակցում ու այլ որակի մտածողություն է պետք, սեփական իրավունքների համար կռվելու վճռականություն։ Այնպես, ինչպես մեր հազարավոր նահատակները ջարդեցին 3 պետությունների ռազմական արշավը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.