Հիվա՞նդ, թե՞ սիմուլյանտ կալանավորներ...

Քրեակատարողական հիմնարկներում մարդիկ հաճախ են առողջական խնդիրներ ունենում, որոշ դեպքերում՝ կալանքի հետ անհամատեղելի, սակայն դատարանները չեն փոխում նրանց խափանման միջոցները՝ ելնելով առողջական վիճակից։ Կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանը, որը լուրջ առողջական խնդիրներ ուներ, ազատ արձակվեց, երբ վիճակը շատ ծանրացավ, որոշ ժամանակ անց նա վախճանվեց: Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերին» հաց հասցրած Հաց բերողը՝ Արթուր Սարգսյանը, խրոնիկ ծանր հիվանդություն ուներ։ Թեպետ նրանց երկուսին էլ վերջին ամիսներին տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց, սակայն կալանքի տակ երկար մնալն արել էր իր սեւ գործը։ Արթուր Սարգսյանն էլ մահացավ հիվանդանոցում` կալանքից ազատվելուց մի քանի օր անց:

Այժմ ծանր առողջական վիճակում է գտնվում ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։ Նա քաղաքացիական հիվանդանոցում է, բայց դատարանը չի փոխում նրա խափանման միջոցը, վերջին նիստում որոշվեց նշանակել դատաբժշկական փորձաքննություն։ Փորձագետներին առաջադրվելու են հետեւյալ հարցերը. Արմեն Չարչյանն ի՞նչ հիվանդություններով է տառապել կամ տառապում, ինչպիսի՞ ախտորոշմամբ, եւ ի՞նչ վաղեմություն ունեն դրանք, Չարչյանի առողջական վիճակը կալանավորվելուց հետո մինչ օրս բացասական դինամիկա ունեցե՞լ է, թե՞ ոչ, արդյոք նրա հիվանդություններն ընդգրկվա՞ծ են կառավարության համապատասխան որոշման մեջ, որտեղ առանձնացված են պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունները։ Մինչդեռ արյան մեջ շաքարի բարձր պարունակությունը կարող է հայտնաբերվել 5 րոպեում` արյան մեկ անալիզով: Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 13-ին, այսինքն` նա դեռ առնվազն 2 շաբաթ պետք է մնա կալանքի տակ: Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը մեզ տեղեկացրեց, որ դեռեւս չկա փորձաքննության եզրակացությունը` սպասում են։

Հաջորդ անձը, որ առողջական խնդիր ունի, զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանն է` Պատրոն Դավիթը։ Պաշտպանը մեզ ասաց, որ բժշկական գաղտնիքից ելնելով, չի կարող դրանց մասին խոսել։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարել էր ԱԱԾ միջնորդությունը, որով Գալստյանը կալանավորվեց 2 ամսով։

Նախկին գլխավոր դատախազ եւ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը, որը մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնավարման տարիներին ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու եւ կաշառք ստանալու մեջ, կալանքի տակ է մեկ ամիս։ Փաստաբանները պարբերաբար բարձրաձայնում են նրա առողջական վատ վիճակի մասին։ Պաշտպան Սասուն Ռաֆայելյանը մեզ տեղեկացրեց, որ դիմել էին ՔԿՀ-ին՝ միջնորդելով Հովսեփյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, այն բավարարվել է, առաջիկայում հնարավոր է վիրահատեն նրա ականջները։ Լսողության հետ կապված խնդիրներ Հովսեփյանը վաղուցվանից ունի, գումարած դիաբետբ եւ այլ հիվանդությունները:

Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը («Ֆրանկլին Գոնսալես» մականունով) նույնպես կալանավայրում առողջական խնդիրներ է ունեցել։ Նրա պաշտպանը տեղեկացրել էր, որ Սարգսյանին տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց՝ ստացիոնար բուժման կարիք կա։ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, առանձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ մարդու առեւանգում կազմակերպելու մեջ։

Տարածված կարծիքի համաձայն՝ ով հայտնվում է կալանքի տակ, միանգամից առաջ են գալիս առողջության հետ կապված խնդիրներ, եւ շատերը չեն հավատում կալանավորված անձանց հիվանդությունների մասին լուրերին: Նման դեպքերից մեկն էլ հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կալանավորված եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի հետ է կապված։ Հուլիսի 22-ին հրազենով Երեւանի կենտրոնում կրակելուց եւ մարդուն վնասվածք պատճառելուց հետո նրան կալանավորեցին, իսկ կարճ ժամանակ անց տեղեկացանք, որ հայտնվել է կալանավայրերի հիվանդանոցում, ապա տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ hraparak.am