Առաջիկայում մենք ունենալու ենք բախտորոշ ու դժվարին երեք ամիս...

Լragir.am-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրաապետյանը

Պարոն ՀայրապետյանԷրդողանի հետ հանդիպմանը Պուտինն ասել է, որ ռուսթուրքական մոնիթորինգի կենտրոնը տեղակայված է հայադրբեջանական սահմանին։ Ի՞նչ է սա նշանակումփաստորենըստ նրաՂարաբաղ չկա՞։

Իրոք, հայ-ադրբեջանական սահմանին է աշխարհագրորեն գտնվում Ակնան (Աղդամը), ոչ թե ՀՀ-Ադրբեջան սահմանին. Պուտինը չի սխալվում: Արցախի լինել-չլինելու պուտինյան պատկերացման մասին այս արտահայտությունից նման եզրահանգում անել չարժե: Պուտինն առնվազն ենթագիտակցականի մակարդակում, այնուամենայնիվ, ընդունում է, որ Արցախը հայկական է, այլապես կասեր արցախա-ադրբեջանական սահման կամ նման մի բան: Դա խոսում է նաև օրը մեջ ինքնամեկուսացվող ու պարանոյայի նշաններ ցույց տվող Կրեմլի տիրակալի այն վախերի մասին, որ նրան հստակորեն ներշնչեց Արևմուտքը՝ Բայդենի բերանով նրան մի դեպքում «մարդասպան» անվանելով, մյուս դեպքում՝ 3-6 ամիս ժամանակ տալով: Մենք չպետք է մոռանանք, թե ինչպես ռազմական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո Պուտինը բառացիորեն հոխորտաց, որ այլևս որպես այդպիսին «գոյություն չունի ղարաբաղյան կոնֆլիկտ հասկացությունը»: Հիմա նրան հիմնավորապես բացատրել են, որ ոչ միայն կոնֆլիկտը կա, այլև Արցախի կարգավիճակի հարցը, և նա ստիպված դա ընդունել է՝ գող կատվի նման պոչը ետ քաշելով մինչև ինքնամեկուսացում:

Էրդողանն ասել է, որ տարածաշրջանում խաղաղությունը կախված է ՌԴ և Թուրքիայի հարբերություններից։ Ինչպե՞ս եք գնահատում և ինչ ուղերձ ունի այն։

Պուտինյան ՌԴ-ն և էրդողանյան Թուրքիան միջազգային խուլիգաններ են այսօր, ոչ ավելին: Ամենևին էլ նրանց հարաբերություններից չի կախված տարածաշրջանի խաղաղության հարցը. ԱՄՆ նախագահն այսօր Թրամփը չէ, որը թույլ տվեց նրանց գործել այնպես, ինչպես հաջողեցրել էին գործել լենինյան Ռուսաստանն ու քեմալական Թուրքիան: Նրանք ուզում են ցույց տալ, թե իրենցից բան է կախված, իրենք դրական արժեք ու դերակատարություն կարող են ստանձնել միջազգային հանրության համար: Բայց այդ երկու անձինք այլևս անընդունելի են քաղաքակիրթ աշխարհի համար, կարծում եմ՝ նաև իրենց ժողովուրդների համար:

Պուտինն էլ իր հերթին է հայտարարումոր Թուրքիայի հետ բանակցությունները երբեմն բարդ ենբայց վերջնական դրական արդյունքով։ Ինչպե՞ս եք գնահատումիրավիճակը Հայաստանի համար որքանո՞վ կարող է գոհացուցիչ լինել։

Հայաստանի համար որևէ գոհացուցիչ բան ակնկալելն այդ երկու բռնապետների հանդիպումից՝ կնշանակի կորցնել զգոնությունն ու անպատրաստ լինել մարտահրավերներին: Մեր երկրի ներկա վիճակն իհարկե բավականին բարդ է, և ծայրահեղ խոհեմություն է անհրաժեշտ: Ցավոք, այդ խոհեմությունը դժվար թե դրսևորվի, ավելի շուտ կլինի հակառակը՝ լծակների տիրապետող մեր քաղաքական վերնախավերը կրեմլյան հրահանգով շուտով կսկսեն ջլատել Հայաստանը՝ միմյանց հոշոտելով: Եվ գիշատիչների այդ ազգակործան խնջույքի հաշիվը փակողը դարձյալ մեր չարքաշ ժողովուրդը կլինի:

Այս ֆոնին խոսվում է հայթուրքական հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին։ Վաղ չեն արդյոք այս մասին խոսակցությունները։

Հայ-թուրքական հարաբերությունների ստեղծման կամ վերականգնման մասին խոսելը թերևս մի փոքր վաղ է, այսինքն՝ անհնարին, քանի որ դեռ արնահոսում են մեր հավաքական հոգին, մեր երկիրը, մեր մայրերը: Անշուշտ, օգտվելով Հայաստանի ժամանակավոր պարտված ու հոգեբանորեն ընկճված վիճակից և իշխանության անգաղափարայնությունից՝ Թուրքիան և Ռուսաստանը կկամենան արագացնել մի նոր Կարսի պայմանագրի կնքում պարտադրելը հենց իրենց կնքահայրությամբ՝ շրջանցելով այլ խաղացողներին, այսինքն՝ Հայաստանի տարածքի ու շահերի երկկողմ առևտուր իրականացնել: Սակայն, գրեթե վստահ եմ, որ նրանք այլևս անզոր են նման պրոյեկտ առաջ մղելու. Նրանց գնացքը գնացել է: Այժմ կարող են միայն «փոքրիկ» վատություններ անել, ոչինչ ավելին: Առաջիկայում մենք ունենալու ենք բախտորոշ ու դժվարին երեք ամիս…

Մինսկի խմբի համանախագահների այցերը ի՞նչ նոր հնարավորություններ կարող են ստեղծել։

Մինսկի խմբի գործունեության վերագործարկումը հանգեցնելու է Արցախի կարգավիճակի ճանաչման, իսկ առայժմ հուսալի անդորրի վիճակ կապահովի, ինչը թույլ կտա շտկել մեր մեջքը: Սա՛ է մեզ հետաքրքրող հիմնական հնարավորությունը: Եթե առաջիկայում Միջին Ասիայում և Մերձավոր արևելքում իրադրությունը շարունակվի ներկա տեմպերով փոփոխվել, ապա բուն քաղաքական գործընթացները կլինեն երկարատև, և Մինսկի խմբի գլխավոր ուշադրությունն առերևույթ կբևեռվի հումանիտար և մշակութային ժառանգության ոլորտներին, ինչպես նաև մեր երկրի սահմանազատման ու սահմանագծման խնդիրը դուրս կբերվի ռուսական մուրճի և թուրքական սալի արանքից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.