Նոր մարտահրավեր իշխանությանը, կամ Ահաբեկչության «մագնիսը»...

Ժիրայր Սեֆիլյանի` երեկ տարածած հայտարարությունը սկզբունքորեն չի տարբերվում նրա նախկին կոչերից, որոնցում, ըստ էության, փորձ է արվում ոչ միայն արդարացնել «Սասնա ծռերի» անցած տարվա գործողությունները, այլ նաև հստակ արձանագրվում է, որ վերանայման ենթակա չէ խմբավորման մարտավարությունը` հիմնված բռնության խրախուսման վրա: «Նկատի ունենալ, որ ցեղասպան ահաբեկիչների և ահաբեկչական գաղութատիրության դեմ արդարացված և անհրաժեշտ են պայքարի բոլոր, այդ թվում՝ բռնությանը բռնությամբ պատասխանելու, մեթոդները»,-ասված է Սեֆիլյանի` «Արմավիր» ՔԿՀ-ից տարածած կոչում: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ աքսիոմ է` ահաբեկչությունն ու բռնությունը ճանապարհ չեն, որի միջոցով երկրում հնարավոր են

որակական փոփոխություններ: Աչքի է զարնում հատկապես Սեֆիլյանի և նրա կողմնակիցների քաղաքական ոչ ադեկվատությունը, որովհետև եթե հասարակությունը արձագանքելու լիներ զինված ապստամբության կոչերին, ապա թերևս ավելի պատեհ առիթ չկար, քան` ՊՊԾ գնդի անցած տարվա իրադարձությունները: Եթե կոնկրետ գործողությունների ժամանակ հասարակությունը չի արձագանքել հեղափոխական կոչերին, ապա այսօր նման հող Հայաստանում բացարձակապես գոյություն չունի: Ավելին, «Սասնա ծռերի» անցած տարվա գործողություններն ավելի են խորացրել հասարակության ապատիան, ինչը մեծապես նպաստեց իշխանության և հասարակության ապրիլի 2-ի կոնսեսուսին: Օբյեկտիվ լինենք` եթե նույնիսկ ոմանք արձագանքեն Սեֆիլյանի կոչին, ապա Հայաստանում միայն ավելանալու է քաղաքականապես մոտիվացված կալանավորների թիվը և խորանալու է հասարակության դեպրեսիվ վիճակը:

Սակայն Սեֆիլյանի նոր կոչի ամենաուշագրավ հանգամանքը ոչ թե դրա բովանդակությունն է, այլ այն, որ դա հաջորդում է ահաբեկչական նոր խմբի բացահայտմանը վերաբերող ԱԱԾ հայտարարությանը և այդ համատեքստում Սերժ Սարգսյան բավականին ուշագրավ ելույթին` ԱԱԾ օրվա առթիվ: Ժիրայր Սեֆիլյանն, ըստ էության, ձեռնոց է նետում Սերժ Սարգսյանին և ԱԱԾ-ին:

Ազատազրկված գործիչը կոչ է անում «ամեն կերպով զորակցել և քաջալերել Ռոբերտ Քուրքյանին և ահաբեկչական գաղութային համակարգի թիրախում հայտնված այլ առաջամարտիկներին»` անուղղակիորեն ստանձնելով ահաբեկչության վերջին փորձի կամ դրսևորման առնվազն քաղաքական պատասխանատվությունը։ Ընդ որում` Ժիրայր Սեֆիլյանը հեռուն գնացող, սակայն ոչ ադեկվատ ու վտանգավոր եզրահանգում է արել ԱԱԾ վերջին հայտարարության առթիվ` պնդելով, թե այն ուզեցել է ցույց տալ, որ «ԱՄՆ-ն ահաբեկչություն արտահանող պետություն է»: Բնավ ցանկություն չունենք արդարացնել

իշխանություններին կամ ԱԱԾ-ին, սակայն այս դեպքում միանգամայն հակառակ պատկերն է, որովհետև ահաբեկչության ռիսկը համագործակցության հեռանկար է բացել Երևանի և Վաշինգտոնի համար, ինչն, ի դեպ, արձանագրված է թե ԱԱԾ-ի և թե Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարություններով: Ի դեպ, այն փաստը, որ ենթադրյալ հանցագործությունը գտնվում է նաև ԱՄՆ պատկան մարմինների ուշադրության

կենտրոնում` հույսեր է ծնում, որ Հայաստանի իշխանություններն այս գործը չեն կարող ծառայեցնել իրենց շահերին կամ համակարգային համատեքստին:

Ցավալին այն է, որ ղարաբաղյան պատերազմի հերոսներից մեկը` Ժիրայր Սեֆիլյանը, հիմա դառնում է այն «մագնիսը», որը դեպի իրեն է ձգում ահաբեկչական հակումներ ունեցող տարբեր մարդկանց ու անհատների:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am