Ռուս-թուրքական հնարավոր գրոհ Հայաստանի դեմ՝ «փոխզիջումային լուծումներ» պարտադրելու

Lragir.am-ը գրում է.  ՌԴ նախագահի խոսնակը հայտնել է, որ «Պուտինն Էրդողանի հետ զրույցի ընթացքում ընդգծել է Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ փոխզիջումային լուծումների անհրաժեշտությունը։ «Ռուսական կողմից ընդգծվել է, որ կողմերը պետք է փոխզիջումային լուծումներ գտնեն տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման եւ սահմանների սահմանազատման հարցով», ասել է Պեսկովը։

«Փոխզիջումային լուծումների» մասին Պուտինը խոսել էր նաեւ հուլիսի 20-ին Ալիեւի հետ հանդիպմանը, երբ հավանություն տվեց Արցախը տարալուծելու Բաքվի ծրագրերին։ Ալիեւն իր հերթին հայտարարեց, որ հանդիպմանը վերահաստատվել են բոլոր համաձայնությունները։ «Փոխզիջումային լուծումների» հարցում Հայաստանը չկա որպես սուբյեկտ, խոսքը Մոսկվայի ու թուրքական կողմի միջեւ որոշ հնարավոր տարաձայնությունների մասին է, որոնք կարող են առաջանալ տեխնիկական հարցերի շուրջ։ Այս հանգամանքն է վկայում հայկական ուղղությամբ Կրեմլի մշակումների մասնակից փորձագետի խոսքը, որ եթե Բաքուն շարունակի այսպես պահել իրեն, Արցախին կտրվի հատուկ կարգավիճակ, իսկ ռուս խաղաղապահներն էլ այնտեղ կմնան հավերժ։

Նկատենք՝ Պեսկովն ընդգծել է, որ փոխզիջումային լուծումները վերաբերում են տրանսպորտային ու սահմանազատման հարցերին, Արցախի խնդրի, քաղաքական կարգավորման վերաբերյալ որեւէ խոսք չկա։ Փոխարենը, Պուտինն ընդունել է Արցախում թուրքական ռազմական ներկայության դրական ազդեցությունը։ Այդ ներկայությունը չի սահմանափակվում միայն Ակնայում հետախուզական կենտրոնի բացմամբ։

Պուտին-Էրդողան հանդիպման եւ դրա արդյունքներով կողմերի հայտարարությունները վկայում են, որ Հայաստանին փորձ է արվելու պարտադրել «փոխզիջումային լուծումներ»։ Մոսկվայի ու Անկարայի «չլուծված հարցերը» միջանցքների, սահմանազատման եւ «խաղաղ պայմանագրի» հարցերն են, ըստ Էրդողանի խոսնակի՝ դրանք «պետք է հաստատի Բաքուն եւ ընդունի Երեւանը»։ Սիրիական Իդլիբում Պուտին-Էրդողան հանդիպումից հետո թուրքական զորքի հետքաշման վերաբերյալ տեղեկատվությունը վկայում է Հայաստանի դեմ համատեղ նոր գրոհի նախապատրաստման մասին։ Նման իրավիճակ էր անցյալ տարվա հոկտեմբերին, երբ Մոսկվան կանգնեցրեց Ասադի բանակի գրոհը Իդլիբում թուրքական դիրքերի վրա, եւ Անկարան Իդլիբում իր զորախմբերը տեղափոխեց Կարս՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։

«Ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական հակասությունների» վերաբերյալ տեղեկատվական վերջին շրջանի հոսքերը հայ հանրությանն ապակողմնորոշելու եւ առաջիկա հնարավոր զարգացումներին Ռուսաստանին արդարացնելու նպատակ ունեն։ Պետք է հասկանալ, որ Ռուսաստանի ռազմավարություններում Հայաստանը չկա որպես սուբյեկտ, որին գումարվում է նաեւ հայկական իշխող խմբերի, քաղաքական, մեդիա-փորձագիտական հանրույթի՝ ազգային օրակարգեր մշակելու եւ խնդիրները խորությամբ դիտարկելու անկարողությունը։ Նույնիսկ ներկայում, երբ ամեն ինչ տեսանելի է ու լսելի։

Տես նաեւ՝ Դեպի Սոչի. Աքարը եւս «բացում» է Հայաստանի դեմ ռուս-թուրքական մոբիլիզացիան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.